Բաժիններ՝

««ԱդեկվաԴների» վրա հարձակումը կազմակերպված էր. պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է». Նարեկ Մալյան

Երեկ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մի խումբ երիտասարդներ հարձակվել են սոցիալական  ցանցերում հեռարձակվող «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի և նրանց օպերատորի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել հենց ուղիղ եթերում, երբ Ն. Մալյանը և Ա. Դանիելյանը խոսել են մարալիկցիների հետ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ միջադեպի հետ կապված մանրամասները ներկայացրեցին հաղորդման հեղինակները։

Նարեկ Մալյանի խոսքով՝ մոտ 10 օր առաջ Մարալիկի բնակիչներն իրենց տեղեկացրել էին, որ տևական ժամանակ է՝ իրենց համայնքապետարանի աշխատանքները պարալիզացված են, և համայնքապետարանը,  որպես այդպիսին, չի գործում։

«Այստեղ մեր վարչապետը «Սողոմոնյան որոշում» է  կայացրել, քանի որ առաջարկել է համայնքապետարանին, որպեսզի իրենց գործունեությունը տարբեր գյուղապետարաններում իրականացնեն, կրկեսի նման քոչեն մի օր՝ այս գյուղապետարան, մյուս օրը՝ այն։ Այս ամենի արդյունքում պարալիզացվել է նաև մի շարք ինստիտուտների աշխատանքը, ինչպիսին, օրինակ, նոտարի, սոցապի ինստիտուտն է։ Երկու ամիս է՝ համայնքապետարանի աշխատանքն առկախ վիճակում է, քանի որ 15-20 հոգի նրանց աշխատանքին խոչընդոտում է, նույն այն խումբն է, որի հետ բոլորը հասցրեցին ծանոթանալ մեր ուղիղ եթերի ժամանակ։ Մենք համայնքների կյանքին անդրադառնում ենք արդեն երկու ամիս, այցելում ենք տարբեր մարզեր՝ զրուցում տարբեր մարդկանց հետ։ Այս անգամ որոշել էինք այցելել Շիրակի մարզ և երթուղու մասին նախապես հայտարարել էինք»,- նշեց Ն. Մալյանը։

Նա տեղեկացրեց, որ Մարալիկի թեմային անդրադարձել են իրենց հաղորդման ընթացքում, որի թիրախը եղել է ոչ թե մարալիկցին, այլ՝ ՀՀ վարչապետը, որը կայացրել է նման «Սողոմոնյան որոշում», որպեսզի Մարալիկի համայնքապետարանը վարի «քոչվորի» կյանք։

Ն. Մալյանի բնորոշմամբ, նկարահանումների ժամանակ մարալիկցիները շատ ադեկվատ են եղել, սիրով զրուցել են իրենց հետ։ Սակայն նկարահանումների ընթացքում նկատել են, որ իրենց հետևում են «ֆուտբոլի ֆեդերացիայից»։

«Երբ ավարտեցինք նկարահանումները, մեզ մոտեցան երկու հոգի, այնուհետև՝ երրորդը, որն, ինչպես պարզվեց՝ տխրահռչակ Հարություն Ուռուտյանն է՝ նախկինում դատապարտված։ Պահանջեցին, որ անմիջապես լքենք Մարալիկը և ջնջենք այն ամենը, ինչ նկարահանել ենք, նաև նշեցին՝ եթե իրենց պահանջը չկատարենք, ապա Մարալիկից ողջ դուրս չենք գա։ Այդ պահին մենք չգիտեինք, թե նրանք ովքեր են, քանի որ նրանց առաջին անգամ էինք տեսնում։ Արդեն վեց ամիս է՝ մեզ իշխանական, նիկոլփաշինյանական, այսպես ասած՝ «փաշիստ» ֆեյքերով անընդատ գրում են, որ գալու են մեզ սպանեն։ Երբ ուղիղ եթերը միացրեցինք, Հ. Ուռուտյանը մի քանի անգամ հարձակվեց մեր օպերատորի վրա, փորձում էր ջարդել տեսախցիկը, սակայն փորձերն անհաջող անցան։

Նրանք հայտարարեցինք, որ մենք հակահեղափոխականներ ենք, և ասացին, որ մեզ կուղեկցեն Մարալիկի հրապարակ, որտեղ 800 հոգի մեզ հետ հաշվեհարդար կտեսնի։ Ուզում եմ ասել, որ այս մարդիկ որևէ առնչություն չունեն մարալիկցիների հետ, որովհետև մարալիկցիները կարգին ու ադեկվատ մարդիկ են»,- փաստեց Ն. Մալյանը։

Միջադեպին միջամտել է Անիի ոստիկանապետը, որը հաղորդման հեղինակներին հանել է շրջափակումից և տարել ոստիկանական բաժանմունք։ Մալյանի խոսքով՝ միջադեպին միջամտել է նաև ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իրենց վրա  հարձակումը կազմակերպված էր և խուլիգանախմբի հարձակման պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս