ԱՄՀ-ն ու ՀԲ-ն մտահո՞գ են ՀՀ նոր իշխանությունների գործունեությամբ
Հայաստանի նոր իշխանությունների գործունեությունը կամ, որոշ դեպքերում, անգործությունն անորոշության են մատնել նաև Արժույթի միջազգային հիմնադրամին ու Համաշխարհային բանկին։ 168.am-ի տեղեկություններով՝ այս կառույցներում մտահոգություն կա Ֆինանսների նախարարության գործունեության կապակցությամբ, քանի որ գործնականում նախարարությունը նվազագույնի է հասցրել նրանց հետ շփումները, մի շարք ծրագրեր, որ դեռ նախկին նախարար Վարդան Արամյանի ժամանակ էին մեկնարկել կամ պատրաստ մեկնարկելու, սառեցվել են, նախարարությունը նաև չի հետևում այս կառույցների խորհուրդներին։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, սակայն, 168.am-ի հետ զրույցում հերքեց, որ մտահոգություններ կան։
«Չգիտեմ՝ կոնկրետ ինչ նկատի ունեք, ինչ մտահոգությունների մասին է խոսքը։ Ինձ հայտնի չէ, որ ԱՄՀ-ն կամ ՀԲ-ն կամ որևէ մեկը՝ որպես ինստիտուտ, մտահոգություն հայտնած լինի»,- ասաց նա՝ առաջարկելով մտահոգվել ոչ թե ԱՄՀ-ի ու ՀԲ-ի արտահայտած մտահոգություններով, այլ սեփական մտահոգությունները սեփական ուժերով փարատել։
«Որևէ խնդիր չկա, ինչպես առաջ էինք հարաբերվում, այնպես էլ հիմա, իրենք էլ, ինչպես առաջ էին վերաբերվում, այնպես էլ հիմա։ Իհարկե, ինչպես բոլորի կողմից, իրենց կողմից էլ կա սպասում։ Սպասում են, որովհետև դա օրինաչափ է, բոլորս գիտենք, որ ինչ-որ ճանապարհ ունենք անցնելու, որ դեռ չենք անցել, և չի կարող գնահատվել՝ որպես ձևավորված կայուն միջավայր։ Դրանից ավելի, որ մտահոգված են, մեր համար դարդ են անում, չկա նման բան»,- հավելեց նախարարը։
Ի պատասխան հարցի, որ Հարկային օրենսգրքի նախորդ փոփոխությունների ժամանակ հավաստի տեղեկություններ էին հայտնվել, որ ԱՄՀ-ն որոշ դրույթներ պարտադրել է ընդունել, ինչպիսի՞ն է այսօր նրանց վերաբերմունքը ՀՕ մշակվող փոփոխություններին, Ա.Ջանջուղազյանն ափսոսանք հայտնեց նման լուրերի շրջանառության համար, որ նախորդի հետ կապված այդպիսի պահանջներ կային և ստիպեցին.
«Ես այնքան եմ ափսոսում, որ դուք այդքան վատ կարծիք ունեք ՀՀ իշխանությունների մասին։ Այսինքն՝ դուք մտածում եք, որ կա՞ այդպիսի ուժ, որ կարող է ստիպել, պարտադրել պահանջներ ունենալ, որոնք չեն բխում ՀՀ շահերից։ Ես իսկապես շատ կհիասթափվեմ, եթե մտածեմ, որ մեր՝ որևէ ժամանակվա իշխանությունները այդպիսի ընկալում ունեն, որ իրենք պետք է գնան այդ պարտադրանքին։ Ինձ հայտնի չէ նման բան։ Ճիշտ հակառակն է։ Բայց, այո՛, եղել է ԱՄՀ-ի առաքելություն մեր խնդրանքով, որտեղ ներգրավվել են լուրջ միջազգային փորձագետներ, որոնք իրականում կարգին աշխատանք են արել և մեզ թողել են հաշվետվություն, իրենց գնահատականը՝ մեր ունեցած հարկային համակարգի, և իրենց պատկերացումները՝ հեռանկարում դրա փոփոխությունների վերաբերյալ։ Բայց, կրկնեմ, չի կարող, որ մեզ պարտադրեն անել ինչ-որ բան։ Դա մե՛ր որոշելիքն է»։