«Երբ երաժիշտները սոված են, նրանք երաժշտությամբ չեն ցանկանում զբաղվել. Մեզ մոտ միակ խնդիրը դա է». Վահան Մարտիրոսյան
Le Monde թերթը նրան անվանել է «ֆենոմենալ դաշնակահար»: Մարդ, ով որպես դիրիժոր հաճախ ղեկավարում է նվագախումբը դաշնամուրի առջև նստած՝ իր նվագը լիովին ներդաշնակելով նվագախմբի կատարման հետ: ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը վերջերս է վերադարձել արտասահմանյան հյուրախաղերից: Այս պահին Կամերային նվագախմբի հետ հետաքրքիր համերգային երեկոյի ծրագիր են փորձում. հոկտեմբերի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դաշնակահար Նարե Կարոյանի և սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի հետ ներկայացնելու են ինքնատիպ ստեղծագործություններ: «Արմենպրես»-ի հեղինակային #CultTalk նախագծում Վահան Մարտիրոսյանը պատմում է նվագախմբի առաջիկա ծրագրերի, նոր նվագախումբ ղեկավարելու ու դասական ոլորտի ամենաառաջնային խնդրի մասին:
Նոր համերգաշրջան, նոր ծրագրեր
Այս համերգաշրջանում ներկայացնում ենք ստեղծագործություններ, որոնք հայաստանյան պրեմիերաներ են՝ մեր երկրում երբևէ չեն հնչել: Ինչպես միշտ, նվագախմբի այս տարվա համերգաշրջանում էլ հետաքրքիր համերգներ կան: Մոտակա ժամանակներս նվագախմբի հետ երկու հայտնի հրավիրյալ դիրիժորներ հանդես կգան, երկուսն էլ ֆրանսաբնակ են:
Մեկն ազգությամբ բրազիլուհի է՝ Դեբորա Վալդմանը, շատ երկար տարիներ ճանաչում եմ նրան, աշխատել է Ֆրանսիայի ազգային նվագախմբում (L’Orchestre national de France), եղել է Կուրտ Մազուրի ասիստենտը:
Մյուսը՝ Ալան Պարիսն է, սկսել է իր կարիերան 40 տարի առաջ, արդեն շատ ճանաչված դիրիժոր է, երաժշտագետ է, վարում է բազմաթիվ հաղորդումներ երաժշտության մասին: Այնպես որ՝ այս երկու դիրիժորները գալու են Հայաստան և ղեկավարելու են մեր առաջիկա համերգները:
Բացի այդ, ունենք նաև մի շարք այլ համերգներ, այդ թվում՝ համագործակցություն «Հովեր» երգչախմբի հետ: Նրանց հետ շատ վաղուց սերտ և շատ լավ համագործակցում ենք: Ամանորին ընդառաջ էլ տոնական ծրագիր կառաջարկենք մեր ունկնդրին:
Նվագախումբը՝ Հայաստանից դուրս
Սպասվում են նաև նվագախմբի հյուրախաղերն արտերկրում: Մնում է հասկանալ, թե ով կհովանավորի դրանք: Ֆրանսիայում և Շվեյցարիայում 4-5 համերգով են առաջարկում հանդես գալ: Չի բացառվում, որ համերգներն ավելի շատ էլ լինեն: Մնում է աջակիցներ գտնենք: Պետք է ծրագրերը քննարկենք նաև ՀՀ մշակույթի նախարարության հետ:
Մաեստրոն և երաժշտությունը
Երաժշտության ասպարեզում հայտնվեցի ծնողներիս նախաձեռնությամբ: Մայրս նկատեց, որ մանկական երգեր լավ էի երգում, ինքն էլ երազել է արվեստով զբաղվել, դրա համար ինձ երաժշտական դպրոց տվեց: Այնպես ստացվեց, որ հայտնվեցի ճիշտ մանկավարժի ձեռքում: Երաժշտությունն ինձ ընտրեց և ոչ՝ հակառակը:
Դաշնամուր սկսեցի ուսումնասիրել, որովհետև տանը դաշնամուր ունեինք: Հետո 14 տարեկանում սկսեցի դիրիժորությամբ զբաղվել: Մինչև այդ սովորել եմ նույնիսկ հոբոյ, հայկական շվի նվագել: Կոնսերվատորիայում ընդունվել էի կոմպոզիտորական բաժին, կոմպոզիցիա էի ուսումնասիրում:
Ինձ ավելի շատ էր հետաքրքրում նվագախմբային երկացանկը, դրա համար ընտրեցի դիրիժորությունը, ինձ ավելի մոտ էր այն: Երբ սկսեցի դաշնամուր նվագել, տեսա տարբեր դիրիժորների, տեսա, թե ինչպես են նրանք աշխատում ու ծնողներիս ասացի, որ ուզում եմ դիրիժորությամբ զբաղվել: Նրանք էլ բացատրեցին, որ մինչև դիրիժոր դառնալը պետք է ինչ-որ գործիքի տիրապետել, հետո անցնել դիրիժորության:
Կաենի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը
Կաենի սիմֆոնիկ նվագախմբում որպես գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր իմ վերջին համերգաշրջանն է: Ամբողջ աշխարհում շատ քիչ դիրիժորներ կան, ովքեր 7-8 տարի ղեկավարում են միևնույն նվագախումբը:
Նվագախմբում ամեն ինչ աշխատում է մանդատով, և այն տրվում է երեք տարով: Կաենի սիմֆոնիկի դիրիժորները երկու անգամ էին մինչ ինձ մանդատ հանել՝ 6 տարի էին ղեկավարում, ես արդեն 9 տարի ղեկավարում եմ կոլեկտիվը: Կարծում եմ, որ արդեն շատ երկար է: Ժամանակն է, որ գնամ և ուրիշ նվագախումբ ղեկավարեմ: Առաջարկներ կան, մի քանիսն են, ուսումնասիրում եմ, թե որն է ավելի հարմար: Բայց դեռ մեկ տարի ունեմ:
Լավ երաժիշտներն ու դասական ոլորտի խնդիրը
Հայաստանում կան շատ երաժիշտներ: Դասական երաժշտության ասպարեզում Հայաստանում թիվ մեկ խնդիրը գումարն է: Երբ երաժիշտները սոված են, նրանք երաժշտությամբ չեն ցանկանում զբաղվել: Մեզ մոտ միակ խնդիրը դա է:
Գումար չկա, երաժիշտները նվագախմբերից գնում են այլ երկրներ, այլ մասնագիտությամբ են զբաղվում, ինչը բացասաբար է ազդում ոլորտի վրա:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի