Ահազանգ. Սեպտեմբերյան տխուր ցուցանիշների մասին

ՀՀ վիճակագրական կոմիտեն երեկ հրապարակեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, կազմել է ընդամենը 0.2%։ Հիշեցնենք, որ հուլիսին՝ հուլիսի համեմատ, ՏԱՑ հավելաճը 11.1% էր, սակայն օգոստոսին՝ օգոստոսի համեմատ, նվազեց մինչև 0.6%, իսկ սեպտեմբերին մոտեցավ զրոյին։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, տարվա առաջին 3 ամիսների տպավորիչ աճից հետո՝ ապրիլ և մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, տնտեսական ակտիվության աճը դանդաղեց (մայիսին հասավ 5.4%-ի)։ Շատերը կանխատեսում էին, որ միտումը կշարունակվի, սակայն հունիսին և հուլիսին աճն արագացավ։

2018թ. հունիսին՝ 2017թ. հունիսի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճեց 9.6%-ով, իսկ հուլիսին՝ հուլիսի համեմատ, հասավ 11.1%-ի։

Սակայն օգոստոս և սեպտեմբեր ամիսների դինամիկան կրկին նվազեց. տնտեսական ակտիվության աճը նախ օգոստոսին հասավ 0.6%-ի, իսկ սեպտեմբերին, ինչպես նշեցինք, 0.2%-ի։

Առանց խորը վերլուծություն անելու էլ երևում է, որ հունիս-հուլիսյան աշխուժացումը ժամանակավոր և օրինաչափությունից դուրս միտում էր և պայմանավորված էր առավելապես բուքմեյքերական ընկերությունների շրջանառության կտրուկ աճով (Ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին խաղադրույքների ծավալն աճեց՝ աճեցնելով նաև ծառայությունների ոլորտի ցուցանիշը)։

Հիմա տնտեսությունը այդ ժամանակավոր ակտիվացման «դոզայից» դուրս է գալիս։

Չնայած օգոստոս և սեպտեմբեր ամիսների նվազմանը՝ ընդհանուր հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով տնտեսական ակտիվության հավելաճը դեռ բավականին բարձր է՝ 6.5%, ինչը պայմանավորված է տարվա առաջին ամիսների առաջանցիկ ցուցանիշներով։ Սակայն, եթե վերջին եռամսյակում միտումը պահպանվի, ապա տարվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը և տնտեսական աճի ցուցանիշն ավելի ցածր կլինեն։ Հիշեցնենք, որ 2018թ. պետբյուջեով՝ այս տարվա համար ի սկզբանե կանխատեսվում էր 4.5% տնտեսական աճ։ Իսկ կառավարության ամենաթարմ կանխատեսումների համաձայն (որոնք տեղ են գտել 2019թ. պետբյուջեի նախագծում)՝ այս տարվա համար կանխատեսվում է 6.5% աճ։

Սեպտեմբերյան ցուցանիշների վատթարացման գլխավոր «մեղավորը» գյուղատնտեսության ոլորտն է։ Գյուղոլորտի արտադրանքն այս տարվա սեպտեմբերին կազմել է 130.4 մլրդ դրամ, ինչը 17.7%-ով ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի ցուցանիշից։

Սակայն սեպտեմբերին մտահոգիչ դինամիկա է ունեցել նաև արդյունաբերությունը՝ նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է ընդամենը 0.9%։ Սեպտեմբերին անկում չի գրանցվել միայն ծառայությունների և առևտրի ոլորտների բարձր աճի շնորհիվ, որն էլ մասամբ պայմանավորված է ստվերի կրճատմամբ։

Տխուր ցուցանիշներ ունենք նաև արտաքին առևտրի ոլորտում։ Այս տարվա սպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ, արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 3.6%-ով և կազմել 583.5 մլն դոլար։ Այդ թվում, ինչն ավելի ցավալի է, արտահանումը նվազել է 14.8%-ով (ծավալը՝ 186 մլն դոլար), իսկ ներմուծումն աճել է 2.7%-ով (ծավալը՝ 397.5 մլն դոլար)։ Իսկ ընդհանուր՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով, արտաքին առևտրի պատկերն այսպիսին է. արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (հունվար-սեպտեմբեր) համեմատությամբ աճել է 22.4%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 11.6%-ով, ներմուծումը՝ 28.6%-ով:

Ինչի՞ մասին են խոսում այս թվերը

Բնականաբար, այս թվերը որևէ գործող կառավարության գոհացնել չեն կարող։ Այդ իսկ պատճառով, եթե իշխանություններին մոտ կանգնած որոշ տնտեսագետներ հուլիսին գրանցված 11.1%-անոց տնտեսական ակտիվության աճը ներկայացնում էին նոր կառավարության գործունեության արդյունք, այժմ պասիվացել են, որովհետև նույն տրամաբանությամբ սեպտեմբերյան դանդաղումն էլ պետք է կապեն նոր կառավարության գործունեության հետ։

Իրականում, սակայն, ինչպես հաճելի, այնպես էլ ներկայումս գրանցվող տհաճ ցուցանիշները մեծ հաշվով նոր կառավարության հետ կապ չունեն, քանի որ տնտեսությունը դեռ շարժվում է իներցիայով, և նոր կառավարությունն ըստ էության շարունակում է նախորդի տնտեսական քաղաքականությունը։ Անկումը հիմնականում ունի օբյեկտիվ պատճառներ. արդյունաբերության դանդաղումն ու արտահանման նվազումը պայմանավորված են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտով (Հայաստանից ԱՄՆ ալյումինի արտահանման կրճատում՝ «Ռուսալի» նկատմամբ պատժամիջոցների պատճառով, Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցում, և այլն)։

Սակայն այս թվերը պետք է մտահոգեն կառավարությանը, որովհետև ամեն ինչ կարող է շատ ավելի վատանալ։ Այն, ինչ այսօր տնտեսության մեջ ունենք, նախկինում ձեռնարկված ներդրումների արդյունք է։ Իսկ այսօր Հայաստանում ներդրումներ գրեթե չեն կատարվում, տնտեսությունը սպասողական վիճակում է, ինչի մասին խոստովանում են հենց կառավարության անդամները։ Ու եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ներդրումներն անգամ կտրուկ աճեն, դրանց ազդեցությունը կզգացվի, լավագույն դեպքում, ամիսներ անց։ Սա նշանակում է, որ հաջորդ տարվա առաջին կեսին մենք, մեղմ ասած, լավ ցուցանիշներ չենք ունենալու։

Եվ երկրորդ, այս ցուցանիշները հերթական անգամ ցույց են տալիս, թե Հայաստանի տնտեսության մեջ ինչ կարևոր դեր է խաղում հանքարդյունաբերությունը (հատկապես՝ մետաղական) ու դրա հետ կապված ճյուղերը՝ որքան էլ որոշ մարդիկ դա փորձեն անտեսել։ Ոչ ՏՏ ոլորտը, ոչ ժամանակակից գյուղատնտեսությունն ի վիճակի չեն կարճաժամկետ հեռանկարում փոխարինել հանքարդյունաբերությանը։ Փոխարենը, եթե, օրինակ, Ամուլսարի ծրագրի հետ կապված խնդիրներ չստեղծվեին, ապա ընկերությունն արդեն կսկսեր ոսկի արդյունահանել ու արտահանել՝ բարելավելով թե՛ արդյունաբերության, թե՛ արտահանման, թե՛ շինարարության ու հարակից ոլորտների, թե՛ ընդհանրապես տնտեսական ակտիվության ցուցանիշը։

Սա նշանակում է, որ կառավարությունը որպես ահազանգ պետք է ընդունի այս ցուցանիշներն ու շատ հարցերում վերանայի իր մոտեցումները։

Տեսանյութեր

Լրահոս