«Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ կարող ենք բալանսավորել իսլամական պետությունների հետ համագործակցությունը». միջազգայնագետ
Հոկտեմբերի 7-12-ը Երևանում ընթացավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը: Ներկա էին անդամ երկրների 80-ից ավելի պատվիրակություններ, դիտորդներ և գործընկերներ:
Արտերկրից Հայաստան ժամանեցին 84 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ 30 երկրների պատվիրակություններ՝ պետության ղեկավարների մակարդակով: Նրանց թվում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախագահությունը Մադագասկարից 2 տարով փոխանցվեց Հայաստանին:
Գագաթաժողովի թեման էր՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի լոգո՝ ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ամփոփելով գագաթաժողովը՝ նշեց. «Գագաթաժողովը շատ կարևոր էր Հայաստանի համար: Մասնակցեցին չորս տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահն ու Կանադայի վարչապետը: Վերջիններն էական ազդեցություն ունեն համաշխարհային գործընթացների վրա, Մեծ Ութնյակի անդամ պետություններ են, Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է:
Եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ տվեց մեզ այս գագաթաժողովը, պետք է սկսենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցելուց, որի համար մեծ ջանքեր թափեցին նախորդ իշխանությունները, որովհետև գործընթացը բավականին վաղ էր սկսվել: 2003թ. Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք բերեց ՖՄԿ-ում դիտորդի կարգավիճակ, իսկ 2008թ. հոկտեմբերին Քվեբեկ-Կանադայի գագաթաժողովում դարձավ ՖՄԿ ասոցիացված անդամ։ Սա մի պլատֆորմ է, որի օգնությամբ կարող ենք բալանսավորել իսլամական պետությունների հետ համագործակցությունը, որոնք ակտիվ աշխատում են Ադրբեջանի հետ, աջակցում միջազգային հարթակներում:
Սա մեզ համար հնարավորություն է, որպեսզի ինչ-որ առումով մեղմենք այդ ազդեցությունը և միջազգային հարաբերություններում բալանսավորենք մեր և Ադրբեջանի դիրքերը»:
Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ակտիվ դերակատարում ունենա այս կազմակերպությունում, համագործակցի անդամ պետությունների հետ՝ Եվրոպայից մինչև Աֆրիկա:
«Համագործակցության տեսանկյունից բոլոր ոլորտներն էլ պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Օրինակ՝ լավ չենք ճանաչում Աֆրիկա մայրցամաքը, մշակույթը, պատմությունը: Հարմար առիթ է: Աֆրիկայի որևէ պետությունում դեսպանատուն էլ չունենք, սա նույնպես կարևոր է: Պետք է զարգացնենք թե՛ տնտեսական, թե՛ մշակութային, թե՛ քաղաքական երկխոսությունը»,- ընդգծեց միջազգայնագետը:
Անդրադառնալով Ջասթին Թրյուդոյին, ով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն այցելած Կանադայի առաջին վարչապետն էր, Սուրեն Սարգսյանը նկատեց.
«Կարծում եմ՝ հիմքը դրված է: Միջազգային հարաբերություններում և քաղաքականության մեջ անձնական հարաբերությունները չափազանց կարևոր են, կարծում եմ՝ Փաշինյանի և Թրյուդոյի ուղիղ և անմիջական շփումը կարող է օգտակար լինել երկու պետությունների համար՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում երկխոսության զարգացման առումով»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիային և այն տեսակետին, թե Արցախի հարցում, հնարավոր է՝ փոփոխություն լինի, միջազգայնագետը նշեց, թե չի կարծում, թե որևէ առաջընթաց կարող է գրանցվել:
«Բանակցային գործընթացն առանձին է, Ֆրանսիան մենակ չէ, ունի գործընկերներ՝ ԱՄՆ-ը և ՌԴ-ն: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկի հետ հարաբերությունների խորացումը կամ սառեցումը որևէ կերպ կանդրադառնա գործընթացի վրա»,- ասաց նա:
Անի Կարապետյան