Բաժիններ՝

Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է Քվեբեկի ցանկացած համալսարանում սովորելու 10 կրթաթոշակ

Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Հայաստանի ուսանողները հնարավորություն կունենան սովորել Քվեբեկի ցանկացած համալսարանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը:

«Ֆրանկոֆոն մի քանի պետությունների հետ ունենք միջպետական համաձայնագրեր, որոնց շրջանակում իրականացնում ենք ուսանողների փոխանակում: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շնորհիվ Քվեբեկի համապատասխան գերատեսչության կողմից Հայաստանի ուսանողների համար առաջարկվել է 10 կրթաթոշակ: Ի դեպ, բացարձակ կապ չունի, թե ինչ ծրագրով՝ բակալավրի, մագիստրոսի, թե այլ: Սա, առայժմ կլինի մեկանգամյա միջոցառում, սակայն այն կդառնա լավ հիմք, որ սրա հիման վրա կառուցենք հետագա համագործակցությունը»,-ասաց նախարարի տեղակալը:

Արևիկ Անափիոսյանը տեղեկացրեց, որ Ֆրանսիայի հետ փորձում են համաձայնություն ձեռքբերել՝ կապված Հայաստանի կրթական հաստատություններին աջակցելու հետ: Փորձում են հասկանալ, թե Ֆրանսիայի կառավարությունը ինչ ներդրում կարող է ունենալ Հայաստանում կրթական երկու հաստատությունների՝ Ֆրանսիական համալսարանի և ֆրանսիական դպրոցի զարգացման համար:

Նախարարի տեղակալը նշեց, որ «Ալյանս Ֆրանսեզը» ֆրանկոֆոնիայի շրջանակում ուսուցիչների համար կազմակերպել է ֆրանսերեն լեզվի մասնագիտական զարգացման դասընթացներ: Առաջարկվել է դասընթացներ անցկացնել նախարարության որոշ աշխատակիցների համար, ովքեր ունեցել են համապատասխան մակարդակի գիտելիքներ:

«Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել Ֆրանկոֆոն երկրների տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ, ձեռք են բերվել համագործակցության պայմանավորվածություններ ինչպես բուհական, այնպես էլ դպրոցական մակարդակում: Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն համալսարանների ներկայացուցիչներ, որոնց հետ ունենք նախնական պայմանավորվածություն՝ մեր բուհերի համապատասխան ֆակուլտետների ու ամբիոնների հետ աշխատելու համար»,-ասաց Արևիկ Անափիոսյանը: Նա տեղեկացրեց, որ այս օրերին Ֆրանսիայից Բելգիայից մի շարք այլ երկրներից նաև մասնավոր այցերով տարբեր բուհերից ներկայացուցիչներ են գալիս Հայաստան և այցելում կրթական հաստատություններ:

Արևիկ Անափիոսյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում է համագործակցության հուշագիր կնքել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս