Բաժիններ՝

«English Pen»-ի իրավապաշտպան․ «Թուրքիայում դատական համակարգը տնազի է նման»

«English PEN» միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Դեբբի Լուքսոնը Թուրքիայում հետևում է այս օրերին ընթացող խոսքի ազատության թեմայով դատավարություններին։

Շուրջ հինգ շաբաթ Թուրքիայում գտնվող ակտիվիստը հասցրել է հետևել առնվազն 9 դատավարության, որոնցում մեղադրյալի կարգավիճակում հիմնականում մտավորականներն ու լրագրողներն են։

Լուքսոնի խոսքով՝ այդ դատավարություններից ստացված առաջին տպավորությունն այն է, որ մտավորականներն ու լրագրողները պարզապես Թուրքիայի դատական համակարգի զոհն են։ Նրանք անվերջ փորձում են բացատրել, ապացուցել, որ ընդամենը զբաղված են իրենց աշխատանքով։ Լուքսոնի խոսքով՝ նմանատիպ դատական գործեր եվրոպական երկրներում պարզապես գոյություն չունեն։

«English PEN»-ի ներկայացուցիչը զարմանալի և զզվեցնող է համարել Թուրքիայի դատական դահլիճներ մտնելիս պարտադիր անձնական տվյալներ և հեռախոսահամար տրամադրելու գործընթացը։ Նրա կարծիքով այդ կերպ ուղղակի փորձ է արվում քաղաքացիներին հեռու պահել դատական գործընթացներից։ Իսկ դատարանի դահլիճներում տեղի ունեցողը իրավապաշտպանը ուղղակի թատրոնի, ծիծաղելի և աբսուրդի հասնող տնազի է նմանեցրել։

Լուքսոնը նշել է, որ իրականում ծանոթ չէ, թե հատկապես ինչ են գրել իրենց հոդվածներում այն լրագրողները, ովքեր այժմ այդ հոդվածների պատճառով մեղադրյալի աթոռին են հայտնվել։ «Ինչ էլ լինի, մենք ճիշտ չենք համարում այն, որ լրագրողների դեմ դատական գործընթացներ են հարուցվում։ Որպես «English Pen»՝ մենք պայքարում ենք հանուն ազատությունների և ժողովրդավարության։ Այդ պատճառով ուշադիր հետևում ենք Թուրքիայի նման երկրնեում խոսքի և մտքի ազատությանն առնչվող զարգացումներին», – ասել է նա։

Լուքսոնը հավելել է, որ միջազգային հանրությունը բավարար աջակցություն չի ցուցաբերում Թուրքիայում քրեական հետապնդման ենթարկվող լրագրողներին։ Այնինչ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ ցույց տալու համար, որ նրանք մենակ չեն և աշխարհին լսելի դարձնելու համար նրանց ձայնը։

bianet.org

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս