«Աշխարհը կփլվեր» առանց Եվրամիության. Մոգերինի
Աշխարհը կփլվեր, եթե չլիներ Եվրամիությունը: Այս հայտարարությունն արել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ հոկտեմբերի 10-ին դասախոսությամբ հանդես գալով Ֆինլանդիայում:
«Մի պահ մտածեք այդ մասին: Փակեք աչքերը եւ մի պահ պատկերացրեք, որ Եվրոպական միությունն անհետացել է աշխարհի բեմահարթակից: Ասենք, մեկ ամսով կամ մեկ շաբաթով, նույնիսկ մի քանի օրով: «Աշխարհը պարզապես կփլվեր»,- Մոգերինիի ելույթից մեջբերում է արել Եվրամիության դիվանագիտական ծառայությունը: Նա կոչ է արել «գիտակցել, որ աշխարհը Եվրոպային որպես ելման կետ է նայում» կողմնորոշիչ փնտրելիս:
«Բացառեք բոլոր այն գործողությունները, որ մենք ամբողջ աշխարհում ձեռնարկում ենք որպես Եվրոպական միություն, անդամ պետությունների հետ միասին, լինի դա խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացումը, մարդասիրական գործունեությունը, դիվանագիտությունը, եւ դուք կհասկանաք, որ աշխարհի իրադրությունն, անտարակույս, շատ ավելի վատ կլինի»,- հավելել է նա: Մոգերինիի կարծիքով՝ հարցն արդեն այն չէ, գերտերություն է արդյոք Եվրամիությունը, այլ այն, թե ինչպես օգտագործել այն ուժը, որը նա ունի:
Ավելի վաղ Մոգերինին Եվրամիությունը հայտարարել է համաշխարհային մշակութային գերտերություն՝ նշելով Եվրոպայի արտաքին քաղաքականության այդ ոլորտում փոխգործակցության կարեւոր բաղադրիչը:
«Մշակույթը մեր եվրոպական արտաքին քաղաքականության անկապտելի մասն է: Մենք՝ եվրոպացիներս, ի բնե «մեղմ ուժ» ենք: Եվ նույնիսկ այժմ, երբ մենք ներդնում ենք ավելին, քան երբեւէ, մեր «կոշտ ուժի» զարգացման, մեր եվրոպական պաշտպանության գործում, ինչը երբեմն անհրաժեշտ է, մենք շարունակում ենք մշակութային գերտերություն լինել»,- հայտարարել է: «Եվրոպայի երկրները միշտ էլ գիտակցել են միջազգային մշակութային հարաբերությունների ուժն՝ ամենից առաջ մեր տնտեսությունների համար, բայց նաեւ մեր միջազգային հարաբերությունների համար»,- հավելել է Մոգերինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: