«Հարմար պահը պետք է ճիշտ օգտագործենք». Սերգո Երիցյանը՝ Ախթալան Ազնավուր անվանակոչելու առաջարկի մասին
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով բնակավայրի անվանակոչման խնդրանքով մշակույթի գործիչները (բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, երգիչներ Լեյլա Սարիբեկյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Գրիգորյանը` Մրո, և ուրիշներ) բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Նրանք խնդրել են քննության առնել Հայաստանի բնակավայրերից Ախթալան Ազնավուր անվանակոչելու իրենց առաջարկը:
Պատմաբան Գևորգ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում անվանափոխության հետ կապված նախաձեռնությունը դրական համարեց, սակայն, նրա դիտարկմամբ, նախքան վարչապետին դիմելը պետք է ժողովրդի կարծիքը հարցնեն:
«Անունը պետք է համահունչ լինի քաղաքի պատմությանը և ներկային: Տարիներ առաջ ձևավորվեց պետական հանձնաժողով, շատ անուններ փորձեցին փոխել: Բայց ամենակարևորը պետական մակարդակով անունը փոխելը չէ: Ժողովուրդը պետք է ցանկանա, ընդունի ու կիրառի, ոչ թե շարունակի հին անունն օգտագործել: Ավելին՝ վերջին տարիներին Ադրբեջանում ծավալուն գրքեր են տպագրվել, որտեղ անդրադառնում են թուրքական անուններ ունեցող բնակավայրերին ու փորձում են ցույց տալ, թե հայերը պետական մակարդակով փոխում են: Ու հիմա, եթե տանք քաղաքի հետ կապ չունեցող անվանում, կնշանակի, որ թուրքական անվանումը պարզապես փոխում ենք, բայց վերականգնելով իսկական անունը՝ ասենք՝ Պղնձահանքը, նշանակում է, որ ունենք պատմական հիմնավորում»,- նշել էր պատմաբանը:
168.am-ը կապ հաստատեց նաև նախաձեռնության հեղինակներից Սերգո Երիցյանի հետ:
– Պարոն Երիցյան, ինչո՞ւ որոշեցիք հենց Ախթալան Ազնավուրի անվամբ կոչելու առաջարկ ներկայացնել:
– Շառլ Ազնավուրը հայ-ֆրանսիական բարեկամության ամենամեծ ջատագովներից էր, իսկ Ախթալան հազար թելերով կապված է եղել ֆրանսիացիների հետ, ովքեր սկսել են պղնձի արդյունահանումը, իսկ 1887-1889 թթ. այստեղ իր առաջին պեղումներն է կատարել ֆրանսիացի աշխարհահռչակ հնագետ Ժակ դը Մորգանը՝ Փարիզում 1889 թվականին հրատարակելով պեղումների մասին գիրք։ Այսինքն, ֆրանսիական հետքը կա, և մենք սա առաջարկելով՝ կարծում ենք, որ հայ-ֆրանսիական բարեկամությունը կպահենք ու կփոխանցենք սերնդեսերունդ:
– Կառավարությունից արձագանքե՞լ են:
– Քանի որ բոլորը զբաղված էին Ֆրանկոֆոնիայով, դեռ արձագանք չկա:
– Պատմաբան Գևորգ Մելքոնյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բնակավայրն ունի հին անվանում, ավելի լավ է այդպես կոչվի, քան նոր անունով:
– Կարելի է տեղանունների վերականգնման հետ կապված սկզբունքն էլ օգտագործել: Բայց նշեմ, որ Լոռվա այս տարածաշրջանում երբեք հայ-ֆրանսիական բարեկամությունը չեն մոռանում: Սա նախկին անվանմանը չի կարող խանգարել: Կարծում եմ՝ հարմար պահը պետք է ճիշտ օգտագործենք: Մենք հին անվանման մասին գիտեինք, գուցե վաղուց պետք է Պղնձահանք կոչվեր, բայց չենք արել, չէ՞:
– Ավելի լավ չէ՞ր լինի ժողովրդի կարծիքը հարցնել, այնուհետև նամակով դիմել վարչապետին:
– Իհարկե, անհրաժեշտ է այդ շրջանի բնակիչների, ավագանու հետ խորհրդակցել: Հիմա մտավորականներն իրենց կարծիքն են հայտնել: Մենք բաց ենք քննարկումների համար, պատրաստ ենք լսել կողմ և դեմ կարծիքներ: Սա զուտ առաջարկ է: Բնակավայրի անվանման փոփոխումը լինում է համապատասխան ընթացակարգով:
– Իսկ բնակավայրերի թուրքական անունները փոխելու նախաձեռնությունը շարունակակա՞ն է լինելու, թե՞ ոչ:
– Կարծում եմ՝ պատմական անունները պետք է վերականգնենք: Բայց, չգիտես ինչու, ասում ենք՝ թող որոշ ժամանակ էլ այսպես մնա, հետո կփոխենք: Պատմությունը պետք է կարողանանք վերականգնել:
Անի Կարապետյան