«Մենք չենք համագործակցելու հին ուժերի հետ». Վարուժան Ավետիսյան

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ արտախորհրդարանական ուժերի հետ կոնսոլիդացիայի մտադրություն ունեցող Գագիկ Ծառուկյանի թիմում հակված են «Սասնա ծռերի» հետ համատեղ մասնակցել ընտրություններին։

«Մամուլում նույն կենտրոնից  պարբերաբար նման տեղեկություններ են հայտնվում:  Մենք չենք համագործակցելու հին ուժերի հետ, իսկ նոր ուժերի հետ իրավիճակը ցույց կտա՝  կբանակցե՞նք, թե՞ ոչ»,- 168.am-ին ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

Ալեք Ենիգոմշյանն էլ հաստատելով գործընկերոջ խոսքը՝ հավելեց. «Նման քննարկումներ չեն եղել: «Սասնա ծռեր» կուսակցությունն այս պահի դրությամբ առանձին է մասնակցելու: Հիմա գրանցման գործընթացում է գտնվում: Ակնկալում ենք, որ մինչև նոյեմբեր ամսվա 3-4-ը սա կավարտվի: Իսկ եթե բացարձակ չսպասված հանգամանքից ելնելով գրանցումը տեղի չունենա, այն ժամանակ մասնակցության այլ ձևերի մասին կմտածենք: Բայց այլ ձևը չի նշանակում, որ ԲՀԿ-ի հետ կլինի»:

«Հնարավո՞ր է՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցեք»` հարցին «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը նույնպես բացասական պատասխան տվեց.

«Չէ, նման բան չկա: Մենք սպասում ենք գրանցմանը, որի դեպքում կուսակցությունն 99 տոկոսով առանձին կմասնակցի»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս