«ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը կվերակենդանացնի դասական անիմացիոն ֆիլմերի մեղեդիները
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային 10-րդ կինոփառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել է 5 մրցութային ծրագրում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ», «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։ Փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունու հետ:
– Այս տարի լրանում է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հոբելյանական տասը տարին: Ի՞նչ է արվեստասերներին սպասվում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը:
– Հոբելյանական փառատոնը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ շատերս չէինք հավատում, որ այն մի օր կնշի տասնամյակը: Ի պատիվ մեզ՝ այս տարի նաև հայկական անիմացիայի 80-ամյակն է: Այդ կապակցությամբ հետաքրքրական նախագծով ենք հանդես գալու: Փառատոնի բացմանը, պատվելով մեր 80-ամյա անիմացիայի պատմությունը, վերակենդանացնելու ենք հայկական անիմացիոն ֆիլմերի երաժշտությունները, որոնք կհնչեն դասական ձևաչափով: Դրանք կկատարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Փառատոնի բացման համերգային մասից հետո կցուցադրվի «Մահացել է մարդ» ֆրանսիական ֆիլմը: Այն ներկայացնում է հետպատերազմյան Ֆրանսիայում տեղի ունեցող իրադարձություններն ու վերակառուցման աշխատանքները, որոնք շուտով վերածվում են բանվոր դասակարգի աշխատանքի շահագործման։
-Նշեցիք, որ փառատոնի բացմանը կներկայացվեն հայկական անիմացիոն ֆիլմերի մեղեդիները: Փակագծերը կբացե՞ք: Ո՞ր ֆիլմերի մասին է խոսքը:
-«Փարվանա», «Պույ Պույ մկնիկը», «Ձախորդ Փանոսը», «Կիկոսի մահը»: Ժամանակակից ֆիլմերից անդրադարձել ենք «Անբան Հուռուն», իմ հեղինակած «Ավրորա» ֆիլմի մի հատվածի երաժշտությունը դեռ մշակման փուլում է:
Ինչպես նկատեցիք, ընտրվել են լավագույն ֆիլմերը, որոնք մեր սերունդը լավ գիտի, բայց, դժբախտաբար, նոր սերունդը այնքան էլ քաջածանոթ չէ դրանց: Երաժշտությունը վերակենդանացնելով՝ նպատակ ունենք երիտասարդներին նորովի ներկայացնել դրանք:
-Որտե՞ղ տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը:
– Քանի որ այս տարի վերաբացվեց Կինոյի տան դահլիճը, ինչը կինոգործիչների համար տոնակատարություն է, ուստի մենք որոշեցինք բացումն անել հենց այնտեղ, սակայն ցուցադրություններ նախատեսվում են նաև «Մոսկվա» կինոթատրոնում, առանց որի չենք կարող պատկերացնել մեր փառատոնը, Հայ բարեգործական ընդհանուր միությունում, «Loft»-ում, «Արտ բրիջ» գրախանութ-սրճարանում և այլ վայրերում:
– Փառատոնն այս տարի աննախադեպ է, քանի որ անիմացիոն ֆիլմարտադրողներին հնարավորություն կտա իրենց նախագծերը ներկայացնել Աննեսիի միջազգային շուկայում հնարավոր ֆինանսավորում գտնելու հեռանկարում: Կմանրամասնե՞ք:
-Փառատոնի շրջանակում տարիներ շարունակ կազմակերպում ենք դասախոսություններ, վարպետության դասեր, որոնց միջոցով Հայաստանում ապրող մասնագետները, ուսանողները հանդիպում են միջազգային կինոգործիչների հետ: Ընդլայնվում է նրանց հորիզոնը, ծանոթանում են միջազգային շուկային, ինչը կարևոր է հետագա գործունեության համար: Այս տարին առանձնահատուկ է, քանի որ անցկացվելու է Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագիրն իրականացվում է այն երկրներում, որտեղ անիմացիան կաղում է, որտեղ այն խնդիր ունի, և կինոգործիչները միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն չունեն: Ծրագրի շրջանակում ընտրվում է լավագույն ֆիլմը և հրավիրվում է Աննեսիի միջազգային շուկա: Մեր տվյալներով այդ շուկայում ներկայացված ֆիլմերն իննսուն տոկոսով գործընկերներ են գտել և հաջողել են: Այն ցանկացած երկրում ընդամենը մեկ անգամ է անցկացվում, բայց մենք համոզել ենք կազմակերպիչներին ոչ միայն այս, այլև հաջորդ տարի այն անցկացնել Հայաստանում:
– Պարոն Քասունի, վերջին շրջանում տարբեր կինոգործիչներ, կինոքննադատներ նշում են, որ երիտասարդների ստեղծագործելու ջիղը մեծ է, բայց, միևնույն է, գաղափարները նույնն են, և ոլորտում զարգացում չկա: «ՌեԱնիմանիան» ուղղված է նաև տեղի ֆիլմարտադրողների աշխատանքի խթանմանը, նրանց գործերի ճանաչմանը: Դուք ի՞նչ դրական տեղաշարժ եք տեսնում այս բնագավառում:
– Առաջընթաց միանշանակ կա. երիտասարդների մասնակցությունը փառատոնին տարեցտարի շատանում է, մեծացել է նաև հանդիսատեսի քանակը, հետաքրքրությունն անիմացիոն կինոյի նկատմամբ աճել է:
Այս տարի Հայաստանից ստացել ենք ֆիլմերի հայտեր, և նոր սերունդը բավականին հետաքրքիր լուծումներ է գտել: Նրանք դուրս են եկել դասական անիմացիայի խնդիրներից: Պետք է ընդգծեմ, որ « Animation du Monde»-ը հնարավորություն կտա ձեռք բերել ֆիլմերի միջազգային փաթեթավորման փորձ:
Ըստ իս՝ մենք սցենարի ու պրոդյուսերական խնդիրներ ունենք: Վերոնշյալ ծրագրի խումբը, որը կլինի Հայաստանում, և որի անդամները աշխարհի տարբեր ծայրերում են եղել ու լավագույն փորձագետներն են այս ոլորտում, պատրաստ են աջակցել ու մեկ առ մեկ պատասխանել կինոարտադրողների բոլոր հարցերին:
-Դուք քաջածանոթ եք կինոարտադրության ոլորտի տենդենցներին, նոր գաղափարներին: Ըստ ձեզ՝ Հայաստանում ապրող երիտասարդները մրցունա՞կ են աշխարհում:
– Կարծում եմ՝ մեր երիտասարդները երբեք կաղապարների մեջ չեն եղել: Նրանց ուղղություն տվողներն են կաղապարներով շարժվել: Դուք պատկերացնու՞մ եք նախորդ տասը տարին առանց «ՌեԱնիմանիայի»: Դժվար է, չէ՞… Որքան ֆիլմեր ենք մենք դիտել այդ տարիների ընթացքում, որքան հետաքրքիր կինոարտադրողների հետ ենք հանդիպել. դա հորիզոններ է բացել երիտասարդ ստեղծագործողների առաջ:
Եթե ասում ենք ստեղծագործող, ապա նա չի կարող սահմաններ ունենալ, նա պետք է լինի այնպիսին, որ չկարողանանք իր ետևից վազել, այլ պետք է ձեռքից բռնենք կամ առաջ մղենք նրան: «ՌեԱնիմանիայի» գործունեությունն ուղղված է նման մարդկանց կանաչ ճանապարհ ցույց տալուն:
-Ամեն տարի փառատոնի շրջանակում Հայաստան են գալիս բազմաթիվ հյուրեր: Ո՞ւմ ենք հյուրընկալելու այս անգամ:
-Փառատոնի շրջանակում Հայաստան կգա հայտնի ֆրանսահայ սցենարիստ և ռեժիսոր Ստեփան Կազանչյանը, որը գրել է «Փարիզի հրեշը», Հայաստանում մեծ ճանաչում ունեցող «Տաքսի» ֆիլմերի սցենարները, մեր երկիր կայցելի նաև «DreamWorks» հայտնի կինոընկերության պրոդյուսերներից մեկը, որը վարպետության դասեր կանցկացի անիմացիոն ֆիլմ արտադրելու գաղտնիքների վերաբերյալ:
-Կխնդրեի անդրադառնալ փառատոնի հատուկ մրցանակներին:
– Կա երեք հատուկ մրցանակ, որոնց միջոցով պատվում և մեծարում ենք մեր վարպետներին, որոնց շնորհիվ մենք այսօր ունենք հայկական անիմացիա: Հայկական անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի մրցանակը հանձնում ենք լավագույն անիմացիոն ֆիլմին:
Նրա գործը շարունակած Վալենտին Պոդպոմոգովի մրցանակը տրվում է լավագույն ձևավորում լիամետրաժ ֆիլմի համար:
Ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ դրա սահմաններից դուրս հայկական անիմացիոն կինոն տարածած Ռոբերտ Սահակյանցի անվան մրցանակը հանձնում ենք միջազգային որևէ վարպետի, եթե հրավիրում ենք նման մեկին, որը մեծ լումա է ունեցել համաշխարհային անիմացիայի մեջ:
Հարցազրույցը վարեց Անժելա Համբարձումյանը