Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կարի ձեռնարկություն բացվեց
Այսօր Աշտարակի տարածաշրջանի Ագարակ համայնքում տոնական հանդիսություններով նշվեց համայնքի վերածննդի տասնամյակը: Ամռանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հայ գործարարների հանդիպման արդյունքներով գործարար Հրաչյա Պողոսյանը Ագարակի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի առաջարկով հիմնել է կարի արտադրամաս, որի բացումը տեղի ունեցավ այսօր, իսկ կառուցվող կցաշենքի հիմքում վարչապետն ու բարերարը զետեղեցին հիշողության պատիճ: Կցաշենքը թույլ կտա հետագայում ավելացնել աշխատատեղերը:
Բարերարի հովանավորությամբ՝ Ագարակում բացվեց նաև ԽՍՀՄ հերոս, առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի անվան ռոբոտաշինության դասարան, վերակառուցվել և օծվել է Սուրբ Մարիամ մատուռը, կառուցվել է խաղահրապարակ: Ագարակի կենտրոնում այսօր նաև տեղի ունեցավ «Արարատ 73» հրապարակի հանդիսավոր բացումը, Նիկոլ Փաշինյանը և Հրաչյա Պողոսյանը կատարեցին ծառատունկ:
ՀՀ վարչապետը հայտարարեց, որ այսօր խորհրդանշանակ օր է մի քանի պատճառներով. «Շատերը հարցնում են, թե ինչ է փոխվել վերջին մի քանի ամիսներին ՀՀ-ում: Ով ցանկանում է կտեսնի, որ ՀՀ-ում փոխվել է տրամադրությունը, մարդկանց հայացքներն ու ինքնազգացողությունը, ինքնավստահությունը: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է մեր ժողովդրդի համար ամենակարևորը: Մեր ժողովրդի համար ամենակարևորն իր հպարտությունն ու ինքնասիրությունն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հստակ արձանագրի, որ ինքը հավասար է բոլորի հետ, որևէ մեկը առավել չէ և պակաս չէ: Եվ այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որ ունի առավելություն: Մենք բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք և յուրաքանչյուրս ունենք մեր իրավունքներն ու պարտականությունները: Եվ սա նշանակում է, որ իրական եղբայրություն է հաստատված և մենք իրար ընկալում ենք որպես մի միություն, մի ընտանիք, մի ազգ»:
Ն.Փաշինյանը նշեց, որ 45 տարի է անցել «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակի օրից, և մինչև հիմա հրապարակներ են բացում, հիշում նրանց արցունքոտ աչեքերով, որովհետև «Արարատ 73»-ն իր հաղթանակով նոր ուժ է տվել մեր ժողովրդի հպարտությանը, որ յուրաքանչյուր հայ կարողանա հպարտանալ իիր հայ լինելու համար:
Վարչապետը նշեց, որ երեկ մասնակցել է հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Շառլ Ազնավուրի թաղման արարողությանը, որովհետև նա հայ ժողովրդին մի նոր ուժ ու հպարտություն էտվել, հայի անունը բարձրացերել է նոր մակարդակի վրա:
Ն.Փաշինյանը դրվատանքի խոսքեր ասաց Հրաչյա Պողոսյանի հասցեին և նշեց, որ ՀՀ անկախությունից ի վեր, սա առաջին արտադրամասն է, որ բացվել է Ագարակ համայնքում. «Ես հույս ունեմ, որ այս փոքր արտադրամասով, որ 20-30 աշխատատեղ է բացվել, կմեծանա և աշխատատեղերը կավելանան»:
Ն.Փաշինյանը երաշխավորեց, որ նոր Հայաստանում որևէ մեկի մտքով չի անցնի փայ մտնել, խնդիրներ ստեղծել, կաշառք վերցնել. «Մեր կառավարությունը , ես ինքս պետք է հող դառնանք մեր ժողովրդի ոտքի տակ, որպեսզի նրանք մեր վրա հենվելով բարձրանան ու զարգանան: Մեր ժողովուրդը մարդկության ետին շարքերով քայլող ժողովուրդ չէ, մեր ժողովուրդը մարդկության առաջամարտիկ ժողովուրդներից մեկն է, որովհետև կարողացել է անել մի բան, որ երբեք չի արձանագրվել մարդկության պատմության մեջ: Հայ ժողովուրդը հազարամյակներ եղել է քաղաքակրթության առաջամարտիկ և այսօր վերանվաճել է առաջամաչտիկը լինելու պատիվը»:
ՀՀ վարչապետին հանձնվեց Միջազգային տիեզերակայանում 195 օր անցկացրած ՀՀ դրոշը: Ներկաները պատվեցին նաև «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներին: