Բաժիններ՝

ՀՀ պետական պարտքը դրսևորում է նվազման միտում

ՀՀ պետական պարտքը նվազել է, ինչը կարող է փաստել, որ տնտեսությունում կայունացման գործընթաց է սկսվել։ Միևնույն ժամանակ նկատվում է նաև դրական փոփոխություն պետական պարտքի կառուցվածքում, ինչի շարունակականությունը կարող է բերել պետպարտքի առողջացման:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14.9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3.3 տրիլոն դրամ, որի նշանակությունը տնտեսության կայունացման գործում զգալի է։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։

Պետական պարտք, մլն դրամ

Չնչին, բայց դրական փոփոխություն է նկատվել նաև պետական պարտքի կառուցվածքում։ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի դրության համեմատ ներքին պարտքի բաժինը մեծացել է 20.6 մլրդ դրամով։ Վերջինս նպաստում է տնտեսության՝ արտաքին շոկերից, մասնավորապես` փոխարժեքի ռիսկից խոցելիության նվազմանը։ Արտաքին պարտքի բաժինը նվազել է ընդհանուր պարտքի մեջ, սակայն դեռևս շարունակում է բավականին մեծ տեսակարար կշիռ ունենալ պետական պարտքի մեջ` մոտ 80%։

Հաշվի առնելով պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքի հսկայական մասնաբաժինը՝ տնտեսության համար էական նշանակություն կարող է ունենալ կառավարության պարտքի գծով «ՀՀ բյուջետային համակարգի» մասին օրենքում առկա սահմանափակումը։ Վերջինիս համաձայն՝ եթե կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսն, ապա պետբյուջեի կապիտալ ծախսերը պետք է լինեն պետբյուջեի դեֆիցիտից ոչ պակաս։ Քանի որ վերջին տարիներին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ունի աճի միտում, և կարճաժամկետ հատվածում էական փոփոխություններն անիրատեսական են, հավանական է, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերությունը կլինի սահմանված շեմից ավելի: Ըստ 2019թ.-ի պետական բյուջեի նախագծի՝ ակնկալվում է, որ 2019թ.-ին կապիտալի ծախսերը կկազմեն նվազագույնը 151.6 մլրդ դրամ՝ սահմանափակելով ընթացիկ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Մոտավորապես 320 մլն ԱՄՆ դոլար ուղղվելու է իրական հատված՝ խթանելով նոր աշխատատեղերի, եկամտի նոր աղբյուրների ստեղծմանը, ինչը հեռանկարային ժամանակահատվածում դրական ազդեցություն կարող է ունենալ պետական պարտքի կառուցվածքի վրա։

Հատկանշական է նաև այն, որ Հայաստանի համախառն արտաքին պարտքը նույնպես նվազման միտում է դրսևորել։ 2018թ.-ի երկրորդ եռամսյակում համախառն արտաքին պարտքը նվազել է առաջին եռամսյակի համեմատ 220 մլն դոլարով։ Համախառն արտաքին պարտքի նվազումը հիմնականում (70%) պայմանավորված է եղել երկարաժամկետ պարտքի նվազմամբ, ինչն էական նշանակություն ունի ապագա սերունդներին փոխացվող բեռի նվազման տեսանկյունից։

Երկարաժամկետ հեռանկարում տնտեսության կայունացման համար նպատակային պետք է լինի պետական պարտքի կառուցվածքային բարեփոխումն, որի իրականացման գործում առանցքային դեր կարող են խաղալ ֆինանսական ինստիտուտները։ ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալը տարիներ շարունակ գերազանցել է վարկերի ծավալը: Մասնավորապես՝ 2018թ.-ի օգոստոսի դրությամբ առևտրային բանկերի ավանդների ծավալը 1.8 անգամ գերազանցել է վարկերի ծավալին։ Այս ամենը փաստում է, որ 2018թ. օգոստոսի դրությամբ բնակչությունը բանկերում ունեցել է 2.7 տրիլոն դրամ ազատ միջոց, որի մի մասը կարող է ուղղվել պետական պարտատոմսերի ձեռք բերմանը։ Այսպիսով, հարկաբյուջետային հատվածի միջոցով կապ կստեղծվի ֆինանսական և իրական հատվածների միջև՝ մեծացնելով պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինը։

Համադրելով դիտարկված գործոնները՝ պետական պարտքի միտումը, ՀՀ առևտրային բանկերում ավանդների ծավալն, ինչպես նաև կառավարության նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակը և ՀՀ կառավարության որդեգրած ներառական տնտեսական աճի մոդելը, հնարավորություն է ստեղծվում երկարաժամկետ հեռանկարում բարելավել ՀՀ պետական պարտքի կառուցվածքը։

Ինգա Ղալայան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս