Բաժիններ՝

Թուրքիայում վաղ տարիքում հարկադիր ամուսնությունները հասնում են մինչև 32 տոկոս

Եվրոպական խորհուրդն (ԵԽ) ուսումնասիրել է կնոջ դեմ ուղղված բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման, դրա դեմ պայքարի մասին Ստամբուլի կոնվենցիայի՝ Թուրքիայում կիրառության արդյունավետությունը։

ԵԽ-ն մասնավորապես դրական է գնահատել երկրի օրենսդրության մեջ Ստամբուլի կոնվենցիային համապատասխան փոփոխություններ կատարելու և բռնության դեմ պայքարի ոլորտում Թուրքիայի ջանքերը։

ԵԽ մասնագետների խումբը թեմայի վերաբերյալ Թուրքիայում կատարած ուսումնասիրությունների արդյուքներն ամբողջացրել և հոկտեմբերի 15-ին հրապարակել է զեկույցի տեսքով։

Մասնագետներն արձանագրել են, որ թեև Թուրքիայում կնոջ դեմ ուղղված բռնության և ներընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ որոշակի ակտիվացում է նկատվում, բռնություն կիրառողներն, այնուամենայնիվ, ամենից հաճախ շարունակում են անպատիժ մնալ։ Ուստի Թուրքիային կոչ է արվել ավելի շատ քայլեր ձեռնարկել բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանության և վերաինտեգրման, ինչպես նաև բռնություն կիրառողի նկատմամբ համապատասխան պատժի կիրառման ուղղությամբ։

Զեկույցի համաձայն՝ Թուրքիայում բռնության ենթարկված կանանց շատ քիչ տոկոսն է բողոք ներկայացնում, իսկ բռնաբարությունների կամ սեռական բռնության այլ դրսևորումների դեպքում խնդրի մասին բարձրաձայնող կանանց թիվը շատ ավելի փոքր է։

Եվ մեկ կարևոր խնդիր է վաղ տարիքում հարկադիր ամուսնությունը, որի տարածվածության միջին ցուցանիշը Թուրքիայի հասարակության շրջանում կազմում է 25 տոկոս, իսկ լեռնային բնակավայրերում՝ նույնիսկ 32 տոկոս։

ԵԽ մասնագիտական խումբը նշել է առաջնային կարևորություն ունեցող մի շարք խնդիրներ, որոնց շուտափույթ լուծումը ակնկալվում է Թուրքիայից։ Դրանց թվում են՝  անչափահաս աղջիկներին ստիպողաբար ամուսնացնելու երևույթը որպես հանցանք դիտարկելը,  բռնաբարված աղջիկներին իրենց բռնաբարողի հետ հարկադրաբար ամուսնացնելու դեպքերը կանխելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, սեռական ոտնձգությունները և բռնության փորձը որպես հանցանք դիտարկելը։

CNN Türk

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս