Հայաստանի հավաքականը պատմություն է կերտում Ջիբրալթարի համար
«Ֆուտբոլ ենք ուզում»,- 65-րդ րոպեից հետո հնչում էր Հանրապետական մարզադաշտում: Ի՞նչ կարելի է ուզել ֆուտբոլից բացի այն դեպքում, երբ Եվրոպայի լիգայի չեմպիոն ունեցող հավաքականը սեփական երկրպագուների աչքի առաջ պարտվում է Ջիբլարթարին: Ոչ, խնդիրը Մխիթարյանը չէ, խնդիրը Մովսիսյանն ու Պիզելին չեն, խնդիրը անգամ հավաքականի դարպասին 11 մետրանոց բերած Հրայր Մկոյանը չէ, խնդիրը հավաքականի ֆուտբոլային, այսինքն՝ հակաֆուտբոլային փիլիսոփայությունն է: Խաղից առաջ մեր ֆուտբոլիստները նշում էին, որ մոռացել են Մակեդոնիայի հետ խաղը և դուրս են գալու մարզադաշտ այս խաղում հաղթելու համար: Խնդիրը գուցե այն է, որ մենք մոռանում ենք այն խաղերը, որտեղ պետք է հաղթեինք: Խնդիրը գուցե այն է, որ մենք մոռանում ենք մեր սխալները և դրանք ուղղելու փոխարեն ավելացում ենք «Ինչպես չպետք է ֆուտբոլ խաղալ» գրքի նոր գլուխները:
Խնդիրը մեր ֆուտբոլիստների որակը չէ: Հայ ֆուտբոլիստները, բնականաբար, մեսսիներ և ռոնալդուներ չեն, բայց մեկ անգամ չէ, որ բոլորս համոզվել ենք, որ իրենց ակումբներում և Հայաստանի հավաքականում հազվադեպ նրանք կարողանում են խաղալ շատ բարձր մակարդակով: Խնդիրը, գուցե, այն է, որ հավաքականի ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ, այլ տարբերակ պատկերացնել հնարավոր չէ:
Նախկինում նշում էին, որ հավաքականի խաղը չի ստացվում, քանի որ հավաքականը ֆուտբոլիստների համար պարզապես աշխատանք էր, այլ ոչ թե արժանապատվության հարց: Հիմա տպավորություն է, որ մեր հավաքականի ֆուտբոլիստները խնդրում են իրենց ուղարկել արձակուրդ: Նրանք այլևս ի վիճակի չեն աշխատել:
Հավաքականի պարտություններից հետո ամեն անգամ գտնում ենք արդարացում՝ ֆուտբոլային բախտ, ոչ լավ եղանակ, մրցակցի ֆանտաստիկ դարպասապահ և այլն: Մեծ ցանկության դեպքում այս անգամ էլ կարող են պատասխանատվությունը գցել այս ամենի վրա, սակայն ո՛չ լրագրողները, ո՛չ մարզիչները, ո՛չ ֆուտբոլիստները ու ո՛չ էլ երկրպագուներն այլևս չեն կարողանում գտնել նոր պատճառ կամ նոր արդարացում:
«Սա միայն մեր ֆուտբոլիստների խաղը չէ, սա մեր ազգի խաղն է։ Սա իրոք մեր ազգի պատվի խաղն է»,- ասում էր հավաքականի մարզիչը խաղից առաջ: Ոչ, սա մեր ազգի պատվի խաղը չէր: Ինչպես երկրպագուներն էին բացականչում՝ սա ֆուտբոլիստների թասիբի խաղն էր: Պետք է միայն հույս ունենանք, որ հավաքականի ֆուտբոլիստների վրա կազդեն մարզադաշտից հնչող «ամոթ»-ները և հաջորդ հանդիպումները կլինեն ոչ թե, գուցե, արդեն անիմաստ 3 միավորի, այլ իսկապես արժանապատվության համար:
Հավաքականը կորցրեց երկրապուգների կողմից տրված հերթական վերջին հնարավարությունը: 40 և ավելի հարված և 0 գոլ: Անգամ առանց 11 մետրանոցի, սա մեղմ ասած վատ արդյունք է: Սա, թերևս, այն է, ինչ կարողացանք անել մենք այս խաղում, որով պատմություն կերտեցինք ոչ թե մեզ, այլ Ջիբրալթարի համար:
Սիրարփի Աղաբաբյան