Թեյլոր Սվիֆթը American Music Awards մրցանակ է նվաճել «Տարվա արտիստ» անվանակարգում
Փոփ-երգչուհի Թեյլոր Սվիֆթը American Music Awards երաժշտական մրցանակին է արժանացել «Տարվա արտիստ» գլխավոր անվանակարգում: Պարգեւների հանձնման 46-րդ ամենամյա արարողությունը հոկտեմբերի 9-ին անցկացվել է Լոս-Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) Microsoft թատրոնում եւ հեռարձակվել է ABC հեռուստաալիքի եթերով։
Հիմնական կատեգորիայում մրցանակին նաեւ հավակնում էին հեղինակ-կատարող Էդ Շիրանը, Imagine Dragons խումբը, ռեփեր Փոսթ Մելոունը եւ երգիչ Դրեյքը: Սվիֆթը հաղթել է բոլոր չորս կատեգորիաներում, որոնցում ներկայացված էր, ներառյալ «Լավագույն փոփ/ռոք ալբոմ» (Reputation սկավառակ) անվանակարգը: Լավագույն փոփ/ռոք-կատարող է ճանաչվել Փոսթ Մելոունը: «Լավագույն փոփ/ռոք-դուետ կամ խումբ» անվանակարգում պարգեւին արժանացել է Migos հոփ-կոլեկտիվը, որը կարողացել է առաջ անցնել Imagine Dragons-ից եւ Maroon 5-ից:
Տարվա լավագույն փոփ/ռոք-երգ է դարձել Havana սինգլը՝ Կամիլա Կաբելիոյի եւ ռեփեր Յանգ Թագի կատարմամբ: Վերջին կոմպոզիցիայի հոլովակը նաեւ ճանաչվել է «Տարվա լավագույն տեսահոլովակ»: Իգական սեռի լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող է ճանաչվել Քարդի Բին, որն այս կատեգորիայում առաջ է անցել Փոսթ Մելոունից եւ Դրեյքից: Տարվա լավագույն դեբյուտանտն է դարձել Կամիլա Կաբելիոն, որը հաղթանակ է տարել Քարդի Բիի եո սոուլ-կատարող Հալիդի նկատմամբ:
American Music Awards-ը հիմնվել է 1973 թվականին որպես Grammy մրցանակի այլընտրանք: Պարգեւները շնորհվում են առցանց-քվեարկության արդյունքների հիման վրա, որին կարող են մասնակցել Համացանցի բոլոր օգտատերերը: Անվանակարգորդներին որոշում են ձայնագրությունների վաճառքների ծավալների, տեսահոլովակների դիտումների թվի, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում ակտիվության հաշվառման ճանապարհով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: