«Նոր Հայաստան ասելով՝ մեր պատկերացումը չպետք է սահմանափակվի միայն հաջորդ հինգ տարիներով». Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը կողմ է, որպեսզի այս տարվա դեկտեմբերին Հայաստանում տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, քանի որ, ըստ նրա, ներքին քաղաքական կյանքը հասել է մի կետի, որտեղ ընտրություններ անկասկած պետք է լինեն։

«Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած իրադարձությունները և դրան հաջորդող բանակցությունների գնահատականները տարբեր են, բայց եթե արդյունքը գնահատենք, ապա պետք է ասենք, որ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածը ինչ-որ ձևով ճանապարհ բացեց, որտեղ տարբեր քաղաքական դեմքեր հասկացան, որ պետք է նստեն սեղանի շուրջ և բանակցեն։ Ուրախ եմ, որ մենք այս քաղաքակիրթ ճանապարհով ենք շարժվում առաջ։ Հուսով եմ, եթե նույնիսկ մինչև վերջնական գործընթացը, երբ արդեն օրենքի ուժով կլինի այն օրը, երբ լիակատար կմոտենանք արտահերթ ընտրությունների սկզբին, այդ ժամանակ ևս կլինեն բանակցություններ, իրար հասկանալով, և պարտադիր չէ, որ համաձայնեն, սակայն կարևորը՝ հասկանան, որ իրենց գործողությունները պետք է լինեն օրենքի շրջանակներում»,- նշեց Թ. Պողոսյանը և նկատեց, որ ցանկանում է այս ընտրությունները տեսնել ազատ, արդար, մրցակցային։

Ըստ նրա, այն քաղաքական ուժերը, որոնք ցանկություն են հայտնելու մասնակցել այս արտահերթ խորհրդարանական ընտրություններին, պետք է սկսեն նախապատրաստել իրենց նախընտրական ծրագրերը։ Իսկ ամենակարևորը՝ պետք է գիտակցեն, թե ինչ են ներկայացնելու հանրության դատին, որպեսզի քվե ստանան։ Այս ամենի արդյունքում էլ կլինեն այլընտրանքներ, որի հիման վրա հանրությունը կանի իր ընտրությունը։

«Հարցերը, որոնք իսկապես շատ կարևոր կլինեն, ինչպես արտաքին ուղղությամբ, այնպես էլ՝ սոցիալ-տնտեսական զարգացումներն են, Արցախի հիմնախնդրի վերաբերյալ նրանց մոտեցումները, և այլն։ Կցանկանայի, որ ինչ-որ կերպ անդրադարձ լիներ հարցին, թե ապագա սերնդի հանդեպ ինչ գործողություններ են պատրաստվում անել, կցանկանամ, որ մենք ավելի շատ նպաստենք հաջորդ սերնդի զարգացմանը, քանի որ Նոր Հայաստան ասելով՝ մեր պատկերացումը չպետք է սահմանափակվի միայն հաջորդ հինգ տարիներով, այլ պետք է ունենանք երկարատև տեսլական»,- շեշտեց Թ. Պողոսյանը։

Անդրադառնալով 168.am-ի հարցին, թե երբ հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ հրաժարական կներկայացնի, և խորհրդարանը կլուծարվի, որպեսզի նախապատրաստվեն արտահերթ ընտրությունների, նրան մոտ կանգնած բազմաթիվ մարդիկ դժգոհեցին, որ չեն ցանկանում, որպեսզի վարչապետը հրաժարական տա, քանի որ մտավախություններ ունեն, վարչապետի հրաժականի դեպքում ի՞նչ անցանկալի սցենարներ կլինեն նոր իշխանությունների համար, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ, եթե վարչապետը հրաժարական տա, և 14 օրվա ընթացքում վարչապետ չընտրվի, ապա դրանից հետո կսկսվի օրենքի ուժով վաղաժամ ընտրությունների կազմակերպումը։

«Մտավախությունն այն է, որ, եթե որևէ մեկը թեկնածու առաջարկի՝ ինչպիսի քաղաքական մթնոլորտ կձևավորվի, բացի այդ, եթե խորհրդարանը քվե տա… Այդ մարդը պետք է բերի նախընտրական ծրագիր, որից հետո խորհրդարանը պետք է քվեարկի, իսկ եթե չի քվեարկում, արդյունքում կրկին ունենում ենք այն, որ վարչապետ չի ընտրվել։

Բայց որևէ մեկը չի էլ ցանկանում, որ այս գործընթացը տեղի ունենա, բոլորիս մոտ էլ կա ցանկություն, որ ինչ որ լինում է, լինի ավտոմատ-տեխնիկական։ Սա է մտավախությունը, այդ պատճառով էլ չեն ցանկանում, որ հրաժարականի խնդիր լինի։ Բացի այդ, եթե վարչապետը հրաժարական է տալիս, ապա ինքն այլևս վարչապետ չէ, և իր պարտականությունները կատարում է առաջին փոխվարչապետը, գուցե սա է նաև վախերի խնդիր առաջացնում, որ մենք այլևս երկու շաբաթ պետք է այլ վարչապետի անուն տանք։

Մյուս կողմից էլ՝ պետք է գիտակցենք, որ, եթե ցանկանում ենք ունենալ արդար և հավասար պայմաններով ընտրություններ, ապա վարչապետը նույնպես հայտարարեց, որ պատրաստ է հավասար պայքարի մեջ մտնել»,- ընդգծեց Թ. Պողոսյանը։
Հարցին, թե արդյոք այս կարճ ժամկետում տեսականորեն հնարավո՞ր է կազմակերպել

արտահերթ խոհրդարանական ընտրություններ, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ ժամկետների առումով որևէ խնդիր չի տեսնում, քանի որ եղել է ժամանակ, երբ ընտրություններին մասնակցող ուժերն իրենց նախընտրական ծրագրի վրա սկսել են աշխատել ընտրություններից մեկ ամիս առաջ։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս