«Պարզապես անհնար էր լռել…»
Թավշյա հեղափոխությունն իրականացրած տաք ու լուսավոր երիտասարդությանն է նվիրել իր նոր՝ «Հեքիաթ հավերժի» բանաստեղծությունների ժողովածուն Սաշը: «Հեքիաթ հավերժի» գրքի բանաստեղծությունները վարակում են իրենց անմիջականությամբ:
Բանաստեղծական ապրումը շիկացած է և տարերային: Տողն այնպես է կառուցված, որ ասես բանաստեղծն այն ուղղել է իր ներաշխարհին. ինքն իր դեմ մենամարտում է և ինքն իրեն հաղթում»,- գրքի նախաբանում գրում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: «Արմենպրես»-ը զրուցել է բանաստեղծի հետ նոր ժողովածուի ու ստեղծագործելու մասին:
Սաշ և «Հեքիաթ հավերժի»
Շատերին է հետաքրքրում, թե ինչու եմ ընտրել «Սաշ»-ը որպես գրական կեղծանուն: Ասեմ, որ «Սաշ»-ը հապավում է: Այնտեղ կա իմ ազգանունը և անվան երկու տառերը:
«Հեքիաթ հավերժի» գիրքը իմ երկրորդ ժողովածուն է: Առաջին գիրքը կոչվում էր «Մենակությունս», այն հրատարակել եմ 2015 թվականին, բայց վաճառքի չեմ հանել, հիմնականում բաժանել եմ իմ հարազատներին, ընկերներին, ծանոթներին, այն մարդկանց, ում համարել եմ պոեզիային ավելի մոտ: Գիրքն ինձ համար ունեցել է երկու հիմնական նշանակություն: Նախ, ես պաշտպանել եմ հեղինակային իրավունքս, երկրորդ, երբ այն տվեցի մարդկանց, բավական հետաքրքիր արձագանքներ ստացա, ինչը և ինձ պարտավորեցրեց էլ ավելի շատ ժամանակ գտնել ստեղծագործելու համար:
Ցավոք, ես ապրում եմ բացարձակ այլ ռիթմով, այլ աշխարհում, ու ափսոսում եմ, որ ամբողջովին չեմ կարող ներդրվել պոեզիայի մեջ: Անկեղծորեն նախանձում եմ այն մարդկանց, ովքեր կարող են դա իրենց թույլ տալ:
Թավշյա հեղափոխության երիտասարդները
Գիրքը նվիրված է թավշյա հեղափոխությունն իրականացրած փայլուն, հանճարեղ, լուսավոր երիտասարդությանը: Անկեղծ ասած, ես նրանց երկա՜ր եմ սպասել: Մի քիչ ավելի շուտ հայտնվեցին, քան կարող էի պատկերացնել: Ես ավելի քան համոզված էի, որ նրանք գալու են, բայց լավագույն դեպքում 5-10 տարուց: Պարզվեց, որ նրանք արդեն մեր կողքին են: Հեղափոխությանն առնչվող մի քանի գործեր կան այս գրքում, որոնք իմ անկեղծ ու անմիջական արձագանքն են կատարվածին:
Կցանկանայի, որ հեղափոխության օրերի ոգևորությունն ու հավատը երբեք չլքեն մեր երիտասարդներին առաջիկա տարիներին նույնպես, երբ հարկ կլինի հաղթահարել բազում դժվարություններ, որոնք բնորոշ են անցումային շրջանին:
Բանաստեղծությունների թեմատիկան
Իմ ստեղծագործության հիմնական մասը կազմում են լիրիկական երբեմն խոհափիլիսոփայական բանաստեղծությունները:
Աշխատել եմ պոեզիայից դուրս թողնել քաղաքականությունը: Իմ ներսում ահավոր շատ էր դառնությունն ու անհամաձայնությունը: Մտածում էի, որ գոնե արվեստը պետք է հեռու լինի այդ ամենից, այն իր հետ պետք է բերի լույս, ջերմություն, սփոփանք: Ու այդպես մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը… Իմ առաջին գործերը քաղաքական թեմաներով ապրիլյան պատերազմի արձագանքներ էին: Պարզապես անհնար էր լռել: Այն ժամանակ պատկերացնել անգամ չէի կարող, որ երբևէ կգրեմ նաև սիրով, հավատքով ու հույսով լցված բանաստեղծություններ:
Ես համակարգված երբևէ չեմ ստեղծագործել: Ստեղծագործել եմ այն ժամանակ, երբ պարզապես չեմ կարողացել չգրել: Գրում եմ հիմնականում, երբ ասելիք ունեմ, թեկուզ մեկ տող, մեկ նախադասություն, որի շուրջ կառուցվում է բանաստեղծությունը: Ցանկանում եմ իմ ընթերցողին հաճելի բանաստեղծական պահեր, հաճելի զգացողություններ:
Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի