«Երկրորդական հարց են այն մտահոգությունները, թե խորհրդարանում կլինի՞ ընդդիմություն». Հովհաննես Իգիթյան

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց, որ հանրությունն այսօր չի գնում խորհրդարան ընտրելու, ըստ էության, այս ընտրություններն ընթանում են նախագահական կոնտեքստով, և ժողովուրդն ընտրելու է պետության թիվ մեկ դեմքին։ Իսկ նման իրավիճակում մեկը պետք է ընտրվի, և կոմպրոմիս հնարավոր չէ։

«Խորհրդարանական ընտրությունների այս մոդելը մեզ նախկինում տվել է  Հանրապետական կուսակցության մեծամասնությունը։ Սա է Հայաստանի մեծ խնդիրը, համոզված եմ, որ այսօրվա խորհրդարանի մեծամասնությունը կփորձի շտկել այդ հանգամանքը։ Քանի որ, եթե նախկինում ժողովուրդը գնում էր ընտրելու պատգամավորի, որն իր համար ասֆալտ էր սարքում կամ լուծում սոցիալական որևէ խնդիր, ապա այսօր ընտրելու է երկրի առաջին դեմքին։ Այսօր, բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլ քաղաքական ուժ  որևէ այլընտրանքային թեկնածու չի ներկայացնում։

Մինչև այս պահն ասում էին, որ այդ թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է, բայց մենք տեսանք, որ նա նշանակվեց աշխարհի ամենակոռումպացված կազմակերպություններից մեկի նախագահներից մեկը։ Սա՞ էր նրանց թեկնածուն, որի ուշքն ու միտքը եղել է ռուսական կազմակերպություններից մեկում տեղ գտնելը։ Չնայած սա նորմալ եմ համարում, իր շահերն է՝ նորմալ աշխատանք, բարձր աշխատավարձ և այլն»,- ընդգծեց Հ. Իգիթյանը։

Հովհաննես Իգիթյանն ասում է՝  չի հասկանում այն քաղաքական ուժին, որը հայտարարում է, թե պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին։  Նրա բնորոշմամբ, այսպես կառուցողական ընդդիմություն չեն դառնում։

«Իմ կարծիքով՝ երկրորդական հարց են այն մտահոգությունները, թե արդյո՞ք խորհրդարանում կլինի ընդդիմություն։ Մենք գտնվում ենք հեղափոխական իրավիճակում, երբ մեզանում դասական ձևով կազմվի մոդելը, ապա ընդդիմությունը կձևավորվի նույն շարժումից, ինչպես որ եղել է 1988 թվականի Արցախյան շարժման ժամանակ, երբ ամենամեծ ընդդիմադիր ուժերը, ի դեմս Վազգեն Մանուկյանի կուսակցության, ծնվել են հենց շարժման մեջ»,- ասաց Հ. Իգիթյանը։

Դիտարկմանը, թե չկա՞ն մտավախություններ, որ առանց ընդդիմության՝ քաղաքական դաշտն ու իշխանությունները կլճացվեն, Հովհաննես Իգիթյանը նկատեց՝ լճացումը լինում է այն ժամանակ, երբ իշխանությունը մոնոպոլիզացնում է ոչ միայն բուն իշխանությունն ու նրա թևերը, այլև՝ արհամարհում է ժողովրդին և նրան թույլ չի տալիս մասնակցել իշխանության ձևավորմանը, ինչը եղել է վերջին 20 տարիների ընթացքում։

«Կրկնում եմ Սահմանադրության հեղինակներից մեկի՝ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի խոսքը, որ սխալվել են, և այս Սահմադրությունն ուղղված էր  կուսակցական օլիգարխիային։ Իհարկե, այս դեպքում ընդդիմություն չէր կարող լինել, այստեղ իշխանության ընդդիմությունը ժողովուրդն էր, այն, որ մենք տեսանք ապրիլին։ Այսօր ընդդիմությունը ժողովուրդն է, որ ցանկանում է ակտիվ ձևով մասնակցել իշխանության ձևավորմանը»,- նշեց Հովհաննես Իգիթյանը։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե սեպտեմբերի վերջին Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված օպերատիվ կապը կարո՞ղ է որևէ կերպ անդրադառնալ սահմանային իրավիճակի վրա, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ այդ պայմանավորվածությունը դիտարկում է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների ներքո։

«Մենք նոր չենք ճանաչում Ադրբեջանին, պարզ է, որ կարող է և՝ չգործի այս պայմանավորվածությունը, բայց եթե միջազգային տեսանկյունից նայենք, ապա Հայաստանի կողմից արված այդ քայլը կընկալվի դրական ձևով, հատկապես՝ հետագայում, եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները։ Այս դեպքում Հայաստանը հարցն առնվազն կարող է բարձրացնել Մինսկի խմբի շրջանակներում և միջազգային կազմակերպություններում, քանի որ ագրեսիվությունն արդեն ուղղակի ձևով կապված չէ Արցախի հիմնահարցի հետ»,- եզրափակեց Հ. Իգիթյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս