
Ավիաաղետից զոհված Սահակ Կարապետյանը համակարգում էր հսկողությունը «Սկրիպալների գործի» նկատմամբ. «Ինտերֆաքս»

ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը զոհվել է Կոստրոմայի մարզում ուղղաթիռի կործանման հետեւանքով, համակարգում էր հսկողությունը առավել ռեզոնանսային քրեական գործերի, այդ թվում՝ այսպես կոչված «Սկրիպալների գործի» հետաքննության նկատմամբ: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ մի աղբյուր:
2006 թվականից Սահակ Ալբերտովիչն զբաղեցնում էր Գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ 2016 թվականից, դառնալով գլխավոր դատախազի տեղակալ, ղեկավարում էր աղմկահարույց գործերը, ներառյալ Անգլիայի Սոլսբերի քաղաքում Յուլյա Սկրիպալի դեմ մահափորձի հետաքննությունը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Հոկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ AS-350 ուղղաթիռը՝ երեք ուղեւորներով, կործանվել է Կոստրոմայի մարզում: Օդանավում եղած բոլոր մարդիկ զոհվել են: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ զոհվածների թվում է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, որը գտնվումէր արձակուրդում:
Տեղի ունեցածի փաստով քրեական գործ էհարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի երրորդ մասով (օդային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու եւ ավելի անձանց մահվան):
Իրազեկ աղբյուրը «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ուղղաթիռի անկման նախնական պատճառը երեկոյան դրա բախումն էր ծառերի կատարներին: