Բաժիններ՝

Ճապոնացի միլիարդատերն իր հետ Լուսին կտանի աշխարհը բարելավել ցանկացող մարդկանց

Ճապոնացի միլիարդատեր, հագուստի ընկերության սեփականատեր Յուսակա Մայեձավան Տոկիում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է որ իր հետ Լուսին կտանի ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, որոնք «ցանկանում են բարելավել աշխարհը»: Այդ մասին ՌԻԱ Նովոստիի թղթակիցը հայտնում է Ճապոնիայում օտարերկրյա թղթակիցների մամուլի կենտրոնից:

«Իմ երազանքը խաղաղությունն է ամբողջ աշխարհում: Ես կգտնեմ եւ ինձ հետ կտանեմ այն մարդկանց, որոնք մեծ ցանկություն ունեն իրենց ստեղծագործություններով բարելավել աշխարհը: Եվ, իհարկե, կարեւոր է, որ ինձ էլ դուր գան այդ մարդկանց ստեղծագործությունները: Բայց առայժմ ոչինչ որոշված չէ: Եվ ես դեռ ոչ ոքի որեւէ բան չեմ առաջարկել»,-ասել է գործարարը:

Մայեձավան հայտնի է ոչ միայն որպես հաջողակ ձեռնարկատեր (նրա կարողությունը գնահատվում է 3 մլրդ դոլար), այլեւ որպես մոլի հավաքորդ: Նա բացատրել է, թե ինչու է որոշել իր հետ Լուսին ճանապարհորդության տանել հատկապես ստեղծագործ մարդկանց, ինչպես նաեւ իր վերաբերմունքը արվեստի նկատմամբ: «Արվեստի մեջ բառեր չկան, այն մարդկանց միավորում է առանց ընդհանուր լեզվի: Դրանում բառեր չկան, բայց այն առիթ է ստեղծում նայելու իր հոգու խորքը, մտածել: Դրա համար եմ ես սիրում արվեստը»,-ասել է նա: Լուսնի ապագա զբոսաշրջիկը պարզաբանել է, որ դրանք լինելու են տարբեր երկրների մարդիկ: «Իմ՝ որպես նախագծի տիրոջ ու ղեկավարի խնդիրն է այնպես անել, որպ արվեստի բոլոր մարդիկ խաղաղ, առանց վեճերի կատարեն այդ ճամփորդությունը: Ցանկանում եմ, որ ճանապարհորդությունն ուրախ անցնի»,-ընդգծել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յուսակա Մայեձավան մասնակցելու է Իլոն Մասքի SpaceX նախագծին, որը դեպի Լուսին թռիչք է իրականացնելու 2023 թվականին: Թռիչքը կկատարվի նորագույն եւ աշխարհում ամենահզորը դառնալ խոստացող BFR (Big Falcon Rocket) տրանսպորտային համակարգով, որի կառուցումն արդեն սկսվել է: SpaceX-ի սեփականատիրոջ նախնական գնահատման համաձայն, BFR համակարգի ստեղծումը կնստի ավելի քան 5 մլրդ դոլար: Մայեձավան հայտնել է, որ ինքը դեպոզիտ է ներդրել այդ նախագծում: Ներդրված միջոցների գումարը չի հաղորդվում: Իր հերթին, Մասքն ավելի վաղ հայտնել է, որ Մայեձավայի կողմից ներդրված միջոցները կօգնեն իրականացնել տրանսպորտային համակարգի մշակումը: Սեպտեմբերի 18-ին Մասքի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում Յուսակա Մայեձավան հայտնել էր, որ իր հետ կվերցնի արվեստի տարբեր բնագավառների 6-8 ներկայացուցիչների՝ կինոռեժիսորի, դերասանի, երաժիշտի, նկարչի, լուսանկարչի, հագուստի դիզայների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս