Անորակ սերմացու ներկրողները շարունակում են ազատության մեջ մնալ
«Անորակ սերմացուն դեռ շարունակում է պահեստներում մնալ, այն ներկրողներն էլ՝ ազատության մեջ: Արդյունքում պատասխան է տալիս տուժող կողմը՝ գյուղացին, որն ի դեպ, շարունակում է սերմացու ձեռք բերել՝ չպահանջելով համապատասխան փաստաթղթեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ շատերը շարունակում են հարևանից կամ կասկածելի անձանցից սերմացու գնել, որի պիտակները կեղծ են, բայց պնդում են, թե ներկրված է Իտալիայից, այնինչ մեզ մոտ է փաթեթավորված:
«Գյուղացին տանում է, ցանում ու բերք չի ստանում: Այս տարի մի ֆերմեր էր դիմել մեզ, ով թուրքական ձմերուկի սերմ էր վերցրել, 50 հեկտարը չորացել էր, որովհետև վարակված են եղել: Պետք է այնպես անենք, որ յուրաքանչյուր ոք պատասխան տա ներկրված ապրանքի համար: Վաճառողը պետք է երաշխավորի որակը»,- ասաց նա:
Հրաչ Բերբերյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի 1000 տոննայից ավելի ձմերուկ է ներկրվել Աստրախանից Հայաստան, հիմա էլ Կրասնոդարից լոլիկ են ներկրում:
Անի Կարապետյան