Բաժիններ՝

«Նկատում են ջրի մակերեսին գտնվող մեծ ժապավենները, այդպես հասկանում՝ որ հատվածում եմ, ու փրկում են ինձ…». Իրինա Մկրտչյան

«Սեպտեմբերյան տաք առավոտ է. գնում եմ «Շանթ» հեռուստաընկերություն՝ զրուցելու տեղի լրագրող Իրինա Մկրտչյանի հետ: Իրինան ժպիտով դիմավորում է ինձ ու ասում, որ անսովոր է հարցազրույց տվողի դերում լինել, երբ դու, սովորաբար, վերցնողի դերում ես: Հարցնում եմ՝ ինչն է մեր գործում ամենաբարդը, ասում է՝ ունեցած ժամանակի մեջ տեղավորվելը, որևէ բան չուշացնելը, ամեն բան հասցնելը: Հեռուստալրագրողի պատասխանատու և ժամանակատար աշխատանքը Իրինան մեծ սիրով է անում, միայն ափսոսում է, որ կարդալու ժամանակն է քիչ: Հետո փայլող աչքերով նշում է, որ հենց հիմա պայուսակում երկու գիրք կա՝ Սիրադեղյան և Վոյնիչ: Սպասում է՝ երբ պիտի հասցնի կարդալ: Ընթերցանության հանդեպ սիրո, մասնագիտության ընտրության, ընտանիքի և իր կյանքի առանցքը կազմող մյուս կարևոր երևույթների մասին Իրինայի խոհերը կարդացեք ստորև.

Երբ ես ծնվեցի, գարուն էր՝ մարտը․ ինքս էլ այդ ամսվա պես փոփոխական եմ, խելառ, տաքացող, հագստացող, ինքս ինձ սպառող և հետո լցնող (ժպտում է,-հեղ.):

Մեծացել եմ գյումրվա ամենասովորական ընտանիքներից մեկում, որտեղ և՛վեճեր են եղել, և՛ խոնավ պատեր, և՛ ձեռնոցներով լուսացրած գիշերներ… ամենասովորական տունը, ամենասովորական մարդիկ:

Սպիտակի երկրաշարժի ժամանակ 8 ամսական էի, ջրծաղիկով հիվանդ: Դեպքի նախորդ օրը տատիկս Մոսկվա էր մեկնել, և մենք գնացել էինք նրա տուն ու գիշերել այնտեղ: Մեր տունը փլվել էր ամբողջությամբ, իսկ տատիկիս տան հետևի պատն էր քանդվել միայն: Բայց սա հրաշքով փրկվելուս միակ պատմությունը չէ…

Երկրաշարժից որոշ ժամանակ անց, երբ մոտ երկու տարեկան էի, ընտանիքով Մոսկվա ենք գնում: Մի օր, մեր մի քանի բարեկամների հետ այցելում ենք տեղի գետերից մեկը: Մայրս մեզ հետ չէր, իսկ իմ գլխին մեծ բանտ-ժապավեններ կային: Հնգամյա քրոջս հետ զբոսնելիս ընկնում եմ գետը, և երբ բարեկամներն ինձնից հարցուփորձ են անում, քույրս ասում է՝ գետը տարավ: Հետո նկատում են ջրի մակերեսին գտնվող մեծ ժապավենները, այդպես հասկանում՝ որ հատվածում եմ, ու փրկում են ինձ: Չլինեին ժապավենները՝ չէի լինի նաև ես (ժպտում է,-հեղ.):

Աստծո հետ կապը փոքրուց զգացել եմ։ Այն ժամանակ Նա վերևում ապրող մեկն էր: Հիմա էլ Աստված վերևում ապրող ուժ է, ում ամեն առավոտ շնորհակալություն եմ հայտնում լուսաբացի համար և այն հրաշքների համար, որոնք ինձ տրվել է։

Ինձ համար հրաշք է մարդու ձևավորումը. միտքը՝ ինչպես է ստեղծվում երեխան, ինչպես են ինն ամիսների ընթացքում ձևավորում է մարդու սիրտը, աչքը, ուղեղը… Ստեղծման այս ողջ ընթացքը հրաշք է։

Լավագույն դասը, որ քաղել եմ ծնողներիցս՝ միշտ ներողամիտ լինել և լսել կարողանալ։ Ծնողներս միշտ պատրաստ են եղել լսել ինձ. սխալվել եմ, ընկել եմ, վրիպել եմ, բայց իրենք երբեք չեն հարձակվել ինձ վրա, չեն ասել՝ ասում էինք, չէ՞: Փոխարենը լսել են ինձ և հնավորություն են տվել ուղղելու սեփական սխալս։ Սա եմ վերցրել նրանցից ու պատրաստ եմ նույնկերպ վարվել ինձնից շարունակվողի կամ ցանկացած մեկի հետ՝ հնարավորություն տալ սխալն ինքնուրույն ուղղել։

Լսել կարողանալը, համբերատար լինելը դժվար է, բայց ինձ համար կարևոր երևույթ է։ Մեծերից մեկն է ասել՝ երկու տարվա մեջ խոսել ենք սովորում, բայց մի ամբողջ կյանք է անհրաժեշտ լինում՝ լռել սովորելու համար։ Դա իսկապես այդպես է:

Սիրում եմ մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք կան: Երբեք չեմ փորձում փոխել ինձ շրջապատող մարդկանց, ընկերներիս: Եվ սերն է այն երևույթը, ինչի վրա հիմնված է իմ ամբողջ կյանքը: Ամեն ինչում կարևոր է թեկուզ մի քիչ, մի պտղունց սիրո առկայությունը։

Երկիր մոլորակը բարի գործն է պտտում։ Եվ ոչ նրանք, որոնք ցուցադրաբար են արվում` «բարեգործություն» անվան տակ։ Նկատե՞լ եք, երթուղայինից իջնելիս վարորդին շնորհակալություն հայտնելն ինչպես է փոխում մթնոլորտը, խանութի վաճառողուհուն ուղղված ժպիտն ինչ տրամադրություն է հաղորդում նրան… Բարի գործ է ժպիտ տալը, փոխանցելը, պարգևելը:

Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է սպասված լինել որևէ տեղում, երբ ոչ մի տեղ նրան չեն սպասվում՝ ո՛չ տանը, ո՛չ սիրելի մարդկանց շրջապատում, ո՛չ աշխատավայրում։

Մասնագիտությանս մեջ ինձ շատ լավ եմ զգում։

Ես չեմ ընտրել լրագրությունը. դա ստացվել է ինքնըստինքյան, այլ կերպ լինել չէր էլ կարող: Փոքր հասակում, երբ տարեկիցներս զբաղված էին բակային խաղերով, ես ձեռքիս տակ եղած նվագարկիչով ձայնագրում էի ինձ, պատկերացնում, որ ռադիոյում եմ: Հաճախ քայլում էի փողոցով ու հարցումներ անում, ներկայանում էի ռադիոյի մանկական հաղորդումից, հարցնում եղած խնդիրների մասին ու միշտ վախենում էի, որ կհետաքրքրվեն՝ որ ռադիոյից եմ իրականում (ծիծաղում է,-հեղ.)։ Երբեք չհարցրին, այդպես դարձա լրագրող:

Հոգևոր-մշակութային կյաքիս վրա տարբեր մարդիկ թողել են իրենց ազդեցությունը, բայց գիրքը, որպես այդպիսին, այդ գործում անփոխարինելի դեր է ունեցել: Կարդալ սկսել եմ տառաճանաչ դառնալուց անմիջապես հետո ու թեև ակնոց էի կրում, և ծնողներս հաճախ փորձում էին սահմանափակել կարդալուս ժամերը, կարդում էի միշտ՝ թաքուն, վերմակի տակ: Ինքս էլ որոշել եմ գիրք գրել. առաջին երկու տողը գրել եմ արդեն, մնացածին դեռ սպասում եմ (ժպտում է,-հեղ.):

Կուզեի զրուցելու հնարավորություն ունենալ կարդացածս բոլոր հեղինակների հետ: Որովհետև գրքերից հետո շատ հարցեր են մնում: Հատկապես Բուլգակովին կուզեի հանդիպել: Ախր ինչպե՞ս կարող էր սովորական կամ թեկուզ անսովոր մարդու գլխում ծնվեր մի գիրք, որը չպիտի դադարեր հիացնելուց, վախեցնելուց, քննարկումների առիթ լինելուց…

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ դժվարը հենց այդ պահն է և դա հաղթահարելը, երկրորդ պահն ավելի մեղմ կլինի, պակաս դժվար: Ես չեմ հուսահատվում (ժպտում է,-հեղ.)։ Գիտեմ՝ որևէ բան մնայուն չէ, դժվարություններն անցողիկ են. անցի՛ր ու սովորի՛ր։

Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում մոմ վառելիս.մոմեր վառում եմ նաև տանը։ Հայրական տանս նույնպես նման ավանդույթ կար, մայրս ամեն քննությունիցս առաջ մոմ էր վառում:
Հիմա էլ, երբ սրտնեղած եմ լինում կամ պարզապես ուզում եմ հանգստություն զգալ, մոմ եմ վառում:

Սիրածս եկեղեցին Գեղարդավանքն է։ Հաճախ ենք լինում այնտեղ, լվացվում տեղի ջրով: Սա շատ գեղեցիկ խորհուրդ ունի. ասում են՝ թե եկեղեցու ջրով աչքերդ լվանաս, տեսողությունդ կպայծառանա. կարծում եմ, սա ֆիզիկական տեսողությանը չի վերաբերում, այլ ներսի, մտքի…

Կյանքիս գլխավոր ձեռքբերումն ընտանիքս է՝ իմ երազած, իմ մտքերից ծնունդ առած ընտանիքը, որը բացառապես երկկողմանի աշխատանքի արդյունք է։

Երջանիկ չլինելու պատճառ չունեմ․ շրջրապատված եմ հուսալի մարդկանցով։

Դրախտն իմ պատկերացմամբ այն անկյունն է, որը կա նաև երկրի վրա: Այնտեղ, ուր կա հասկացվածություն ու սեր, դրախտն է։

Ոսկե կանոնը՝ ուրիշների հետ վարվիր այնպես, ինչպես կուզեիր՝ քեզ հետ վարվեն, կյանքիս նշանաբանն է. ես դրանով եմ առաջնորդվում: Չեմ ուզում՝ ինձ փոխեն, ես էլ չեմ փորձում փոխել այլոց, ինչ-որ վատ բան մտածելիս միշտ ինձ եմ պատկերացնում այդ մարդու դերում, և սա ինձ կանգնեցնում է։

Եթե Քրիստոս հիմա գա աշխարh` կլինի այն, ինչ արդեն եղել է. մարդիկ չեն փոխվել։ Չգիտեմ՝ ինչ կանեմ ինքս. պիտի գա, որ իմանամ։ Քրիստոս ասում էր՝ շատերը կգան Իր անունով։ Թե հիմա գա՝ հույս ունեմ խելամիտ լինել և տեսնել գլխավորը․․»․

Զրուցեց՝ Ա. Պողոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս