ՔՊ-ի ու ՀՀԿ-ի միջև բանակցություններ, հնարավոր է, տեղի ունենան ընդամենը մեկ հարցի շուրջ

Հարցազրույց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ։

– Պարոն Բադալյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի օրը՝ հոկտեմբերի 16, և ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-10։ Ի՞նչ իրավիճակ է քաղաքական դաշտում։

– Քաղաքական դաշտում նախընտական իրավիճակ է, որովհետև արդեն հասկանալի է, որ գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեկտեմբերի 10-ին՝ պլյուս-մինուս։ Այս պահին հասկանալի է, որ ընտրություններում առաջին տեղը կզբաղեցնի վարչապետի ղեկավարած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, և հիմնական պայքարը գնալու է մյուս տեղերի համար, քանի որ Ընտրական օրենսգրքով պետք է առնվազն 4 ուժ ընդգրկված լինի ապագա Ազգային ժողովում։ 2-րդ և 3-րդ տեղերի համար այս պահին կարող է պայքար ընթանալ ԲՀԿ-ի և «Լույս» դաշինքների միջև, եթե նրանք գիտակցեն իրենց պոտենցիալն ու ճիշտ օգտագործեն։ Եթե «Լույսը» ճիշտ օգտագործի իր պոտենցիալը, կվերցնի 2-րդ տեղը, որովհետև նրա գիտակցված պահանջարկն այսօր կա, բայց նրանք պետք է իմանան՝ որն է այդ պահանջարկը, որպեսզի շեշտադրումը հենց դրա վրա կատարեն։

Եթե հաջողվեց իրենց դա պարզել, իսկ դա արդեն տեսանելի է, ապա 2-րդ տեղում կլինի «Լույսը», 3-րդում՝ «Բարգավաճ Հայաստանը»։ 4-րդ տեղի համար պայքար կգնա, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ի, «Սասնա ծռերի» և, միգուցե, ՀԱԿ-ի միջև, և կախված նրանից, թե նրանցից ով կկարողանա ավելի ճիշտ ընտրարշավ իրականացնել և ընտրազանգվածի համար պահանջված քաղաքական բովանդակություն առաջադրել՝ նա էլ կլինի 4-րդ ուժը։ Կարծում եմ՝ այս պահի դրությամբ հիմնական քաղաքական ուժերը դրանք են մնացել, և նրանց միջև կգնա պայքար։ Մյուս ուժերն այնքան քիչ տոկոսներ ունեն, որ դրանց մասին խոսելը գրեթե իմաստ չունի։

– Հանրապետականի ներուժը սպառվա՞ծ է։

– Հանրապետականը ժամանակ ուներ մայիսի 8-ից բարեփոխում իրականացնել կուսակցության ներսում, այսինքն՝ ռեբրենդինգ, բայց մինչ օրս նա ոչ մի բան չի արել դրա համար, և այս պահի դրությամբ այլևս որևէ հնարավորություն չունի հայտնվելու ապագա խորհրդարանում, հատկապես՝ եթե ընտրություններն անցկացվեն փակ համամասնական ընտրակարգով, իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ի մուտքն ապագա խորհրդարան, եթե չասենք՝ անհնար է, ապա խիստ կասկածելի է։ Ապրիլ-մայիսին «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը մերժում էր ոչ թե միայն Սերժ Սարգսյանին, այլև քրեաօլիգարխիկ համակարգը, դրա ներքաղաքական ներկայացուցիչ ՀՀԿ-ին և նրա ղեկավար Սերժ Սարգսյանին։ Սակայն, ինչպես մենք տեսնում ենք, այս պահի դրությամբ հասարակության կողմից մերժված Սերժ Սարգսյանն այդ կուսակցության ղեկավարն է, նշանակում է՝ Հանրապետականն այդպես էլ չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ ապրիլին, և ընդամենը փորձում էր այս կամ այն օրենքի միջոցով երկարաձգել իր ներկայությունն ԱԺ-ում, ինչն արտահայտվեց հոկտեմբերի 2-ին, ինչն է՛լ ավելի բացասական տրամադրությունների հանգեցրեց նրա նկատմամբ։ Եվ կարող ենք եզրակացնել, որ ապագա խորհրդարանում այն այլևս տեղ չի ունենալու։

– Հանրապետականներն այս շրջանում բավականին ակտիվ են միջազգային հարթակներում՝ փորձելով ապացուցել, որ գործում են ի շահ ՀՀ-ի։ Ի՞նչ եք կարծում՝ այս ուղղությամբ ՀՀԿ-ն անելիք ունի՞, հնարավո՞ր է՝ երկխոսություն ծավալվի Փաշինյանի հետ,

հատկապես՝ լուրեր էին շրջանառվում, որ ԸՕ-ում ԱԺ անցնող ուժերի թիվն ավելացվել է հենց Հանրապետականի ներկայությունը խորհրդարանում ապահովելու նպատակով։

– Այս պահի դրությամբ խիստ կասկածելի է, որ Հանրապետականն անցողիկ 4%-ը կհավաքի, եթե չասենք, որ գրեթե անհնար է, չնայած այդ հարցին ավելի լավ սոցիոլոգները կպատասխանեն։ Բայց մեր դիտարկումները ցույց են տալիս, որ, եթե անցողիկ շեմն իջեցվեր անգամ 1%, ապա իրենք այդ 1%-ն էլ ողջ հանրապետությունում չունեն, որ մտնեն խորհրդարան։

Երկրորդ՝ «Քաղպայմանագրի» ու ՀՀԿ-ի միջև բանակցություններ հնարավոր է տեղի ունենան ընդամենը մեկ հարցի շուրջ՝ ԸՕ-ի և հարակից օրենքների արագ ընդունման։ Այլ հարցի շուրջ Հանրապետականի հետ բանակցելն անիմաստ է, որովհետև ՀՀԿ-ն այս պահի դրությամբ կառչած է մնում նախաապրիլյան հայաստանյան իրավիճակից և որևէ գործողություն չի անում իր կուսակցությունը բարեփոխելու համար։ Նման պահվածքով կուսակցությունը տեղ չունի ապագա խորհրդարանում։ Եվ ՀՀԿ-ն կորցրեց այն ժամանակահատվածը, որ իրեն տրված էր բարեփոխում իրականացնելու համար, որովհետև եթե մայիսից բարեփոխում իրականացներ, գուցե կրկին շատերը քննադատեին, բայց ընկալելի կլիներ, կհասկանային, որ ամեն դեպքում կուսակցություն է, սխալվել է, բայց փորձում է բարեփոխվել։

Սակայն մենք տեսանք, որ մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը ոչինչ չարեց, իսկ հոկտեմբերի 2-ին փորձեց օրենքների նախագծերով կառչած մնալ իշխանությունից։ Այնպես որ, ՀՀԿ-ն ապագա խորհրդարանում խիստ կասկածելի է, որ կհայտնվի, եթե չասենք, որ, ամենայն հավանականությամբ, չի հայտնվի։ Նրա բարեփոխման հաջորդ փուլը կարող է լինել 1-1.5 տարի հետո, երբ այս Ազգային ժողովը կընտրվի, ու ամբողջ ուշադրությունը կլինի նրա նկատմամբ, իսկ ՀՀԿ-ին ոչ ոք ուշադրոթւյուն չի դարձնի։

ՀՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, կկորցնի իր քաղաքապետերին տարբեր քաղաքներում՝ Արմավիր, Հրազդան, Կապան, Վանաձոր, Գյումրի, նաև խոշորացված համայնքներում, և ՀՀԿ-ն կմնա ընդամենը ակումբային մի ուժ, ինչը նրան միգուցե հնարավորություն տա մի քանի տարի հետո սկսել զրոյից կառուցել այդ կուսակցությունը։ Դրա համար ՀՀԿ-ն միգուցե փորձի մասնակցել ԱԺ ընտրություններին, բայց հաջորդ ընտրություններին։

– Դեկտեմբերի ընտրությունները վստահության քվե՞ կլինեն, թե՞ իրականում ընտրությունների արդյունք կունենանք։

– Դա կախված է այլ կուսակցությունների կողմից իրականացվող ընտրարշավից։ Եթե ՔՊ-ին մրցակից այլ կուսակցությունները գիտակցեն, թե ինչ բան է ընտրական արշավը, և պահանջված բովանդակություն առաջարկեն էլեկտորատին, ապա դա կլինի, իրոք, գիտակցված ընտրություն տարբեր գաղափարաքաղաքական ուղղությունների միջև։ Եթե իրենց պահեն այնպես, ինչպես պահեցին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, այսինքն՝ իրականացնեն սխալ ընտրարշավ, բնականաբար, այս ընտրությունները ևս կվերածվեն վստահության հանրաքվեի, որովհետև ՔՊ-ն ամեն ինչ կանի, որպեսզի այդ ընտրությունները լինեն վստահության հանրաքվե, հատկապես, եթե լինեն փակ համամասնական ընտրակարգով, ցուցակը գլխավորի Նիկոլ Փաշինյանը, որն իր բարձր վարկանիշը կներդնի ամեն գնով կուսակցության համար հաջորդ խորհրդարանում 70% քվե ապահովելու համար։

Բայց եթե հատկապես «Լույսը» գիտակցի իր առաքելությունն այս պահին և այն ճիշտ օգտագործի, ապա էլեկտորատը կունենա գիտակցված ընտրության հնարավորություն։ Այսինքն՝ դա կախված է մյուս ուժերից։

Ի դեպ, դա վերաբերում է նաև նորաստեղծ «Սասնա ծռեր» կուսակցությանը, Հայ ազգային կոնգրեսին։ Եթե չգիտակցեն, գնան սխալ ճանապարհով, ապա ընտրությունները կվերածվեն վստահության հանրաքվեի։

Մենք տեսնում ենք մի բան, որ ռուսական կողմն այս պահի դրությամբ փորձում է գաղափարաքաղաքական հենքը տեսնել խորհրդարանում, և նրանք սկսում են ակտիվացնել կապը ԲՀԿ-ի հետ, ի տարբերություն ՀՀԿ-ի։ Արդեն տեսանելի է, որ ռուսական կողմը փորձում է մոբիլիզացնել ՀՀ-ի ռուսամետ ընտրազանգվածին։

Այսինքն, այսպես թե այնպես, այդ փորձը կատարում է։ Կհաջողի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել, բայց եթե հաջողի, կարող է ինչ-որ չափով գաղափարական բնույթ կրող ընտրության վերածվել։ Իսկ եթե մյուս ուժերն ակտիվ լինեն, ապա համարժեք ծրագրերով կվերածեն գաղափարական ընտրության, եթե իհարկե, համարժեք լինեն։

Տեսանյութեր

Լրահոս