Ֆրանսիական կողմն ուշի ուշով կհետևի «Վեոլիա ջուր» ընկերության դեմ ծավալվող գործընթացին
168.am-ի աղբյուրները որոշ դրվագներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասին։
Ըստ նույն աղբյուրների՝ Է. Մակրոնի հետ հանդիպումն անցել է բավական լարված մթնոլորտում. ֆրանսիական կողմը խնդրանք է ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հետ կապված։ Բանն այն է, որ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ընթացքում պետք է տեղի ունենան նաև գլխավոր քարտուղարի ընտրությունները, և ֆրանսիական կողմը խնդրել է, որպեսզի հայկական կողմը սատարի ֆրանսիական կողմի թեկնածուին, սակայն Փաշինյանը մանևրել է՝ խուսափելով միանշանակ պատասխանից՝ սակարկելու տեղ թողնելով։ Ֆրանսիական կողմին ակնհայտորեն դուր չի եկել Փաշինյանի այս պահվածքը։
Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Ֆրանսիայի նախագահի հետ նաև խոսակցություն է տեղի ունեցել «Վեոլիա ջուր» ընկերության հարցով։ Ֆրանսիայի նախագահն ասել է՝ եթե հայկական կողմն իսկապես պնդում է և կարող է ապացուցել, որ «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությունը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ապա իրենք չեն խոչընդոտելու օրենքով սահմանված կարգով քննությանը, բայցև հետևելու են՝ արդյո՞ք առաջադրված մեղադրանքներն ունեն պատշաճ հիմքեր։
Ի դեպ, Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպումը պատշաճ կերպով կազմակերպելու համար ՀՀ իշխանությունները դիմել են տեղի Դաշնակցական կառույցների օգնությանը, որոնք որոշակի մարդկանց են մոբիլիզացրել՝ ապահովելով թվով 700 մարդու ներկայություն։
Ֆրանսիական բիզնես ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հանդիպմանը միջին կարգի ընեկերություններ և ձեռնարկատերեր են ներկա եղել, ֆրանսիական խոշոր ընկերությունները բացակայել են։