«Երախտագիտությունս եմ հայտնում նաև այս երկրին, այս ժողովրդին մեծ հյուրընկալություն կազմակերպելու համար». Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ

Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆոստեն-Արկանժ Տուադերայի համար մեծ պատիվ է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Երևանում գտնվելը:   Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության  նախագահ գագաթնաժողովի ելույթի ժամանակ իր  երախտագիտությունը և հիացմունքը հայտնեց Հայաստանի Հանրապետությանը:

«Հայաստանի Հանրապետությունը համաձայնեց իր հարկի տակ հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովը: Երախտագիտությունս եմ հայտնում նաև այս երկրին, այս ժողովրդին մեծ հյուրընկալություն կազմակերպելու համար»,-ասաց Ֆոստեն-Արկանժ Տուադերան:

Նրա խոսքով՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը մեծ է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության համար, հատկապես համերաշխության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակույթների և լեզվական բազմազանության  հաստատման, թվային տեխնոլոգիաների ներդրման, սոցիալ-քաղաքական իրավիճակի կարգավորման գործում:

«Այս 17-րդ գագաթնաժողովի թեման և կարգախոսը՝ «Ապրել միասին», իսկապես հույս է ներշնչում, հատկապես՝ երիտասարդության զարգացմանն ուղղված ծրագրերը պետք է կարևորվեն Կենտրոնական Աֆրիկայում»,-նշեց Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահը:

Նա նաև իր խորին ցավակցությունը հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս