ԱՊՊԱ ոլորտի վնասաբերությունն աճել է մոտ 10 տոկոսային կետով
Գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային միջոցների քանակը Հայաստանում 2018 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 502 359: Նախորդ տարվա օգոստոսի 31-ին այդ ցուցանիշը 476 831 էր, այսինքն՝ ԱՊՊԱ ունեցող մեքենաների քանակն աճել է 5.4%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից։
Տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունները միասին կնքել են 540 769 ԱՊՊԱ պայմանագիր՝ նախորդ տարվ նույն ժամանակահատվածի 489 603-ի դիմաց (աճը՝ 10.5%)։
Հաշվետու ժամանակահատվածում հավաքագրվել է 11.3 մլրդ դրամ ապահովագրվաճար՝ 2.4%-ով ավելի, քան 2018 թվականի հունվար-օգոստոսին։ Մեկ պայմանագրի գծով միջին ապահովագրավճարը կազմել է 20 889 դրամ։
Ինչ վերաբերում է հատուցումներին, ապա ԱՊՊԱ համակարգ ներկայացված հատուցման դիմումների քանակը այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 41 587։ Հատուցվել է ավելի քան 8.8 մլրդ դրամ, որը 22.7%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Մեկ դիմումի միջին հատուցման չափը կազմել է 207.4 հազար դրամ։
ԱՊՊԱ ոլորտի վնասաբերությունը (հատուցումների մակարդակը) 2018 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 70.9%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 60.1%-ի դիմաց։
Ինչ վերաբերում է առանձին ընկերությունների կշռին ԱՊՊԱ շուկայում, ապա թե՛ կնքված պայմանագրերի թվով, թե՛ ապահովագրավճարների մեծությամբ՝ առաջատարը Ռոսգոսստրախ-Արմենիա ապահովագրական ընկերությունն է, որին բաժին է ընկնում կնքված պայմանագրերի 24.98%-ը, և ընդհանուր ապահովագրավճարների 26.1%-ը։
Հաջորդը Նաիրի-Ինշուրանսն է՝ կնքված պայմանագրերի 23.7%-ով, և ընդհանուր ապահովագրավճարների 24.9%-ով։
ԱՊՊԱ շուկայում ամենափոքր մասնակցությունն ունի Ռեսոն։ Այս ընկերությանը բաժին է ընկնում պայմանագրերի ընդհանուր քանակի 8.91%-ը, և ընդհանուր ապահովագրավճարների 8%-ը։