
Գերմանիայում գործարկել են ջրածնային վառելիքով աշխատող աշխարհում առաջին գնացքը

Սեպտեմբերի 17-ին երթուղի է դուրս եկել վառելիքի ջրածնային տարրերով աշխատող աշխարհում առաջին Coradia iLint գնացքը, որը միացնում է Բրեմերֆյորդ, Կուկսհաֆեն, Բրեմերհաֆեն եւ Բուկստեհուդե քաղաքները։
Սեպտեմբերի 16-ին նա թեստային երթ է կատարել, որին հետեւել է Ստորին Սաքսոնիայի էկոնոմիկայի եւ տրանսպորտի նախարար Բեռնդ Ալտհուսմանը, ինչի մասին հայտնել է Radio Bremen-ը: Շարժակազմի տանիքի վրա տեղադրված է ջրածնային վառելիքով ցիստեռն եւ վառելիքային տարր: Այն ջրածնի էներգիան փոխակերպում է էլեկտրական հոսանքի:
Գնացքը կարող է զարգացնել ժամում մինչեւ 140 կիլոմետր արագություն: Coradia iLint-ը մեկ լիցքավորմամբ կարող է հաղթահարել մոտավորապես 1000 կիլոմետր, ինչը համադրելի է ժամանակակից ջերմաքարշի աշխատանքի տեւողության հետ:
Փոխադրամիջոցը մշակվել եւ պատրաստվել է Զալցգիտեր գերմանական քաղաքում՝ ֆրանսիական Alstom-ի կողմից, որը գերարագ էլեկտրագնացքների առաջին եվրոպական մշակողն է, նշում է Deutsche Welle-ն: 2021 թվականից նման 14 գնացքներ կանոնավոր երթեւեկություն կկատարեն Բուկստեհուդե-Կուկսհաֆեն երթուղով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: