ՌԴ-ն պատրաստ է գյուղտեխնիկա մատակարարել Ադրբեջանին և ներմուծել պատրաստի արտադրանք
Ռուսաստանը մտադիր է Ադրբեջանի հետ միասնական արտադրական շղթայում միավորել ապրանքների արտադրության բոլոր փուլերը: Օրինակ՝ գյուղատնտեսության մեջ Մոսկվան պատրաստ է տեխնիկա եւ պարարտանյութեր մատակարարել Բաքվին եւ արդեն պատրաստի արտադրանքը ներկրել առեւտրի ցանցեր:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը՝ Բաքվում ելույթ ունենալով ադրբեջանա-ռուսական եւ ռուս-ադրբեջանական գործարար խորհուրդների ընդլայնված նիստի ընթացքում:
«Գյուղատնտեսությունում այժմ քննարկում ենք այնպիսի նախագծերի զարգացումը, որոնք սկսվում են գյուղատնտեսական տեխնիկայի, պարարտանյութերի մատակարարումներով եւ ավարտվում Ռուսաստանի առեւտրական ցանցեր Ադրբեջանում պատրաստված արտադրանքի մատակարարումներով»,-ասել է նախարարը: Նրա խոսքով՝ երկու երկրներին հարկավոր է զարգացնել «կանաչ փոխադրամիջանցքները»՝ երկու երկրների միջեւ ապրանքների շարժը:
«Նպատակը, որը մենք դնում ենք մեր առջեւ, այսպես կոչված կանաչ փոխադրամիջանցքներն են՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքների շարժը բոլոր ուղղություններով: Այստեղ պլանաչափորեն աշխատում ենք, որպեսզի խոչընդոտներ քիչ լինեն»,-հայտնել է Օրեշկինը: Նա նաեւ նշել է համատեղ արտադրությունների ստեղծման կարեւորությունը: