«Որոշ քաղաքական ուժեր ոչ թե խորհրդարանում, այլ Հայաստանում իրենց տեղը պահելու խնդիր ունեն». Հակոբ Բադալյան

«Թե ինչ մեխանիզմով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, կախված է ՀՀԿ-ի պահվածքից։ Իհարկե, մեխանիզմներ կան, օրինակ՝ վարչապետը կարող է հրաժարական տալ, հետո, ասենք, 50 հազար մարդ շրջափակի ԱԺ շենքը երկու շաբաթ շարունակ. ԱԺ նիստ չի կայանում, և տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ դա ամենաանցանկալի տարբերակն է։

Խնդիրը, ըստ նրա՝ կարող է կարգավորվել բանակցությունների միջոցով. «Այսինքն՝ բոլոր քաղաքական ուժերն ընդունում են, որ ԱԺ-ն ցրելն ու նոր ԱԺ ունենալը պետական շահերից է բխում։ Իսկ մենք գիտենք, որ դա պետական շահերից է բխում, որովհետև, երբ ունենում ենք խորհրդարան, որն արտացոլում է ուժերի իրական հարաբերակցություն, դա երկրում ապահովում է կայունություն։ Սա ամենացանկալի տարբերակն է, այլ մեխանիզմներ չգիտեմ»։

Բաղդասարյանը նկատեց՝ նույնիսկ հանրապետականներն են պատրաստակամություն հայտնել քննարկել այդ հարցը. «Հույս ունենանք, որ բանակցությունները դրական կլինեն, և առանց ցնցումների հնարավոր կլինի իրականացնել դա, ինչքան շուտ, այնքան լավ»։

Ասուլիսի մյուս բանախոս քաղաքագետ Էդգար Վարդանյանն էլ նկատեց՝ եթե կան իրավական տեսակետից որոշակի հակասություններ, ապա դրանք, ըստ նրա՝ հաղթահարելի են հենց հանրային շահի տեսակետից. «Սահմանադրական հիմնարար նորմերը, որոնք ամրագրված են 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, գերակա են, և այստեղ ակնհայտ է, որ կա խորհրդարանը լուծարելու հանրային շահ, ու կարելի է դա իրականացնել սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Եթե դիմադրություն լինի հանրապետական պատգամավորների կողմից, դա կարելի է նաև անել հանրաքվեի միջոցով, այսինքն՝ խորհրդարանի լուծարման մասին փաթեթ դրվի հանրաքվեի։ Մեր լուծումները պետք է դուրս լինեն ֆորմալիստական մոտեցումներից»։

Կարդացեք նաև

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն էլ նշեց, որ խնդիրը ոչ թե Ազգային ժողովի լուծարման մեխանիզմն է, այլ փոխված քաղաքական իրավիճակը։ «Այս տեսանկյունից ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հրապարակում հայտարարում, որ իրավիճակ է փոխվել նաև քվեատուփի մոտ՝ կարևորելով Երևանի ավագանու ընտրությունը՝ որպես վստահության քվե։ Ես կարծում եմ՝ դրանից հետո մենք չունենք այլ տարբերակ։ Եվ երբ խոսում ենք քաղաքական ուժերի տեղի մասին խորհրդարանում, արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ խնդիրը ոչ թե խորհրդարանում, այլ Հայաստանում իրենց տեղը պահելն է։ Այդ քաղաքական ուժերը լավ են պատկերացնում, որ, եթե առաջնորդվեն խորհրդարանում տեղը պահելու տրամաբանությամբ, ապա իրենք խնդիր կունենան ընդհանրապես Հայաստանում իրենց քաղաքական տեղը պահելու առումով։ Սա իրականություն է, որին այդ քաղաքական ուժերն ավելի իրատես են նայում՝ անկախ իրենց հրապարակային հայտարարություններից, քան մեզ թվում է»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս