«Մեզ փռեցին ասֆալտին, նկարահանումներն ավարտեցին ու ասացին՝ կարող եք գնալ». ԲՀԿ ավագանու թեկնածու
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը և ավագանու թեկնածուներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան ոստիկանության տարածած տեսանյութին, ըստ որի՝ ԲՀԿ ավագանու թեկնածուներից մեկը թիկնազորով է շրջում։
Ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը նշեց, որ ոստիկանության տեսանյութում եղել է Մարկոս Հարությունյանը. վերջինս ավագանու յոթերորդ համարն է.
«Նա ֆինանսիստ է, հինգ տարի աշխատել է թաղապետարանում, բայց արդեն օլիգարխ, սափրագլուխ է»։
Ոստիկանության տեսանյութում հայտնված Մարկոս Հարությունյանն էլ ասաց, որ այն իրականությանը չի համապատասխանում: Նա պատմեց, որ երկու օր առաջ, երբ քարոզարշավի շրջանակներում Շենգավիթում է գտնվել, ընկերներն առաջարկել են գալ նախընտրական շտաբ:
«Աջափնյակի ճանապարհին Պռոշյան փողոցում մասկաներով, որքան հիշում եմ՝ ավտոմատներ կային, մեզ, բառիս բուն իմաստով, փռեցին ասֆալտին: Երբ հրահանգեցին կանգնել, ես ձեռքերս պարզած կանգնել եմ, իմ հագին եղել է ԲՀԿ շապիկը, և երբ հարցրել եմ՝ ինչո՞ւ են կանգնացնում, պատասխան չեն տվել: Երկու րոպե պահելուց, նկարահանումները վերջացնլուց հետո ասում են՝ կարող ես գնալ, ազատ ես»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ոստիկանները սխալ են թույլ տվել։
Պետրոս Ղազարյանը նշեց, որ այս դեպքը չենք գնահատում՝ որպես քաղաքական հետապնդում. «Չենք համարում, որ սա մեր քաղաքական ուժի նկատմամբ ճնշում է, բայց գալիս ենք ավելի վատ եզրակացության, քան, եթե ճնշում լիներ մեր դեմ։ Ասում են՝ մարդը երթևեկել է շարասյունով. չկա օրենքում որևէ արգելք՝ շարասյունով երթևեկելու համար։ Եթե Օսիպյանի տրամաբանությամբ գնանք, ապա վաղը Երևանում թաղումներն ու հարսանիքները նույնպես փռվելու են գետնին, որովհետև դրանք ամենաերկար շարասյուներն են»։
Պետրոս Ղազարյանը կոչ արեց Դատախազությանը՝ գնահատել՝ արդյո՞ք իրավաչափ է ոստիկանության աշխատանքը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում