«Թեկուզ երեք փսլնքոտ, բայց` մերը». Դավիթ Գասպարյան

«Հեղափոխություններն իրենցից հետո ձևավորում են օրինաչափություններ, առաջին օրինաչափությունը հետևյալն է՝ թեկուզ երեք փսլնքոտ, բայց` մերը։ Միշտ այսպես է եղել՝ նորերը եկել են իշխանության և իրենց շուրջը հավաքել են իրենց ընկերներին ու մարդկանց։ Նույնիսկ բոլշևիկների մոտ, երբ 20-ականներին հաջորդեցին 30-ականները, ասացին՝ եղբայր, արդեն ժամանակն է, որ մեր փսլինքը սրբել սովորենք։

Իսկ հեղափոխության երկրորդ օրենքը հետևյալն է՝ խելոքները մտածում են կյանքը փոխելու մասին, նվիրյալներն իրականացնում են կյանքի փոփոխությունը, սրիկաները՝ վայելում հեղափոխության պտուղները։ Մեր հեղափոխությունը դեռ հեռու է այս քայլից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին և կառավարության կադրային քաղաքականությանը։

Ըստ նրա, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ կա բարիկադներ կառուցելու և քանդելու ժամանակ, տեղին էր ասված, քանի որ կա պայքարի և կա հաշտության ժամանակ։

«Հաշտության ժամանակը մղում է շուրջդ նայելուն, կադրեր գտնելու՝ ոչ միայն յուրայիների, այլև մասնագետների շրջանում։ Այս առումով հավանություն եմ տալիս Արթուր Մեսչյանին Երևանի գլխավոր ճարտարապետ նշանակելու որոշմանը։ Կարծում եմ՝ տարիներ առաջ նա այս գործին եղել է, հետո դուրս եկել»,- ընդգծեց գրականագետը և հավելեց, որ շատ է հավանում Արթուր Մեսչյանի կառուցած Մատենադարանի երկրորդ մասնաշենքը և Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։

Անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակմանը, Դավիթ Գասպարյանն ասաց, որ Հունան Պողոսյանը գեներալ-լեյտենանտ մարդ է և երկար ճանապարհ է անցել ոստիկանական համակարգում, և իշխանափոխությունից հետո նրան նշանակել են Սյունիքի մարզպետ, այստեղ որևէ վատ բան չկա։

«Ես այս նշանակումն էլ եմ ողջունում, քանի որ մարդն իրեն համակարգի մեջ է դրսևորում։ Վատ, կոռուպցիոն համակարգում, ուզի, թե՝ ոչ,  նա դառնում է այդպիսին, առողջ համակարգում տվյալ մարդը կդրսևորի իր առողջ կողմերը։ Այս տեսանկյունից եմ ես դիտարկում և կարծում եմ՝ նմանօրինակ նշանակումներ առաջիկայում շատ պետք է արվեն»,- շեշտեց Դավիթ Գասպարյանը։

Ըստ նրա, կան խնդիրներ, որոնք ստիպում են խոսել, օրինակ, Կրթության ազգային ինստիտուտը նախկինում տպագրել է 10 ամսագրեր՝ հասցեագրված դպրոցներին։

«Նախկին կառավարությունն այնպես արեց, որ թղթային տպագրություն չլինի, և անցնեն էլեկտրոնայինի, բայց գոնե դրա վրա կանգնեցին։ Եկել են նոր ժամանակներ, և այդ հարցն առ այսօր լուծում չի գտել։ Մի գեղեցիկ օր ինձ մոտ՝ խմբագրություն եկավ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, նրան ներկայացրեցի խնդիրը, նա էլ, թե՝ կքննարկենք։ Մեկ ամիս անց հիմնարկում ընդանուր հավաք եղավ, այնտեղ էլ հասկացանք, որ գործն ընթացքի մեջ է, բայց այսպե՞ս։ Իհարկե, հեղափոխության գնացը շառաչով գնում է և երբեմն մանրամասներ չի նկատում, բայց բոլոր գերատեսչություններն ունեն իրենց պատասխանատուները»,- նշեց Դավիթ Գասպարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս