Սերգեյ Բագրատյանը գտել է Լարսի այլընտրանքային ճանապարհը. առայժմ չակերտները չի բացում
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու համար հրավիրել է մասնագետի, որի հետ այս պահին աշխատում են՝ այլընտրանքային ճանապարհը դիտարկելու համար։
Նրա խոսքով, եթե Վրաստանի հետ կարողանան ինքնուրույն լուծել խնդիրը, ապա այդ նոր հնարավորությունը կներկայացնեն ՀՀ կառավարությանը։
«Եթե վրացական կողմը չառարկի այն նոր ճանապարհը, որը մենք տեսնում ենք, ապա մենք նոր ճանապարհ կունենանք։ Եթե նախկինում երկաթգիծը Փոթիից 1 տոննա բեռի արժեքը գնահատում էր 93 դոլար, նոր ճանապարհի դեպքում այդ գումարը կկիսվի։ Սա նշանակում է, որ Լարսին այլընտրանքային ճանապարհներ կան, մենք որպես մասնավոր անձինք՝ շահագրգիռ ենք և տեսնում ենք, որ կարողանում ենք հաջողել այս հարցում: Կարծում եմ՝ երկու պետությունների համապատասխան կառույցների աշխատանքի դեպքում կլինի որոշակի այլընտրանք։ Սա մեզ համար խիստ կարևոր հարց է, որը պետք է ստանա լուծում»,- նշեց Սերգեյ Բագրատյանը։
Ըստ Սերգեյ Բագրատյանի՝ իր հրավիրած մասնագետը բավականին ազդեցիկ կապեր ունի Վրաստանում, որի հետ արդեն պատրաստել են այլընտրանքային ճանապարհի պայմանագիրը և սպասում են, որ վրացական կողմն այն ստորագրի։
Հարցին, թե ինչո՞ւ պետք է Վրաստանը չստորագրի Լարսի այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ պայմանագիրը, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց, որ Վրաստանում առաջացել է շահերի հակադրություն, քանի որ Վրաստանը հայտնվել է միջազգային բոլոր խաղացողների տեսադաշտում։
«Գիտենք, որ Վրաստանում կան ուժեր, որոնք աշխատում են Հայաստանի դեմ, և նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ծրագիրը չաշխատի, քանի որ գտել են Լարսը շրջանցելու հնարավորություն: Տեսնենք, թե ինչպես կստացվի, առայժմ շատ բաներ չեմ ուզում ասել»,- ասաց Ս. Բագրատյանը։
Զվարթ Խաչատրյան