«Ադրբեջանը գտնում է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար». Վլադիմիր Եվսեև
«168 Ժամի» զրուցակիցն է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը
– Պարոն Եվսեև, վերջին մի քանի օրերի ընթացքում չեն դադարում մտահոգիչ լուրերը հայ–ադրբեջանական սահմանից: Ադրբեջանական կողմը կրկին սկսել է ակտիվորեն գնդակոծել հայկական կողմը և՛ Ադրբեջանից, և՛ Նախիջևանից: Ըստ Ձեզ` այս փուլում ինչո՞վ է պայմանավորված Ադրբեջանի նմանատիպ ակտիվությունը, և ինչի՞ պետք է պատրաստ լինել:
– Նման զարգացումների հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պետք էր սպասել: Պատահական չէր նաև այն, որ վերջերս Նախիջևանում ադրբեջանական կողմը դիրքերի փոփոխման գործողություններ նախաձեռնեց` նոր դիրքեր գրավեց, առաջ մղեց նախկին դիրքերը, դուրս եկավ ուղիղ կրակային դիրքի, կարևոր ճանապարհներն առավ նշանառության տակ: Ուստի ընդհանուր առմամբ սրումը սպասելի էր, այդ հատվածում ակտիվությունը՝ ևս: Նախիջևանի ուղղության պարագայում կխոսեի նաև թուրքական գործոնի մասին, որովհետև Թուրքիան ունի ներկայություն Նախիջևանում, ունի շահեր` ազատ առևտրի գոտի, երկաթուղի, և այլն: Իհարկե, առանց Ադրբեջանի դա տեղի չի ունենում, երկու կողմից էլ կա հստակ հետաքրքրություն:
Թուրքիայի հետաքրքրությունն Ադրբեջանին աջակցելն ու Հայաստանի նկատմամբ ճնշման նոր բաղադրիչ ստեղծելն է, այդ մասին Թուրքիայի նախագահը նաև հրապարակային է արտահայտվում: Կարծում եմ` այս ուղղությունից նախաձեռնվող գործողությունների նպատակը ՀՀ ԶՈՒ ուշադրությունը ԼՂՀ-ից շեղելն է, թուլացնելը ԼՂՀ պաշտպանությունը: Սա ցանկություն է՝ մաքսիմալ կերպով թուլացնել Արցախի պաշտպանությունը, քանի որ չեմ կարծում, թե Նախիջևանից մասշտաբային հարձակում տեղի ունենա: Հայաստանը պետք է կարողանա տվյալներ, փաստեր հավաքել այդ խախտումների մասին, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է պնդի հետաքննական մեխանիզմների ներդրման հարցը, պետք է Ադրբեջանից պահանջել համաձայնություն այս հարցում:
Ծայրաստիճան վտանգավոր է թուլացնել արցախյան ուղղությունը, որը կարող է հանգեցնել 2016 թվականի ապրիլյան պատերազմի կրկնությանը, առանց այն էլ դրա հավանականությունը բավականին բարձր է, չի կարելի թուլացնել Արցախը, պետք է ֆիքսել բոլոր խախտումները տեխնիկական միջոցներով և միջազգային հանրության հետ աշխատանք իրականացնել՝ պահանջելով պատժել իրավիճակի սրման մեղավորներին:
– Կարծիքներ են շրջանառվում, որ Ադրբեջանին ձեռնտու չէ պատերազմը, և Ադրբեջանը պատերազմ չի սկսի:
– Բնականաբար, որևէ երկրի ձեռնտու չէ պատերազմը որևէ երկրի հետ: Բայց պատերազմի վերսկսման հավանականությունը չափազանց բարձր է այն պատճառով, որ Ադրբեջանը ստեղծված իրավիճակը բարենպաստ է համարում, կարծում, որ գուցե չլինի համարժեք պատասխան:
– Շատ վերլուծաբաններ կարծիք են հայտնում այն մասին, որ ադրբեջանական կողմն օգտվում է հայ–ռուսական հարաբերություններում առաջացած խնդիրներից ՀՀ–ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո՝ ձգտելով խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, մեծացնելով ճնշումը` քաղաքական և ռազմական, Հայաստանի նկատմամբ: Ըստ այդ վարկածների` չի բացառվում, որ սիրիական Իդլիբի շուրջ ռուս–թուրքական բանակցություններում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը, այն, որ Իդլիբի շուրջ թուրքական զիջման փոխարեն՝ ռուսական կողմը «թույլ կտա» Ղարաբաղյան ուղղությամբ թուրք–ադրբեջանական առավելություն: Ստեղծված իրավիճակում այս գործոնն ի՞նչ նշանակություն ունի:
– Ընդհանուր առմամբ կբացառեի այդ գործոնի ազդեցությունը: Իդլիբի կարևորությունը շատ մեծ է Թուրքիայի համար: Սրանք միմյանց կապելը շատ սխալ է: Ստեղծված իրավիճակի պատճառներն այլ տեղում պետք է փնտրել: Ինչպես ասացի, ես կարծում եմ, որ այն փոփոխությունները, որոնք ՀՀ-ում են տեղի ունենում, դիտակվում են Ադրբեջանում՝ որպես խիստ դրական, թեև Հայաստանում չեն համաձայնի այս կարծիքին: Խիստ դրական այն իմաստով, որ ՀՀ նոր իշխանությունների ներգրավվածությունը երկրի ներքին գործերում չափազանց մեծ է, Կառավարությունում նոր մարդիկ են հայտնվել, որոնք կառավարման փորձ չունեն:
Ադրբեջանական կողմը հույսեր ունի, որ, եթե այսօր գնա լարման, գուցե նոր դեմքերը, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը չտան անհրաժեշտ պատասխան, չիրականացնեն այն աշխատանքը, ինչը կանեին արհեստավարժ գործիչները: Ադրբեջանը հասկանում է, որ Հայաստանում ներքին խմորումները դեռ կշարունակվեն շուրջ երկու տարի, այս ընթացքը ԼՂ հակամարտության համար չափազանց վտանգավոր է: Այս ընթացքում կարող է կրկնվել ապրիլը, քանի որ Ադրբեջանում կարծում են, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը բարենպաստ է պատերազմ սկսելու համար:
– Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և նման ագրեսիայի դեպքում կարող է դիմել ՀԱՊԿ–ին՝ համապատասխան աջակցություն ստանալու նպատակով: Նման իրավիճակներում այս թեման Հայաստանում շատ է արծարծվում: Մեկ այլ տեսակետի համաձայն, թիրախավորելով հայկական գյուղերը ՀՀ նոր իշխանությունների օրոք՝ Ադրբեջանը ստուգում է ՀՀ նոր իշխանությունների ու ՀԱՊԿ–ի, Մոսկվայի միջև համաձայնությունների, հարաբերությունների ամրությունը: Հայաստանը դեռ չի դիմել ՀԱՊԿ–ին, բայց չի բացառվում, որ ինչ–որ պահի դիմի: Ինչպիսի՞ արձագանք է պետք սպասել ՀԱՊԿ–ից:
– ՀԱՊԿ-ին այս հարցում օգտագործելը դժվար է, ԼՂ հակամարտության հետ կապված հարցերում Ղազախստանը կպաշտպանի Ադրբեջանին: ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեպքը ՀԱՊԿ անդամ երկրների մոտ խիստ բացասական վերաբերմունք է առաջացրել ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: Ուստի ՀԱՊԿ ներուժն այս հարցում օգտագործելու հավանականությունը շատ քիչ է, հայկական կողմն ավելորդ հույսեր չպետք է ունենա:
Սակայն Հայաստանն այլ տարբերակ ունի, կարող է Ռուսաստանի հետ աշխատել լարումը թուլացնելու համար, ՌԴ-ն ՄԽ անդամ է, Հայաստանի գործընկերն է, հայ-ռուսական համատեղ զորամիավորում կա, հայ-ռուսական հարաբերություններում առկա են անհրաժեշտ հիմքեր Ռուսաստանի միջոցով Ադրբեջանի ագրեսիան թուլացնելու համար: ՀՀ-ն պետք է աշխատի նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ սադրանքներ թույլ չտալու համար: Սա առաջնահերթություն է:
Չնայած ՀԱՊԿ-ը չի աջակցի Հայաստանին, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ում այս հարցը պետք է բարձրացնի: Սա պետք է Հայաստանի անվտանգային քաղաքականության մի բաղադրիչը լինի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ստուգումներին, կարծում եմ` Ադրբեջանը դրա կարիքը չունի: Ինչպես ասացի, շատ ավելի կարևոր է այն հանգամանքը, որ Հայաստանի հակառակորդ երկիրն այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում՝ համարում է բարենպաստ ռազմական գործողությունների վերսկսման համար: Ադրբեջանը հիանալի կերպով հասկանում է, թե ինչպիսին կարող է լինել ՀԱՊԿ-ի արձագանքը կամ ՀԱՊԿ-ում ԼՂ հակամարտության հետ կապված հարցի քննարկումները:
– Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Կառավարությունը հիմքեր ունի կարծելու, որ Հայաստանը կպահպանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Որքանո՞վ են հիմնավոր ՀՀ իշխանությունների այս ակնկալիքները:
– Հիմնավոր չեն, չեմ կարծում, որ կպահպանի: Փաշինյանն այս թեմայի շուրջ զրուցել էր Լուկաշենկոյի, Նազարբաևի հետ, Փաշինյանը նրանց կողմից աջակցություն չունի: Խաչատուրովի դեպքը եղել է, իրատեսական է, որ առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովից հետո նախագահությունը կանցնի Բելառուսին, և Հայաստանը կկորցնի այդ պաշտոնը: Բայց Հայաստանը բարձրաստիճան պաշտոն ունի ԵԱՏՄ-ում և պետք է փորձի պահպանել ու օգտագործել այն՝ ի օգուտ Հայաստանի: