Բաժիններ՝

«Զորաց քարերը» ոչնչացնելու հետ կապված աղմուկը չափազանցված է

Օրերս 168.am-ի հետ զրույցումֆիզմաթ գիտությունների թեկնածու, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանն ասել էր, որ իրեն լուրեր են հասել այն մասին, որ «Զորաց քարերում», որտեղ օգոստոսի 1-ից մեկնարկել են պեղման աշխատանքներ, տեղի են ունենում անհասկանալի գործողություններ, որոնք միտված են ոչնչացնելու հուշարձանը։

Հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում «Զորաց քարերում», տոմարագետը մեկնել էր այնտեղ և տեղում ծանոթացել իրավիճակին։

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Գ. Բրուտյանը տեղեկացրեց, որ այն աղմուկը, որը բարձրացվել էր հուշարձանը քանդելու և ոչնչացնելու շուրջ՝ այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։

«Համացանցում աղմուկ կար, որ հուշարձանն ավերել են, տրակտոր ու այլ ծանր տեխնիկա են մտցրել «Զորաց քարերի» տարածք՝ իրականությանը չեն համապատասխանում։ Իմ տեսնելով՝ այնտեղ սովորական հետպեղումնային իրավիճակ էր, դրանք դադարեցվել կամ ընդհատվել էին, տեղաշարժված քարեր նույնպես չեմ տեսել, որի մասին ասում էին, ծանր տեխնիկայի հետքեր՝ ևս։ Փոքր բանից չափազանց մեծ աղմուկ էին հանել»,- ասաց Գ. Բրուտյանը։

Այդուհանդերձ, նա մտահոգություն հայտնեց առ այն, որ հուշարձանի քարերի վրա ծանր գործիքների հետքեր է նկատել, ուստի կարող է ասել, որ պեղման աշխատանքները պատշաճ ուշադրությամբ չեն արվել։

«Ըստ իս, այս հուշարձանի հարցը պետք է քննարկվի ոչ թե մեկ-երկու հոգու մակարդակով, այլ կազմվի հանձնաժողով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի տարբեր ինստիտուտների աշխատակիցների մասնակցությամբ, և Մշակույթի նախարարությունը կազմակերպի հանդիպում, որպեսզի բոլորը գնան և տեղում հասկական՝ ինչ է կատարվում։ Մասնագետները կարող են միայն հստակ պատասխաններ տալ բոլոր հարցերի վերաբերյալ»,- շեշտեց Գրիգոր Բրուտյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս