Բաժիններ՝

Հնդկաստանը կշարունակի նավթ գնել Իրանից, չնայած ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներին

Հնդկական ընկերությունները նոյեմբերի 4-ից հետո կշարունակեն անմշակ նավթ գնել Իրանից, չնայած ԱՄՆ-ի հնարավոր առարկումներին ու պատժամիջոցներին: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի նավթի նախարար Դհարմենդրա Պրադհանը:

«Մեզ անհրաժեշտ է բավարարել մեր երկրի պահանջմունքները: Մեր մի շարք ընկերություններ արդեն համաձայնացրել են նոյեմբերի քվոտաները»,- ասել է Պրադհանը Նյու Դելում կայացած էներգետիկական համաժողովի շրջանակներում: Նախարարի խոսքը մեջբերել է NDTV հեռուստաալիքը:

«Մենք ակնկալում ենք, որ աշխարհի ղեկավարները նկատի կունենան մեր պահանջմունքները»,- հավելել է հնդկական գերատեսչության ղեկավարը: Այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մայիսին դուրս եկավ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից եւ հայտարարեց Իսլամական Հանրապետության նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգման մասին, Վաշինգտոնը փորձում է համոզել իր դաշնակիցներին, որոնց թվում է Հնդկաստանը, մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբերի 4-ը լիովին հրաժարվել իրանական նավթի ներմուծումից:

Հնդկական կողմն իր հերթին պնդում է, որ առանց որեւէ փոխարինման այդ ռեսուրսի մատկարարումների դադարեցումը կբերի Հնդկաստանում նավթի գների կտրուկ աճի բարելի դիմաց մոտավորապես 6 դոլարով: Նախօրյակին Reuters գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան կառավարության մի աղբյուրի, հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է Իրանից նավթ ներմուծողների համար պատժամիջոցները թուլացնելու հնարավորությունը, որոնք կրճատում են հումքի գնումները Թեհրանից:

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը դիտարկում է պատժամիջոցների հարցում զիջումների գնալու հնարավորությունը եւ պատրաստ է անհատական կարգով աշխատել այն երկրների հետ, որոնք կրճատում են ներմուծումը: Ավելի վաղ Իրանի ազգային նավթընկերության (NIOC) ղեկավար Աքի Քարդորը հայտարարել է, որ Թեհրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին: Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի արդյունահանումը, «օգտագործելով իր ունեցած բոլոր հզորությունները», եւ երկիրը խնդիրներ չի ունենա նավթի վաճառքից դրամական միջոցների ստացման հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս