
«Մեր ողջ թիմն այստեղ է, արտերկրից է մարդ եկել, կնոջը թողել է դրսում. Բոլորն էլ թող տեսնեն, որ ուրիշի սարքածը մեզ չվերագրեն». Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության բոլոր պատգամավորները ներկայացել են ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի քննարկումն է, իրենց խոսքը կատարելու համար: Այս մասին նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
«Մեր ողջ թիմն այստեղ է: Արտերկրից է մարդ եկել, կնոջը թողել է դրսում: Բոլորն էլ թող տեսնեն, որ ուրիշի սարքածը մեզ չվերագրեն: Մեր խոսքը միշտ գործ է եղել: Մեզնից ինչ կախված է, որը պետք է ժողովրդին, մենք պատրաստ ենք անել: 31 պատգամավորով այստեղ ենք, մենք կատարել ենք մեր պարտքը»,-ասաց Ծառուկյանը:
Խորհրդարան անցնելու իրենց շանսերի մասի խոսելով՝ Ծառուկյանը նշեց, որ այն կախված է ժողովրդից: Ինչքան կվստահեն, այնքան էլ կտան: «Մենք հետևողական ենք լինելու, մեր ասածներն անելու ենք: Մենք քաղաքականությամբ չենք ապրում, որ դրա հաշվի հեղինակություն ձեռք բերենք»,-ասաց նա ու վստահեցրեց, որ ինքը դուրս է եկել սովորական ընտանիքից և գիտի բոլորի խնդիրները:
Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այն ԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն: