«Պաշտոնապես հայտարարում եմ՝ այդ հաղորդագրության բովանդակությունը ամբողջությամբ կեղծ է». Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԲԱՂՐԱՄՅԱՆ 26 Տելեգրամ-ալիքը քիչ առաջ տարածել է հերթական ապատեղեկատվությունը, այս անգամ՝ ՀՀԿ ԳՄ նիստի մասին։

Պաշտոնապես հայտնում եմ, որ այդ հաղորդագրության բովանդակությունը որեւէ աղերս չունի իրականության հետ, մտացածին է և ամբողջությամբ կեղծ է»:

Պարզվում է՝ Թավշյա հեղափոխության օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների կողմից մոբիլիզացիոն գործիք է բացվել՝ Տելեգրամ-ալիք, որի միջոցով իրենց կողմնակից բաժանորդներին որոշակի տեղեկատվություն է տրվել՝ հստակ ուղղորդումներով: Այսօր այդ ալիքի միջոցով տարածվել է հետևյալ հաղորդագրությունը ՀՀԿ ԳՄ նիստի մասին.

««Հանրապետական ​​կուսակցության» գործադիր մարմնի նիստում որոշվել է մինչև վերջ ընդդիմանալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Հանդիպումից հետո կուսակցության անդամները խուսափել են լրագրողներից, իսկ նրանք, ում լրագրողներին հաջողվել է բռնացնել, հայտնել են, որ ընտրությունների վերաբերյալ որոշում չկա:

Սակայն ՀՀԿ-ից մեր աղբյուրները հայտնում են, որ քննարկվել է ընդամենը մեկ հարց՝ ինչպես կանխել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:

Ինչպես մեզ հաղորդեցին, հանդիպման ընթացքում մտքեր են հնչել այն մասին, որ եթե առաջիկա 6 ամիսների ընթացքում ընտրությունները տեղի ունենան, ապա դա կնշանակի ՀՀԿ-ի մահը: Այդ իսկ պատճառով քննարկվել են դրա կանխարգելման տարատեսակ տարբերակներ:

Բայց եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան, ՀՀԿ-ն իր փրկությունը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության մեջ»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Տեքստը տարածվել է նաև ռուսալեզու տարբերակով:

Տեսանյութեր

Լրահոս