«Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր». Միկայել Ժան

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն այն կարծիքին է, որ Հայաստանն ու հայոց հողը կարող են դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ: Միքայել Ժանը նման կարծիք հայտնեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում: «Հայոց հողը՝ հույսի և հիշատակի հողը,  կարող է դառնալ երիտասարդության և հույսի խորհրդանիշ, ինչի իրականացումը կախված է ձեզանից»,- դիմելով ներկաներին՝ նշեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Նրա խոսքով՝ Հայաստանի հողի վրա ամեն ինչ պարտավորեցնում է հիշել և հիշատակել: Միկայել Ժանը շեշտեց, որ այս պահին մտքերով Հայոց ցեղասպանության բոլոր նահատակների հետ է, ինչպես նաև այն մարդկանց, որոնց հաջողվել է փրկվել ու ողջ մնալ:

«Հայաստանն այսօր կենդանի է և հարուստ: Հայաստանը հարուստ է իր սփյուռքով, որ տարածված է աշխարհով մեկ: Շառլ Ազնավուրն էլ այդպիսի մի հայ էր: Այսօր Հայաստանում է  Ֆրանկոֆոնիայի աշխարհը 5 մայրցամաքներից: Մեզ համար մեծ երջանկություն է հյուրընկալվել այստեղ: Ամեն ինչ հայոց հողում մեզ պարտավորեցնում է հիշատակել, միևնույն ժամանակ ամեն ինչ մեզ պարտավորեցնում է սթափ լինել»,- ընդգծեց Միկայել Ժանը:

 

Տեսանյութեր

Լրահոս