«Պեղումների անվան տակ ոչնչացնում են «Զորաց քարերը»». Գրիգոր Բրուտյան
ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող «Զորաց քարեր» պատմամշակութային հնավայրում այս տարվա օգոստոսի մեկից մեկնարկել են հնագիտական պեղումներ։
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն լուրերն են հասել այն մասին, որ «Զորաց քարերը» քանդում են։ Ըստ նրա՝ հայտարարվում է, թե հնավայրում պեղումներ են կատարում, սակայն չեն պահպանվում տարրական կանոնները։
«Պեղումներ կատարելու համար գոյություն ունեն տարրական կանոններ, որոնք պետք է պահպանվեն՝ պեղումների անվան տակ չպետք է փչացնել հուշարձանը։ Ըստ ինձ հասած տեղեկությունների, արշավախումբը պեղումների անվան տակ փչացնում է հուշարձանը, գուցե՝ ոչնչացնում։ Ինձ ասել են, որ այնտեղ քարեր են եղել, որոնք նախկինում կանգնած վիճակում են եղել, իսկ այժմ պարզապես շրջել են»,- ասաց Գ. Բրուտյանը և ընդգծեց, որ վաղը պատրաստվում է գնալ «Զորաց քարեր» և տեղում ծանոթանալ իրավիճակին, հարկ եղած դեպքում՝ պատասխանատվության կանչել հուշարձանը ոչնչացողներին։
Ինչ վերաբերում է «Զորաց քարերի» շուրջ ստեղծված տարակարծություններին, թե այն աստղադիտարան չէ, այլ դամբարանադաշտ, Գրիգոր Բրուտյանը նկատեց, որ դամբարանադաշտը շատ պարզունակ է. եթե մի վայրում հնում թաղումներ են կատարվել, ապա չի նշանակում, որ տեղանքը դամբարանադաշտ է։
«Թաղում կարող են կատարել տարբեր վայրերում, այսօր Մայր տաճարի բակում թաղումներ կան, բայց սա չի նշանակում, որ այնտեղ դամբարանադաշտ է։ Այսինքն՝ չպետք է նման բռի հայտարարություններ անել։ Ինչ վերաբերում է աստղադիտարանին, ապա, ամենայն հավանականությամբ, այն եղել է մի կառույց, որը կիրառվել է նաև աստղագիտական նպատակներով և ունեցել է աստղագիտական նշանակություն, ընդ որում, այդ նշանակությունն էլ ամբողջությամբ հետազոտված չէ»,- ասաց Գ. Բրուտյանը։
Նշենք, որ նախորդ ամիս հնագիտական պեղումներ իրականացնող խմբի ղեկավար, հնագետ Աշոտ Փիլիպոսյանի և սիսիանցի մի քանի ակտիվիստների միջև տեղի էր ունեցել վիճաբանություն, որի պատճառը հնավայրի անվանումն էր եղել։ Ըստ ակտիվիստների՝ «Զորաց քարեր» հուշարձանը պետք է անվանել «Քարահունջի» աստղադիտարան, այլ ոչ թե՝ դամբարանադաշտ, ինչպես որ ներկայացվում է այնտեղ այցելող զբոսաշրջիկներին։ Ակտիվիստները նաև պնդել են, որ ամբողջ աշխարհն ընդունում է, որ «Զորաց քարերը» աստղադիտարան է, իսկ արշավախումբն այն ներկայացնում է՝ որպես դամբարանադաշտ։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ