Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել դիֆթերիայի դեմ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը պատվաստվել դիֆթերիայի դեմ: Պատվաստում ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ տարածքային պոլիկլինիկա այն մարդկանց, ովքեր վերջին 10 տարվա ընթացքում չեն պատվաստվել:
Երկարատև հանգիստ համաճարակային վիճակից հետո դիֆթերիա հիվանդությունը աշխարհում վերադառնում է: Շատ կարճ ժամանակում համաճարակում նորանոր երկրներ են ընդգրկվել՝ Վենեսուելա, Ուկրաինա, Հնդկաստան, Հարավային Աֆրիկա տարածաշրջանի երկրներ, Եմեն և այլն:
Հնդկաստանի լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն` վերջին երկու շաբաթվա ընթացքում (սեպտեմբերի 6-23) երկրում արձանագրվել է դիֆթերիայի 147 դեպք, որոնցից 18-ը` մահվան ելքով:
Դիֆթերիան վտանգավոր օդակաթիլային վարակ է, որը տարածվում է հիվանդի փռշտալու և հազալու ժամանակ: Վարակվելու ռիսկի գործոններն են՝ փակ տարածքներում շատ մարդկանց առկայությունը, վատ հիգիենիկ պայմանները, պատվաստումներից հրաժարումները:
Հիվանդությանը բնորոշ է՝ ցավ կոկորդում, հազ, ջերմության բարձրացում, քթից արտադրություն, դժվարաշնչություն, բկանցքում հաստ, գորշ փառի առաջացում: Փառը կարող է տարածվել դեպի կոկորդ, շնչափող, ձայնաճեղք՝ առաջացնելով կոկորդի, ձայնաճեղքի այտուց և շնչառության կանգ: Միկրոբի արտադրած թույները արյան միջոցով տարածվում են բոլոր օրգան-համակարգերը՝ հատկապես սիրտ, նյարդային համակարգ՝ առաջացնելով մի շարք բարդություններ՝ սրտամկանի բորբոքում (միոկարդիտ), կաթված (պարալիչ):
Դիֆթերիայի նույնիսկ վաղ բուժման պարագայում բարդություններն անխուսափելի են և հիվանդությունը 10% դեպքերում հանգեցնում է մահվան:
Չի բացառվում Հնդկաստանից հիվանդության տարածումն այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստան՝ հաշվի առնելով բնակչության ակտիվ տեղաշարժերը: