ՀՀԿ-ն բոյկոտի որոշում չունի. Էդուարդ Շարմազանով
«ԱԺ ՀՀԿ խմբակցությունն այլևս մեծամասնություն չէ, մենք խմբակցությունում ունենք ընդամենը 47 պատգամավորներ, իսկ մեծամասնության համար 53 պատգամավոր է պետք։ Նիստը համարվում է կայացած, եթե լինում է 53 պատգամավոր։ Հետևաբար՝ այն լուրերը, թե ՀՀԿ-ն բոյկոտելու է նիստը, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև եթե միայն Փաշինյանի կողմնակիցները հավաքվեն, 53-ից ավելի ձայն ունեն, և նիստը կարող է գումարվել։ Մենք նման հարց չենք քննարկել, որևէ բոյկոտի որոշում չկա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշել է բոյկոտել ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի ընդունման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։
Ըստ նրա՝ Ընտրական օրենսգրքի (ԸՕ) վերաբերյալ ՀՀԿ-ն նույնպես չունի վերջնական որոշում։ Պարզապես, նկատեց նա, այս ԸՕ-ի ոչ թե բովանդակությունը, այլ քննարկման ձևն անհարգալից է Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի նկատմամբ։ Է. Շարմազանովը նշեց, որ դա պետք է կատարվեր նորմալ ընթացակարգով, պետք է լիներ նորմալ քննարկում, պետք է լիներ կոնսենսուս, ոչ թե հապշտապ ու ափալ-թափալ իրականացվեր այդ քննարկումը, այլ իրականացվեր հստակ, ինչպես արվել է նախկին ԸՕ-ի փոփոխություններ դեպքում.
«Այդ մտահոգությունը մենք միշտ ասել ենք՝ նման կերպ Ընտրական օրենսգիրք՝ ձեռքի հետ, ոտքի վրա, ափալ-թափալ չեն ընդունում։ ԸՕ-ն ֆունդամենտալ օրենք է, որի ընդունման համար պետք է լուրջ ընթացակարգ։ Լսումներ եղե՞լ են։ Լսումներ չեն եղել։ Այս 1.5 ամսվա ընթացքում որևէ քննարկում, բացի Պետաիրավական հանձնաժողովի քննարկումից, չի եղել։ Իսկ խմբակցությունների հետ հանդիպումների ֆարսերից բացի, որևէ լուրջ բան դուք տեսե՞լ եք։ Չի եղել։ Իսկ եթե պետք է այդպես հապշտապ բերեն, անցկացնեն, կոնկրետ ես դրան համամիտ չեմ»։
Է. Շարմազանովի խոսքով, երբ Նիկոլ Փաշինյանը պաշարեց ԱԺ շենքը, և որոշվեց դեկտեմբերին գնալ ընտրությունների, ափալ-թափալ ԸՕ-ն բերեցին ԱԺ։
ՀՀԿ խոսնակը կրկնեց, որ կուսակցությունը չունի որոշում՝ բոյկոտել արտահերթ նիստը, և հայտարարեց.
«Ես՝ որպես ԱԺ փոխնախագահ, ոչ թե՝ որպես ՀՀԿ ներկայացուցիչ, իմ դժգոհությունն եմ հայտնում և անընդունելի եմ համարում կառավարության կողմից նման աշխատաոճը՝ արագացված տեմպերով, դակելու միջոցով ԸՕ անցկացնել։ Չի կարելի, սա աշխատաոճ չէ»։
Ամեն դեպքում, հավելեց Շարմազանովը, երկուշաբթի օրվա նիստին ինքը չի մասնակցելու, որովհետև եռօրյա աշխատանքային այցով լինելու է Ռուսաստանում։ Նկատենք, որ Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների առնվազն 3/5-ի քվեն` 63 ձայն։