Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական իմաստնության կոչ է անում և հորդորում սեփական խոսքի տերը մնալ
Հարցազրույց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։
– Պարոն Հովհաննիսյան, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է ժողովրդին՝ ասելով, որ «Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում մենք պետք է լուծենք համապետական և համազգային խնդիր», և նշում է, թե «Իմ քայլը դաշինքի օգտին քվեարկելով, դուք քվեարկելու եք ներկայիս խորհրդարանը լուծարելու և արտահերթ ընտրությունների օգտին»: Ձեր կարծիքով՝ կա՞ն վտանգներ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող է չկայանան։
– Ներկա դրությամբ ես տեսնում եմ լարվածություն, մտահոգության, հույզերի պոռթկում, որ նշում է, որ ամեն ինչ չէ, որ կարգին է, բայց պարոն վարչապետը շատ ավելի ամբողջական տեղեկատվության է տիրապետում, քան ես։ Ես չեմ կարող անգամ ենթադրություններ անել։ Պարզ է, որ կա հանձնառություն այս գործող իշխանության և գործող վարչապետի կողմից, հանձնառություն Ազգային ժողովի կողմից, որը հաստատեց կառավարության ծրագիրը, որ 1 տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ։ Դա արդեն համապետական՝ գործադիր, օրենսդիր հանձնառություն է, և եթե որևէ մեկը դուրս գա այդ քաղաքական պայմանագրից, քաղաքական համաձայնությունից, պարզ է, որ մտահոգվելու և բողոքելու տեղ կա։
Դրա համար, ես կարծում եմ, որ հրապարակներից վարչապետը արտահայտել է այդ լյուստրացիայի մասին, և սահմանադրական տարբեր ելքեր են գտնում։ Ես հույս ունեմ, որ Երևանի ավագանու ընտրություններից հետո հանդարտ միջավայրում քաղաքական ուժերը կվերահաստատեն այդ համատեղ հանձնառությունը՝ քաղաքական ուժերի, օրենսդիր ու գործադիր ճյուղերի միջև, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ՝ մինչև հաջորդ տարվա մայիս։
– Բայց քաղաքական պայմանավորվածությունը խախտելու նախանշաններ կա՞ն։
– Եթե խոսքերից կառչենք, մարդիկ կան, որոշ ուժերի ներկայացուցիչներ, որոնք տարբեր բան են ասում, քան արտահերթ ընտրությունները։
– Ովքե՞ր։
– Կան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ, ովքեր ասում են, որ պիտի չարձակվի այս խորհրդարանը։ Եվ բոլոր դեպքերում կան հանրապետականներ, ովքեր որոշեցին, որ պարոն Փաշինյանը դառնա վարչապետ, և առանց որի՝ պարոն Փաշինյանը չէր դառնա վարչապետ։ Լիազորությունը եկավ իրենցից և նաև մյուս կուսակցություններից, և դրա համար ես հույս ունեմ, որ կունենանք քաղաքական իմաստնություն, հանդարտություն, պետության և քաղաքացու շահի հաշվառում, որ քաղաքական համաձայնությամբ և եղած հանձնառության շրջանակներում այդ հարցը լուծվի։ Եթե՝ ոչ, ուրեմն պետք է սահմանադրական այլ եղանակներով, միգուցե սահմանափակ հանրաքվեն լուծում լինի։ Մեր նախապատվությունն այն է, որ ավագանու ընտրություններից հետո սահմանադիր ժողով հրավիրվի՝ համապարփակ նոր Սահմանադրության նախագծի վրա աշխատելու համար։
– Հանրապետականները պնդում են, որ Ազգային ժողովն ընտրվել է օրինական ճանապարհով, դա հաստատել են միջազգային կառույցները, և պարտադրանքի ուժով այն չի կարող լուծարվել։
– Ես կրկնում եմ այդ 2 ուղղությունը, որ գոյություն ունի, որ նույն կուսակցության ներկայացուցիչները, որոնք ասում են, որ մինչև ժամկետի վերջ պետք է ծառայի այս Ազգային ժողովը, այդ նույն կուսակցության ներկայացուցիչները կողմ քվեարկեցին պարոն Փաշինյանի վարչապետությանը և կողմ քվեարկեցին կառավարության ծրագրին, որ ասում է՝ պետք է լինեն արտահերթ ընտրություններ։ Այդտեղ է հակասությունը և, հուսով եմ, այդ հակասությունը կլուծվի վերջինի օգտին, որովհետև ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ընտրության միջոցով արձանագրել այսօրվա քաղաքական, քաղաքացիական իրավիճակը։
– Մի խնդիր կա, որից, ենթադրաբար, գալիս է Փաշինյանի մտավախությունը։ Վարչապետը հայտարարել է սահմանադրական նախաձեռնության մասին, որ առանց վարչապետի հրաժարականի՝ ԱԺ-ն կարողանա ինքնալուծարվել, բայց այսօր եթե վարչապետը հրաժարական տա, ԱԺ-ն կարող է նոր թեկնածու առաջադրել և ընտրել վարչապետ, ոչ թե ցրվել։ Դա իրակա՞ն վտանգ եք համարում։
– Ես հիմք չունեմ պատասխանելու, կուզենայի շատ ինքնավստահ «այո» կամ «ոչ» ասել, բայց ես ուղղակի տեղեկություն չունեմ այդ հարցին պատասխան տալու համար։ Ես չգիտեմ, թե վարչապետի դիտարկումն ինչ է, ինչ խոչընդոտներ կան։ Պարզ է, որ ներքին հակասություն կա, այդ հակասությունը քաղաքացու աչքին տեսանելի է, տեսնում ենք դա, և դրա համար այլընտրանքային լուծումներ փնտրում են։ Դրա համար, եթե այս քաղաքային ընտրություններից հետո իրենք կգտնեն այդ ներուժը, ինքնավստահությունը, քաղաքական մշակույթն ու կամքը՝ նստել և հասկանալ, որ կա գործող հանձնառություն, և այդ հանձնառությունը ինչպես պետք է իրագործվի, լավ կլինի։ Իսկ եթե պետք է դուրս գան այդ հանձնառությունից, ուրեմն մենք իսկապես ունենք, եթե փակուղի չասեմ, ապա՝ չլուծված խնդիր, վակուում, որ պետք է լցվի, եթե որևէ մտավախութուն կա կամ հաստատում, որ վարչապետի հրաժարականից հետո չի լուծարվելու այս խորհրդարանը։
Ես հասկանում եմ ամեն մեկի մոտեցումը, ես միայն գիտեմ, որ կա կայացած փաստ, որ այս ժամանակավոր կառավարությունը բազմակուսակցական, թեկուզ իրավիճակային, բայց միջկուսակցական քվեարկության արդյունք է, և նույնպես կառավարական ծրագիրը, որ ասում է՝ արտահերթ ընտրություններ։ Եթե դա իրականություն չէ, եթե դա բոլորի ընդհանուր հայտարարը չէ, ապա առաջիկա շաբաթների ընթացքում պետք է պարզվի և կա՛մ հայտարարվի բոլորին, կա՛մ հարակից քայլերը կատարվեն։
– Այսինքն՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունները պարտադիր եք համարում։
– Այո, պարտադիր և արդեն գործող քաղաքական համաձայնագրի շրջանակներում։ Ես կարծում եմ՝ սա է մատուցվել Հայաստանի հասարակությանը, հայ ժողովրդին՝ որպես հանգուցալուծում, և ամեն մեկը պետք է այդ խոսքի իր բաժնի տերը մնա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում