Իրանը կատարում է ԳՀՀԾ-ի շրջանակում իր ստանձնած պարտավորությունները. Սալեհի
Իրանը կատարում է միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում իր ստանձնած բոլոր պարտավորությունները՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից: Այդ մասին հայտարարել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«2016 թվականի հունվարին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից Իրանը լիովին կատարել է գործարքի պայմանները եւ իր բոլոր պարտավորությունները միջուկային ծրագրի շրջանակում, ինչը հաստատվում է ՄԱԳԱՏԷ-ի բոլոր 12 զեկույցներում: Դա պարզ, անվիճելի ու հանրաճանաչ փաստ է»,- ասել է Սալեհին՝ Վիեննայում ելույթ ունենալով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր խորհրդաժողովի 62-րդ նստաշրջանում:
Նա քննադատության է ենթարկել գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, Վաշինգտոնիի միակողմանի որոշումը համարելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի կոպիտ խախտում»:
Սալեհիի խոսքով՝ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը սպառնալիքի տակ է դրել դրա գոյությունը եւ լուրջ հետեւանքներ կունենա: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը դուրս է գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հետ համաձայնագրից եւ վերականգնում է Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները, այդ թվում՝ պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես են վարում Իրանի հետ:
«Վեցյակի մնացած անդամները դեմ են արտահայտվել ԱՄՆ-ի այդ քայլին: Վաշիգնտոնի եվրոպական գործընկերները հայտարարել են, որ մտադիր են պահպանել Իրանի հետ կնքված գործարքի պայմանները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: