Արդյո՞ք «հեռացող դեսպանի հեռացող ուղերձ» էր. Միլսն առաջինը չէր
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, թե առանց ԼՂ «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձի հնարավոր չի լինի կարգավորել ԼՂ հակամարտությունը, մեծ աղմուկ է բարձրացրել հայաստանյան հասարակության շրջանում, սոցիալական հարթակներում, փորձագիտական հանրության շրջանում և քաղաքական շրջանակներում: Հայաստանյան հասարակությունը հասկանալիորեն զգայուն է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ենթադրվող փոխզիջումների, հատկապես՝ տարածքային զիջումների հարցի վերաբերյալ, այդ զգայունությունն էլ ավելի է խորացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո, ինչը, հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության բարդ պատմությունը և ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը, ավելի քան հասկանալի է:
Սակայն, ի գիտություն ընդունելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հակամարտության պատմությանը ծանոթ որևէ գործչի համար անակնկալ հայտարարություն չի արել, ավելի ուշագրավ են այն արձագանքները, որոնք հնչում են քաղաքական շրջանակներից, այն շրջանակներից, որոնք կոչված են որոշում կայացնել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Միլսի վերոնշյալ հայտարարությանը՝ ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Շարունակելով, Փաշինյանն ասել է. «Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ»։
Ուորլիքի 6 սկզբունքները` ԱՄՆ քաղաքականության հիմք
Ռիչարդ Միլսի հայտարարության արձագանքների ֆոնին հարկ է հիշեցնել ԱՄՆ դեսպանների և համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի դիրքորոշմանը, որը վերջին անգամ ամենից մանրամասն նկարագրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից:
Ի դեպ, այդ դիրքորոշումից և հակամարտության կարգավորման մաս կազմող սկզբունքների հանրայնացումից հետո հերքումներ չեն հնչել համանախագահ մյուս երկրների դիվանագետների կողմից, այսինքն` սրանք համաձայնեցված սկզբունքներ էին, որոնք արտահայտված էին եղել ավելի վաղ արված հայտարարություններում:
2014 թվականի մայիսի 7-ին Միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամում իր ելույթի ժամանակ համանախագահ Ուորլիքը ներկայացրել էր «հաստատված» փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնք, նրա խոսքով, բոլորն էլ հանրայնացվել են՝ նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այդ սկզբունքներն ու տարրերը, Ուորլիքի համաձայն, կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:
Ըստ նրա, առաջին. Լեռնային Ղարաբաղի պատմության լույսի ներքո, կողմերը պետք է որոշեն ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում երկկողմ համաձայնեցված և իրավականորեն ամրագրված կամարտահայտության միջոցով: Սա պարտադիր է: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր լուծում: Երկրորդ. Ուորլիքի խոսքով, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից դուրս գտնվող տարածքները, որոնք չեն գտնվում Բաքվի ենթակայության ներքո, պետք է ստանան միջանկյալ կարգավիճակ, ինչն առնվազն անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կապահովի:
«Երրորդ. Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի»,- նշել էր Ուորլիքը: Չորորդ. ըստ դիվանագետի՝ պետք է լինի Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք: Այն պետք է բավական լայն լինի` ապահովելու անվտանգ տարանցումը, բայց այն չի կարող ընդգրկել ողջ Լաչինի շրջանը: «Հինգերորդ. Կայուն կարգավորումը պետք է ճանաչի բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների` իրենց նախկին բնակավայրերը վերադառնալու իրավունքը: Վեցերորդ. Կարգավորումը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, ներառյալ՝ նաև խաղաղապահ գործողությունը: Չկա սցենար, որով խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ ձևավորված խաղաղապահ գործողության, որը պետք է վայելի բոլոր կողմերի վստահությունը»,- ներկայացրել էր Ուորլիքը:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` 6 կետերը նոր չեն
Հատկանշական է, որ Ուորլիքի այս ելույթն ամենևին էլ անակնկալ չէր եղել ՀՀ ԱԳՆ-ի համար: ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ այդ կետերը նոր չեն: «ԼՂ խնդրի կարգավորման 6 կետերը, որ բարձրաձայնվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից, նոր չեն: Դրանց կարելի է ծանոթանալ համանախագահների հայտարարությունից»,- ասել էր Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Ջեյմս Ուորլիքի հայտարարության իմաստն ու ցանկությունն կայանում է նրանում, որ խնդրի կարգավորման մեջ առաջընթաց արձանագրվի:
«Բոլորի համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է երկու պայման: Պայման, որը կդնի ոչ թե կողմերից մեկը, այլ շատ բնական, տրամաբանական պայմաններ, որոնք առաջընթաց կապահովեն: Առաջին. կողմերի միջև պետք է լինի վստահության մթնոլորտ, առանց որի նմանատիպ բարդ հարցերում առաջընթաց չի կարող լինել: Երկրորդ՝ բանակցային գործընթացում պետք է լիարժեք ներգրավված լինի հակամարտության հիմնական կողմը՝ ԼՂՀ-ն:
Բայց քանի դեռ Բաքուն խոչընդոտում է թե՛ վստահության մթնոլորտի ձևավորմանը, թե՛ բանակցային գործընթացում ԼՂՀ լիարժեք ներգրավմանը, հասկանալի է, որ առաջընթացի հասնելու այդ բարի ցանկությունները, քիչ հավանական է, որ իրականանան»,- ասել էր Քոչարյանը: Հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա կրկին բարձրաձայնվում այդ կետերի մասին, ԱԳ փոխնախարարն արձագանքել էր.
«Դա միշտ օրակարգում կա, հիմա միայն հիշեցում էր: Ոչ թե հիմա է հարցն առաջ քաշվում, այլ Մադրիդյան սկզբունքները վաղուց կան, վաղուց են հայտարարվել միջազգային իրավունքի երեք հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա խնդիրը պետք է կարգավորվի: Առաջինը՝ ուժից կամ ուժի սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում: Այդ երեք սկզբունքից Բաքուն շեշտադրում է մեկ սկզբունք՝ տարածքային ամբողջականությանը, այն էլ՝ աղավաղված: Այսքանը բավական է՝ հասկանալու, թե ով է խոչընդոտը բանակցային գործընթացի առաջընթացի համար»:
««Օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն». Հեֆֆերն
Նույն ժամանակահատվածում Ուորլիքի մոտեցումների այս հատվածը հաստատել էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը: «Այսպես կոչված, «օկուպացված տարածքները» պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»,- գրել էր Հեֆֆերնն իր ֆեյսբուքյան էջում:
2017 թվականին Ջեյմս Ուորլիքին փոխարինելու եկավ Ռիչարդ Հոգլանդը, ով ևս ներկայացրեց ամերիկյան քաղաքականության համար ընդունելի 6 կետերը: Հոգլանդի խոսքով, այս կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը, դրանք հիմնված են Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք էլ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմքում են.
«Սա երկարատև քաղաքականություն է, այն կապված չէ այս կամ այն համանախագահի հետ, սա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Անշուշտ, առաջարկվող ծրագիրն ավելի մանրամասն է և ծավալուն, սակայն սա ցանկացած խելամիտ կարգավորման հիմքն է, և բոլոր կողմերը համաձայն են այս հարցում»:
Ըստ Յովանովիչի` 6 սկզբունքները հիմք են ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման համար
Ավելի վաղ՝ 2010 թվականի դեկտեմբերին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն անդրադառնալով Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը՝ նշել էր, որ նախագահները համաձայնել են` խնդրի վերջնական լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի, Միացյալ ազգերի կազմակերպության կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև՝ նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի` Ակվիլայում և Մուսկոկայում ընդունած համատեղ հայտարարությունների վրա: «Նախագահական այս երկու հայտարարությունները հատկապես կարևոր են ոչ միայն այն պատճառով, որ իրենց մեջ կրում են Հելսինկյան երեք հիմնարար սկզբունքները, այն է` տարածքային ամբողջականության պահպանում, ազգերի ազատ ինքնորոշում և խնդրի խաղաղ կարգավորում, այլև առաջարկում են այն վեց տարրերը, որոնք, մեր կարծիքով, կարող են հիմք հանդիսանալ վերջնական լուծման համար»,- շեշտել էր ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Յովանովիչը:
Գաղտնիք չէ, որ այս թեմայի շուրջ հաճախակի կարծիք է հայտնում նաև ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: 2016 թվականի ապրիլյան պատերազմին հաջորդած The Atlantic Council-ում «Ղարաբաղյան հակամարտությունում խաղաղության երկու անսպասելի առաջարկ» վերնագրով հոդվածում Բրայզան գրել էր. «2007թ. Մադրիդյան անվանումով հայտնի սկզբունքները պարունակում էին հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները, այն է` Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնում բոլոր 7 շրջանները, որ գրավել է Ադրբեջանից 1990-ականներին, Լեռնային Ղարաբաղը ստանում է «միջանկյալ օրինական կարգավիճակ», մինչև վերջնական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով, Ղարաբաղը պետք է ստանա Հայաստանի հետ ցամաքային միջանցք: Ադրբեջանը պետք է վերացներ շրջափակումը, ԼՂ-ի բնակչության անվտանգությունը շփման գծի երկայնքով պետք է ապահովեն միջազգային խաղաղապահները»:
Բրայզան նաև նշել էր, որ սկզբունքները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների երկար տարիների աշխատանքի արդյունք են եղել: