«Պարոն Մալյանը երևի շփոթում է իր՝ ոստիկանապետի խորհրդական եղած ժամանակ եղած և այժմյան վերաբերմունքը». Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բացառում է իշխանության կողմից որևէ ճնշում իրավապահների վրա՝ Մարալիկում տեղի ունեցած միջադեպի հետաքննության հետ կապված։ 168.am-ի հետ զրույցում Ա.Սաքունցը նշեց, որ ոստիկանությունը պատշաճ միջամտել է, ֆիզիկական բռնություններ չեն եղել, իսկ քաղաքացիների կողմից նկարահանմանը խոչընդոտելու փաստն ակնհայտ է և այդ կապակցությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել և մարդկանցից բացատրություններ է վերցրել։

«Իշխանություններին մեղադրելու հանգամանքը տվյալ դեպքում բացառում եմ, որովհետև հենց անձամբ իշխանության ներկայացուցիչն է հայտարարում, որ անկախ նրանից՝ մարդ ադեկվատ է, թե ոչ ադեկվատ, պետք է ունենա իր կարծիքն արտահայտելու, նաև տեղեկություններ ներկայացնելու, տարածելու, ստանալու իրավունքը։ Այսինքն՝ իշխանության պաշտոնական դիրքորոշումն է դա, որը հանձինս Դավիթ Սանասարյանի՝ լսել եմ,- ասաց Ա.Սաքունցը և շարունակեց,- Պարոն Մալյանը երևի շփոթում է իր՝ ոստիկանապետի խորհրդական եղած ժամանակ եղած և այժմյան վերաբերմունքը։ Ժամանակները փոխվել են, և նոր պայմաններում փոխվել է նաև նոր իշխանության մոտեցումը, ու դրա վառ ապացույցը նաև Երևանի ավագանու ընտրություններն էին, որ թաղային հեղինակություններն ու կրիմինալները, մեղմ ասած, շատ զսպված էին, էլ չասեմ, որ որևէ դերակատարում չունեին։ Ես չեմ էլ ուզում փորձել ասել՝ այն ժամանակ ինչո՞ւ էիք լռում։

Դրա մասին չէ խոսքը։ Խնդիրն այն է, որ չկա իշխանության կողմից հրահանգ և չի էլ կարող լինել, և դա փաստել է իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որ չի կարող հրահանգ լինել որոշ անձանց՝ ըստ նրանց քաղաքական դիրքորոշումների կամ հայացքների, ճնշման ենթարկելու, և միայն քրեական հետապնդման ու պատասխանատվության կարող են ենթարկվել մարդիկ, որոնք կատարել են հանցագործություններ՝ կոռուպցիոն, անպատժելի գործողություններ, մարդու իրավունքների դեմ կամ մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող գործողություններ»։

Թե ի՞նչ անելիք ունեն այս իրավիճակում իրավապաշտպանները, Ա.Սաքունցը նշեց, որ, եթե ոստիկանությունը համարժեք իրավական գնահատականներ չտա, իրենք իրենց խոսքը կասեն. «Բայց այս պահին ինձ հասանելի տեղեկությունների համաձայն՝ արվել է այն, ինչ պետք է»։

Տեսանյութեր

Լրահոս