Աշխարհից հետ մնալն ունի նաև առավելություն
Անցած շաբաթ Մեծ Բրիտանայում և Սինգապուրում հայտարարվեց կրթական քաղաքականության մեջ կարևոր փոփոխություններ կատարելու մասին։ Մեծ Բրիտանիայի կրթության տեսչության պետ Ամանդա Սփիլմենը հայտարարեց, որ փոփոխություններ են լինելու դպրոցների տեսչավորման կարգում։
Մինչև այժմ աշակերտների թվանշանները, քննությունների արդյունքները համարվում էին դպրոցը գնահատելու առանցքային բաղադրիչներից մեկը։ Քանի որ քննություններն ու թվանշանները կարևորվում էին, ապա դպրոցները փորձում էին իրենց ջանքերը կենտրոնացնել թեստերի նախապատրաստման վրա։ Տեսչության պետը հայտարարել է, որ այս համակարգը դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին դրել է սթրեսային վիճակում։ Նրանք փորձել են ամեն ինչ անել լավ արդյունքներ ապահովելու համար։
Արդյունքում, դպրոցներում ուսուցման գործընթացը հիմնականում կենտրոնացել է թեստերին նախապատրաստվելու վրա։ Այսուհետ տեսչությունը դպրոցների որակը գնահատելիս հաշվի է առնելու ոչ թե թվանշանները, այլ ուսուցման այն ձևերը, որոնք կիրառում են դպրոցները։ Կարևորվելու է աշակերտներին ուսուցանվող բովանդակության որակը։
Մեծ Բրիտանիայում իրականացված այս փոփոխությունը շատ կարևոր Է Հայաստանի համար։ Բանն այն է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը ցանկանում է դպրոցների ավարտական քննությունները դարձնել միասնական։ Ընդ որում, այդ քննությունների արդյունքների համար դպրոցների տնօրենները, ուսուցիչները պետք է պատասխանատվություն կրեն։ Եթե այս ամենն իրականանա, ապա կա շատ մեծ ռիսկ, որ ավարտական դասարաններում ուսուցիչներն ու աշակերտներն անտեսելու են մնացած առարկաները և կենտրոնանալու են թեստերին նախապատրաստվելու վրա։ Մի խնդիր, որն ըստ Մեծ Բրիտանիայի տեսչության պետի՝ արձանագրվել է իրենց երկրում։
Մյուս կարևոր փոփոխության մասին հայտարարեցին Սինգապուրում։ Մի քանի տարի առաջ Սինգապուրն աշխարհում հայտնի էր՝ որպես խիստ ակադեմիական կրթություն ունեցող երկիր։ Այստեղ կարևորվում էին քննությունները, մրցակցությունը, սելեկցիոն կրթությունը։ Բայց աստիճանաբար Սինգապուրում տեղի ունեցավ փոփոխություն կրթական քաղաքականության ոլորտում։
Օրինակ՝ վերջին տարիներին Սինգապուրում սկսեցին կարևորել ոչ միայն գիտելիքի ուսուցումը, այլև բնավորության ձևավորումը։ Աստիճանաբար ներդրվեցին և ներդրվելու են ծրագրեր, որոնք նպատակ ունեն զարգացնելու աշակերտների անձնային որակները, որոշումներ կայացնելու հմտությունները։ Արմատապես փոխվում է մասնագիտական կողմնորոշման համակարգը։ Հայաստանի դպրոցներում մենք դեռ չենք հասցրել ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգ, իսկ Սինգապուրն արդեն այդ համակարգն արդիականացնում է։
Սինգապուրի մասնագիտական կողմնորոշման ծրագրերում ներկայացվում են ոչ միայն մասնագիտություններ, այլև այնպիսի հմտություններ, որոնք, ըստ հետազոտությունների, առաջիկա տարիներին լինելու են պահանջված։ Օրինակ՝ քննադատական մտածողություն, համալիր խնդիրների լուծում և այլն։
Անցած շաբաթ Սինգապուրի կրթության նախարարը հայտարարեց, որ ուսուցումը մրցակցություն չէ։ Այդ նպատակով այսուհետ Սինգապուրի դպրոցներում աշակերտներին չեն համեմատելու միմյանց հետ։ Աշակերտների առաջադիմության արդյունքները չեն հանրայնացվելու։ Մինչև այժմ հրապարակվում էին աշակերտների առաջադիմության տվյալները, որոնցում երևում էր, թե յուրաքանչյուր աշակերտ առաջադիմության որ մակարդակում է։ Հանվում են նաև 1-ին և 2-րդ դասարանների քննությունները։ Թվանշանները կլորացվելու են, ինչը նշանակում է, որ դրանց կարևորությունը նվազեցվելու է։
Շատ կարևոր է, որ Հայաստանում հետևենք նման զարգացումներին։ Աշխարհի առաջատար երկրներից հետ մնալը մեզ տալիս է որոշ առավելություն։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են աշխատում նորամուծություններն այլ երկրներում, ինչ արդյունքներ են ստացվում, ինչ քայլեր են անում այդ երկրների կրթության պատասխանատուները։ Այդ ամենը մեզ հնարավորություն է տալիս ուրիշների սխալների վրա սովորել և սխալ ուղղությամբ չգնալ։
Այս առումով վերջին տարիներին աշխարհի կրթական համակարգերում նկատվում է մի կարևոր միտում. քննությունների, թվանշանների դերը նվազեցվում է։ Դպրոցները քննությունների միջոցով վերահսկելու մեխանիզմներից աշխարհի շատ երկրներ նահանջում են։ Քննությունների վրա կենտրոնանալը բերում է կրթության գործընթացի նեղացման, անիմաստ սթրեսների և սասանում է դպրոցների առանց այդ էլ վտանգված հեղինակությունը։ Նոր կրթական համակարգերում ավելի շատ կարևորվում է գործնական հմտությունների ուսուցումը, բնավորության ձևավորումը, աշակերտներին հետաքրքրելու մեխանիզմները։ Կրթական ծրագրերի, դասավանդման մոտեցումների բարելավումը շատ ավելի մեծ ազդեցություն կարող են ունենալ կրթության վրա, քան քննությունների խստացումը։