Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարո՞ւմ, թե՞ փոխընդունելի նոր համաձայնություն

Դուշանբեում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունները հայ-ադրբեջանական  սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ՝ լայն քննարկումների պատճառ են դարձել հակամարտության գոտին ուսումնասիրող քաղաքական վերլուծաբանների և դիվանագետների շրջանում։

Շատ փորձագետների համար անհասկանալի և զարմանալի է, թե ինչպե՞ս հակամարտող երկրների ղեկավարների առաջին, ի դեպ, չպլանավորված, ոչ պաշտոնական հանդիպումը, որը մինչ դա անհնար էր թվում՝ նրանց կոշտ հայտարարությունների և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության դեպքում, ավարտվեց բոլորովին նոր օրակարգի շուրջ պայմանավորվածություններով, թեև, ըստ շատ վերլուծաբանների, Դուշանբեի պայմանավորվածությունները նման են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի շատ ավելի ընդլայնված փաթեթին, կամ կարծես դրա` ծավալներով շատ ավելի կրճատված տարբերակն են։ Չնայած հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի, շեշտում է, որ հայկական կողմը դեռ աշխատում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգերն իրականություն դարձնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ օրերս վերադառնալով Դուշանբեից՝ ՀՀ վարչապետը տեղեկացրել էր.  «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց, և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ»:

Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին.

«Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին, և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,- նշել էր վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ խոսակցության ընթացքում արձանագրվել է նաև բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը:

«Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով` պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել:

«Ես ուրախ եմ և հույս ունեմ, որ այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հետաքրքրական էր նաև այն հանգամանքը, որ ադրեջանական կողմը պաշտոնական մակարդակով անմիջապես հաստատել էր Փաշինյանի ներկայացրած օրակարգը Դուշանբեի հանդիպման վերաբերյալ։ Արժե հիշել, թե ՀՀ նախորդ իշխանության օրոք ինչպես էր ադրբեջանական կողմը պաշտոնական տարբեր մակարդակներով կասկածի տակ դնում ՀՀ նախագահի կամ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, խեղաթյուրում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ տապալելով դրանց հետագա ընթացքը։

Այս պարագայում ևս դեռ ակնհայտ չէ, թե ինչ ընթացք կունենան Դուշանբեի պայմանավորվածությունները, սակայն հանգամանքը, որ Դուշանբեում անցկացվող ԱՊՀ կուլիսներում չպլանավորված բարձրաստիճան հանդիպումը նման ընթացք ստացավ, ուշագրավ զարգացում է հայ-ադրբեջանական բանակցություններում։

«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախն ասաց, որ դժվար է հավատալ, որ նախկինում ամիսների ընթացքում ծրագրվող հանդիպումները տապալվում էին, իսկ այս հանդիպման ընթացքում լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ առանց երկար նախապատրաստական և անհրաժեշտ դիվանագիտական աշխատանքի։ Ըստ նրա, դժվար է նաև ասել, թե արդյոք կաշխատի՞ այդ կոմունիկացիան այն արդյունավետությամբ, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել են, քանի որ նման մեխանիզմներ ներդնելու ցանկության դեպքում, բնականաբար, կողմերը կներդնեին արդեն հաստատման պատրաստ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

«Մեզ հայտնի է, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները լավ մշակված, բոլոր միջնորդների հավանությանն արժանացած համաձայնություններ են։ Եթե կողմերն արդեն համաձայնության էին եկել սահմանագծին տեղի ունեցող միջադեպերը կանխելու, դրանք արձանագրելու շուրջ, ապա պետք է պարզապես պայմանավորվեին վերջնական համաձայնություն տալ արդեն լավ մշակված և բոլոր համանախագահ երկրների դիվանագետների մասնակցությամբ քննարկված փաթեթին, որը շատ ավելի համակարգային էր ու շատ ավելի լուրջ ազդեցություն կարող էր ունենալ սահմանին իրավիճակ փոխելու տեսանկյունից։

Բնականաբար, կոմունիկացիան լավ է, եթե գործի, ավելի լավ կլիներ, եթե ներդրվեին նախորդ պայմանավորվածությունները, սակայն կան որոշակի մտավախություններ՝ այս պայմանավորվածությունների հետ կապված։ Կա տեսակետ, որ սա հիմք էր հետագայում նախորդ պայմանավորվածությունները զարգացնելու համար։ Գուցե, չեմ կարող դա բացառել, ժամանակը ցույց կտա։

Եթե սրան չհետևի դիվանագիտական աշխատանք նախորդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ, նշանակում է, որ այս կարճատև հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության նպատակն էր՝ դուրս բերել օրակարգից նախորդ երկու բարձրաստիճան գագաթաժողովների պայմանավորվածությունները, որոնցից, ինչպես բոլորին հայտնի է, տարբեր եղանակներով հրաժարվում էր ադրբեջանական կողմը։

Այսինքն՝ նշածս պարագայում սա միտված է այն օրակարգի տապալմանը, որն ակտիվորեն առաջ են մղել արևմտյան միջնորդները, մասնավորապես՝ ամերիկյան կողմը, իսկ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Պուտինի հովանու ներքո, ինչպես հայտնի է, այդ օրակարգը որոշակիորեն փոխվեց, և ադրբեջանական կողմը սկսեց խոսել բուն բանակցությունների, և ոչ՝ խաղաղության միջոցառումներ ներդնելու մասին։

Ուստի, մեզ մնում է խոսել Վիեննայի օրակարգի մասին, որն այդ հանդիպումից հետո առաջ է մղել ԵԱՀԿ-ն, քննարկումներ և որոշ համաձայնություններ էին ձեռք բերվել, սակայն ոչ ամբողջական, որի պատճառով Կասպրչիկի գրասենյակի լիազորություններն ու դիտորդական առաքելության  շրջանակը չընդլայնվեց։ Մնում է հուսալ, որ կոմունիկացիան արդյունք կտա և կունենա լավ շարունակություն»,- նման տեսակետ հայտնեց գերմանացի քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով հանգամանքը, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ հրատապ կոմունիկացիա ստեղծելու ընթացքում, երբ լարվում է իրավիճակը շփման գծում, սրվում են կողմերի հայտարարությունները, կոմունիկացիան կախված է միայն մարդկային գործոնից։ Իսկ միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրումը, նրա խոսքով, կարող է ավելի արդյունավետ և վստահելի գործիք լինել կողմերի ու միջնորդների համար, դիտորդական առաքելության ընդլայնումը ևս կարևոր է հասկանալու համար, թե որ կողմն է ավելի հաճախ սկսում կրակահերթեր, ինչ ինտենսիվությամբ և այլն, և այլն։ «Կարևոր է, որպեսզի միջնորդները և ՀԱՊԿ-ը ևս սահմանին խաղաղությանն ուղղված միջոցառումներին մասնակցեն, այլապես կշարունակվի նախկին արատավոր մեխանիզմը՝ կողմերը կրկին կսկսեն միմյանց մեղադրել պայմանավորվածությունները դրժելու մեջ, և չեն լինի փաստեր»,- ասաց նա։

Ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն իր հերթին՝ ասաց, որ անկախ այն հանգամանքից, թե որքանով արդյունավետ կարող է լինել կապի կոմունիկացիան, թե ինչպես այն կկազմակերպվի, կարևոր է, որ ղեկավարները հանդիպել են, զրուցել և որոշակի համաձայնության են եկել։ Նրա խոսքով, սա կարգավորման շուրջ որոշակի պրոցեսի մասին է խոսում։

«Բնականաբար, կարծում եմ՝ ԱՊՀ կուլիսներում կայացած հանդիպումը ռուսական կողմի անտեղյակության պայմաններում չի եղել, կարծում եմ՝ Ռուսաստանն անուղղակի համաձայնություն է տվել այս հանդիպմանն ու պայմանավորվածություններին՝ աջակցելով նաև սրան, ինչո՞ւ ոչ։ Սա կարող է Ռուսաստանի կողմից իր գինը բարձրացնելու համար արված քայլ լինել, ինչն ավելորդ չէ հայ-ռուսական հարաբերություններում առկա որոշ խնդիրների առկայության պարագայում։ Ռուսաստանը չի հրաժարվի ցույց տալ, որ իր դիրքն ու ազդեցությունն այս հակամարտությունում ետին պլանում չեն։ Սա Ռուսաստանի ներկայիս հեղինակության համար օգտակար կարող է դիտարկվել նաև միջազգային անցուդարձի համատեքստում»,- ասաց Ֆելգենգաուերը։

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակի վերահսկմանը ու միջադեպերը նախաձեռնողների բացահայտմանը, ապա, նրա կարծիքով, երբ չկա հակամարտությունը կարգավորելու իրական ցանկություն, կողմերը նաև միջնորդների դրդմամբ անընդհատ թարմացնում են նախկինում ներդրված, կիրառված մեխանիզմները՝ իրավիճակը հակամարտության գոտում և սահմանին կարգավորելու, խաղաղեցնելու համար։

«Նոր չէին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, դրանք նախկինում համաձայնեցված փաթեթներ էին, որոնց մասին Հայաստանում խոսում էին, պարզապես դրանք վերամշակվել ու թարմացվել էին։ Եթե չեմ սխալվում, կապի կոմունիկացիան ևս նոր բան չէ։ Բայց սահմանին իրավիճակը վերահսկելու համար ավելի արդյունավետ կարող է լինել միջոցառումների կոմպլեքսը՝ համաձայնություններ՝ դուրս բերել ծանր սպառազինությունն առաջնագծից, հետաքննող մեխանիզմներ ու դիտորդներ ներդնել, կիրառել նաև կապի կոմունիկացիան։

Բայց եթե չկա կարգավորելու ցանկություն, ապա կողմերն անընդհատ պտտվում են այս ամենի շուրջ՝ փորձելով միջնորդներին ցույց տալ, թե կա որոշակի ցանկություն, բայց ցանկություն չկա։ Եթե չկա ցանկություն, ապա վերահսկողական մեխանիզմ ներդնելու ցանկացած խոսակցություն կամ պայմանավորվածություն տապալվելու է»,- կարծիք հայտնեց ռազմական փորձագետը։

Նա նաև շեշտեց, որ սա կարծես փոխզիջումային տարբերակ է սահմանին իրավիճակը վերահսկելի դարձնելու համար, քանի որ Հայաստանը ցանկանում էր Վիեննայի պայմանավորվածությունների կատարում, իսկ Ադրբեջանը՝ ոչ, բայց սա փոխընդունելի տարբերակ է։

Տեսանյութեր

Լրահոս