Քրեական գործ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հաղորդման հիման վրա
Կաթնաջուր գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցման ծրագրի իրականացման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթերի կեղծման ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ նախարարության աշխատակազմի մասնագետների կողմից Լոռու մարզի Կաթնաջուր համայնքում իրականացված ջրամատակարարման համակարգի շինարարական աշխատանքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան ծրագրով իրականացված աշխատանքներում առկա են թերություններ: Մասնավորապես՝ չնայած նախագծով նախատեսված է եղել, որ ջրամատակարարման խողովակները պետք է ծածկված լինեն ավազով, սակայն ընտրանքային կարգով մեկ հատվածում մինչև խողովակի բացվածքը կատարված հորատման արդյունքում պարզվել է, որ ավազի շերտը բացակայում է: Աշխատանքներին ներկա բնակիչները պնդել են, որ անցկացված խողովակաշարն անորակ է, իսկ 70-80%-ում բացակայում է ավազի շերտը, ինչի պատճառով հաճախակի վթարներ են տեղի ունենում:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է, որ գյուղի ջրամատակարարման համակարգի վերակառուցումը նախատեսված է եղել «Միջազգային զարգացման ՕՊԵԿ Հիմնադրամի» աջակցությամբ «ՀՀ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերի ջրամատակարարում» աշխատանքների շրջանակում: Այդ հատվածի շինարարական աշխատանքների կատարումը ենթակապալի համապատասխան պայմանագրով ստանձնել է «Արարատշին» ՍՊԸ-ն, որը պարտավորվել է աշխատանքներն ավարտին հասցնել մինչև 2016թ. օոգոստոս: Շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողությունը, մեկ այլ պայմանագրով, պարտավորվել է իրականացնել «ԹԱԹ» ՍՊԸ-ն:
Ըստ նախագծի՝ ՀՀ Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի ջրամատակարարման համակարգի վերակառուցման գործընթացում նախատեսված են եղել 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 խմ ավազի նախապատրաստական և պաշտպանիչ շերտերի իրականացման շինարարական աշխատանքներ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «ԹԱԹ» ՍՊԸ-ի գլխավոր կապալառու «Արփա-Սևան» ԲԲԸ-ի, ենթակապալառու «Արարատշին» ՍՊԸ-ի և հեղինակային հսկողություն իրականացնող «ՀԳՇՆ» ՍՊԸ ներկայացուցիչների կողմից, սկսած 2015թ. նոյեմբերից մինչև աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված /միջանկյալ/ աշխատանքների ընդունման թվով 133 ակտեր: Դրանցում նշվել են հողային աշխատանքների կատարման ընթացքում ամբողջ խողովակաշարում ավազի պաշտպանիչ շերտերի առկայության մասին տվյալներ:
«Արարատշին» ՍՊԸ-ն, խողովակները գնել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ-ից, ինչի մասին դեռևս 2016թ. մարտին կնքվել է 52.237.115 դրամ ընդհանուր արժեքով պոլիէթիլենային խողովակների մատակարարման պայմանագիր:
Վերոհիշյալ աշխատանքներից հետո «ՀՀ կառավարության 2016 թվականի համապատասխան որոշմամբ և 2017 թվականի փետրվարին կնքված պայմանագրով 198,367,230 ՀՀ դրամ արժեքով 15243 գծամետր երկարությամբ վերակառուցված ջրամատակարարման համակարգը սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է Կաթնաջուր համայնքին:
Հետագայում վերջինիս շահագործման ընթացքում ի հայտ են եկել թերություններ, որոնք վերացվել են «Արարատշին» ՍՊԸ կողմից և խողովակների մի մասը՝ շուրջ 500 գծամետրը, փոխարինվել է «Վեդի Պլաստ» ՍՊԸ կողմից տրամադրված այլ խողովակներով:
Վարույթն իրականացնող մարմինը, հիմնավորված համարելով, որ նախապատրաստված նյութերով ձեռք բերված տվյալները վերաբերում են քաղաքացիաիրավական հարաբերություններին, 2018թ. սեպտեմբերի 13-ին կայացրել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Սակայն Լոռու մարզի դատախազությունում այդ որոշման օրինականության ստուգման և նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանք նախապատրաստվել են թերի և ավարտական որոշում կայացնելիս հաշի չի առնվել մի քանի էական հանգամանք:
Մասնավորապես՝ բացատրություններ են վերցվել սահմանափակ թվով և, ըստ էության, նյութերի ելքով շահագրգիռ նշված ընկերությունների ներկայացուցիչներից: Մինչդեռ Կաթնաջուր համայնքի ղեկավարը բացատրություն է տվել այն մասին, որ ջրագծի շահագործման ընթացքում խողովակների վթարումներ են եղել: Այդ հանգամանքը՝ կապված իրականացված շինաշխատանքները սահմանված չափորոշիչներին համապատասխանելու հետ, չի ստուգվել՝ փաստորեն հիմնավորված համարելով, որ ջրագծի վերակառուցման աշխատանքները կատարվել են նախագծով նախատեսված ողջ ծավալով:
Այսինքն՝ առկա է «Արարատշին» ՍՊԸ-ի կողմից նախագծով նախատեսված՝ 15.357.600 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 3526,5 մ/խ ծավալով ավազը ձեռք բերվելու և ջրագծի վերակառուցման աշխատանքների ընթացքում օգտագործվելու, «Վեդի Պլաստ» ՍՊ ընկերության կողմից՝ պետական չափանիշներին համապատասխանող խողովակներ մատակարարվելու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նախապատրաստված նյութերում առկա տվյալները, որ նշված ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեպքի վայրի զննության ժամանակ հիշյալ ջրագծի տարբեր 5 հատվածներում ընտրանքային կարգով կատարված փորման աշխատանքների արդյունքում արձանագրվել է, որ առանձին հատվածներում ավազի շերտ առհասարակ չկա:
Նշված փաստական հանգամանքներն առերևույթ վկայում են ոչ միայն այն մասին, որ շինաշխատանքներում ներգրավված ընկերությունների միջև, սկսած 2015 թվականի նոյեմբեր ամսից մինչև աշխատանքների ավարտը՝ 2016թ. հոկտեմբեր, կազմվել են ծածկված աշխատանքների ընդունման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակտեր, այլև որ ավազի պաշտպանիչ շերտերի իրականացման համար պետության կողմից փոխանցված գումարները յուրացվել են:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ նախապատրաստված սույն նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազության դատախազի որոշմամբ վերացվել է նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին հետաքննիչի որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցել քրեական գործ: Վերջինիս նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: