Թբիլիսին ՆԱՏՕ-ին առաջարկել է համատեղ ուսուցման նոր կենտրոն բացել Վրաստանում
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստում առաջարկել է համատեղ ուսուցման նոր կենտրոն ստեղծել Վրաստանում: Այդ մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Մարտական պատրաստության կենտրոնի հիման վրա, որն այս տարի ԱՄՆ-ի հետ համատեղ ստեղծվել է Վրաստանում, հնարավորություն կա ներգրավել նաեւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների, այդ թվում՝ համատեղ վարժանքների անցկացման նպատակով: Դրա համար հարկավոր է համապատասխան ենթակառուցվածք եւ լոգիստիկական ապահովում»,- հայտարարել է Իզորիան հանձնաժողովի նիստից հետո: Կենտրոնի բացման գաղափարին աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, որի հետ հոկտեմբերի 3-ին երկկողմ հանդիպում է կայացել: Առաջարկությունը նաեւ հետաքրքրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին:
Իզորիան հաստատել է, որ Ստոլտենբերգը պատրաստ է հաջորդ տարվա մարտին այցելել Վրաստան՝ ներկա լինելու համատեղ ընդգրկուն զորավարժությունների բացմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: